Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 21,2000 00:00

ՄԻԱՅՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐՈ՞Վ ԵՆ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼԻ Հայաստանի Երրորդ Հանրապետության կայուն ավանդույթներից է՝ ո՛չ պաշտոնների նշանակելիս, ո՛չ ազատելիս այդ քայլերի հիմնավորումները հանրությանը չեն ներկայացվում։ Սակավ բացառություններից մեկը դարձավ վարչապետ Արամ Սարգսյանի եւ նրա կառավարության պաշտոնանկությունը, որի առնչությամբ մայիսի 2-ին իր հայտարարության մեջ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես բացատրություն ներկայացրեց մասնավորապես հետեւյալ դրդապատճառը. «Գործադիր իշխանության ներսում տարբեր նախարարների կողմից քաղաքական խաղերը դարձել են կենսակերպ»։ Թե ովքեր են այդ նախարարները հարցին անդրադարձել էր արդեն նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը «Ինտերֆաքսի» թղթակցին մայիսի 4-ին տրված հարցազրույցում։ Այստեղ նա առավել էր ընդլայնել շրջանակը՝ առկա լարվածության եւ ոչ աշխատանքային մթնոլորտի մեղավոր մատուցելով ոչ միայն նախարարների. «Որոշ պետական ծառայողներ, օգտագործելով իրենց տրամադրված պետական լծակները, իրենց անմիջական պարտականություններով զբաղվելու փոխարեն՝ զբաղվում են քաղաքական հարցերով եւ խարդավանքներով, բացահայտ գործունեություն ծավալում երկրի նախագահի դեմ»։ Թղթակցի հարցին, թե ովքե՞ր են այդ մարդիկ, Վահե Գաբրիելյանը պատասխանել էր. «Առաջիկա զարգացումները, կառավարության նոր կազմը պատասխան կտան այդ հարցին»։ Ըստ այդմ, նախագահի հայտարարության մեջ ակնարկված նախարարները Վահան Շիրխանյանը, Վաղարշակ Հարությունյանը, Շահեն Կարամանուկյանը եւ Սմբատ Այվազյանն են։ Նախագահամետ մամուլը նրանց միշտ հավելում էր Տիգրան Հակոբյանի եւ Անդրանիկ Քոչարյանի անունները, որոնք, ինչպես եւ պրն Շիրխանյանը, հեռացան սեփական դիմումների համաձայն։ Ի դեպ, Շահեն Կարամանուկյանը նույնպես, որքան տեղյակ ենք, ինքն էր հրաժարական ներկայացրել՝ չնայած Անդրանիկ Մարգարյանը նրան առաջարկել էր գոնե մի երկու ամիս շարունակել պաշտոնավարել, ընդսմին՝ համոզելու փորձերի մեջ ներգրավել էր անգամ նախկին վարչապետ Արամ Սարգսյանին։ Կառավարության շենքում խարդավանքներով զբաղվողների մասին մշտապես հայտարարող Տիգրան Թորոսյանը մի առիթով լրագրողներին ասել էր, թե չարժե Սմբատ Այվազյանի անունը վերոթվարկյալ անձանց շարքում դնել։ Կարելի է ենթադրել, որ պետեկամուտների նախկին նախարարի պաշտոնանկության պատճառներն ավելի քիչ քաղաքական էին եւ ավելի շատ՝ տնտեսական (խոսքը, մասնավորապես, բյուջեի թերակատարված մուտքերի մասին է)։ Սակայն այս ենթադրությունը պաշտոնական որեւէ հաստատում չի ստացել։ Մինչդեռ մյուսների պաշտոնանկության գերազանցապես քաղաքական բնույթը կասկածի տեղիք չի տալիս։ «Երկրի նախագահի դեմ բացահայտ գործունեություն ծավալելու» որակումը հավասարապես կարող է վերաբերել ե՛ւ Վահան Շիրխանյանին՝ ԵԿՄ վերջին համագումարում արտահերթ նախագահական ընտրությունների անհրաժեշտության մասին նրա կոչերով, ե՛ւ Անդրանիկ Քոչարյանին, որը դեռ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ էր միացել Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկելու վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի նախաձեռնությանը… Իսկ Վաղարշակ Հարությունյանի մասին դժվար կլիներ նույնը պնդել՝ հրապարակավ նա որեւէ քաղաքական հայտարարություն երբեք չի արել։ Սահմանադրությունը