Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 21,2000 00:00

ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից փորձեցինք իմանալ դեսպան Քոլեյնիի ծեծի հանգամանքները ճշտող հանձնաժողովի անդամների ով լինելը, որ փուլում են հանձնաժողովի աշխատանքները, դեսպանը հարցաքննվել է, թե ոչ եւ մի քանի այլ մանրամասներ եւս։ Դեսպանատանը խնդրեցին վերոնշյալ հարցերով անհանգստացնել ոչ թե իրենց, այլ ՀՀ արտգործնախարարությանը։ ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունը տեղյակ չէր հանձնաժողովի աշխատանքների ընթացքին եւ միամտաբար կարծում էր, թե մեզ հուզող հարցերի պատասխանը գիտեն կառավարության լրատվականում։ Կառավարության լրատվականում ողջ օրը միայն մի կին էր աշխատում, նա էլ առհասարակ ոչնչից տեղյակ չէր։ Հավանաբար, միակ ճիշտ քայլը կլիներ կապվել ՀՀ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանի հետ։ ՊԱՊԻԿԻ ԽՆԴՐԱՆՔԸ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը երեկվա ընթացքում Լոռու մարզի իր ընտրատարածքից 460 նամակ է ստացել, կարդացել եւ պատասխանել։ Կենսաթոշակառու Կարեն Հարությունյանն, օրինակ, իր նամակում գրել էր, թե իր ինը տարեկան թոռնիկը դժվարությամբ է միզում եւ խնդրել էր Վիկտոր Դալլաքյանն օգնի, որ թոռնիկը կարողանա միզել։ ՉԳԻՏԵՆՔ՝ ԻՆՉՈՒ Է ԱՅՍՊԵՍ Հայ գրող Գեւորգ Էմինի գերեզմանը, որը նրա իսկ ցանկությամբ իր ծննդավայր Աշտարակում է, Կարմրավոր եկեղեցու բակում, մինչ օրս գերեզմանաքարի չի արժանացել։ Ո՛չ պետությունը, ո՛չ բանաստեղծի ժառանգներն այդպես էլ ժամանակ եւ միջոցներ, կարծես, չեն գտնում։ ՉԻ ԶԱՆԳԵԼ Երեկ «Առավոտի» խմբագրություն եկավ Արմավիրի կենսաթոշակային հիմնադրամի վարչության պետ Գրիշա Արշակյանը եւ հայտնեց, որ նա երեկ մեր խմբագրություն չի զանգել եւ պատգամավոր Հակոբ