եւս մեկ անգամ խախտելով՝ պաշտպանության նախարարին առանց վարչապետի առաջարկության պաշտոնից ազատելով, Ռոբերտ Քոչարյանն ուղղակի իր թիկունքն էր ապահովում։ Սակայն կան նաեւ այլ բացատրություններ, թե ինչով էր բացատրվում այս անձանց պաշտոնանկությունը։ Թերեւս գաղափարական դրդապատճառներ էին գործում Տիգրան Հակոբյանի պարագայում, որը երբեք չէր թաքցրել, թե ազգայնական գաղափարախոսության հակառակորդ է, իսկ Հանրապետական կուսակցությունը հենց այդ գաղափարակիր է ներկայանում։ (Ի նպաստ նախկին իշխանությունների կարող է գնահատվել այս համեմատությունը, որ Դաշնակցության արգելման շրջանում՝ մինչեւ 1996-ն էլ շարունակում էր պաշտոնավարել Երեւանի դաշնակցական փոխքաղաքապետ Վազգեն Պետրոսյանը, արդարադատության նախարարությունից չէր հեռացվում այն վարչության պետը, որ համարձակվել էր «դեմ» լինել կասեցման որոշմանը)։ Մարտի վերջին, ՀՀԿ գործիչների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը վերջիններիս անգամ հանդիմանել էր, թե ի՞նչ քաղաքական մեծամասնություն եք, եթե գաղափարախոսական-քարոզչական աշխատանքները ձեր կառավարությունում ՀՀՇ վարչության անդամ է ղեկավարում։ Պետք է նշել, որ «թասիբիզացիայի» այս փորձն ավելի մեծ հաջողությամբ պսակվեց, քան թե «Միասնության» մարտի 3-ի հայտարարության դեպքում։ Իսկ ընդհանրապես փորձը ցույց է տալիս, որ գաղափարական, քաղաքական եւ նման գործոններից առավել վճռորոշ են անձնական կամ խմբակային շահախնդրությունները։ Թե ինչու էին վերոհիշյալ անձանցից շատերը օտար մարմին դարձել քաղաքական մեծամասնության համար՝ բացատրվում է նաեւ հետեւյալ հանգամանքներով. այդ պաշտոնյաներից մեկը համառորեն մերժել էր իրեն տեղակալ պարտադրելու ՀՀԿ առաջնորդի փորձերը։ Երկրորդը պաշտոնի բերումով համակարգում էր կառավարությանն առընթեր վարչությունների աշխատանքը եւ կարող էր խոչընդոտ դառնալ փողաբեր պաշտոններին յուրայինների նշանակման պարագայում (այս գործընթացի ականատեսն ենք այժմ)։ Սակայն այս առումով առավել հատկանշական է Անդրանիկ Քոչարյանի օրինակը, որ կադրերի հարցերով վարչապետի խորհրդականի եւ կառավարության կադրերի վարչության պետի պարտականությունները կատարելիս չէր բավարարվում սոսկ հաստատողի ընդունված դերով։ Վազգեն Սարգսյանի հետ իր փոխհարաբերությունների շնորհիվ՝ նա կադրային քաղաքականության մեջ իրոք էական դերակատարություն էր ստանձնել։ Բավական թշնամիներ վաստակեց, ասենք, քանի որ իր մատուցած տեղեկատվությամբ արգելապատնեշ էր դառնում ՀՀԿ-ի, ՀԺԿ-ի, ՀԿԿ-ի եւ այլ կուսակցությունների ներկայացրած ցուցակներում ընդգրկված կադրերի համար։ Ամփոփելով, պիտի ցավով նշենք, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության կայուն ավանդույթներից մեկն էլ այն է, որ ոչ պաշտոնների նշանակելիս, ոչ էլ ազատելիս քիչ նշանակություն ունի, թե այդ մարդիկ ինչպե՞ս են աշխատում կամ աշխատել։ Մինչդեռ թվում է, որ գաղափարաքաղաքական, կուսակցական, անձնական եւ նման պատճառները պիտի երկրորդային լինեին, եթե ճշմարիտ են արդեն քանի տարի հնչող այն հավաստիացումները, թե կողմնակից ենք պետական ծառայության մասին հաստատված կանոնների։ Երբ անկարեւոր կլինի՝ տվյալ պաշտոնյաները քաղաքական հենարան ունեն կամ ոչ, թե հարմա՞ր են վերադասի քիմքին կամ ոչ։ Այսուհանդերձ։ Իր վերջին ճեպազրույցում Տիգրան Թորոսյանն ուրախությամբ արձանագրեց, որ կառավարությունում այլեւս նկատելի խարդավանքներով զբաղվողներ չկան։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել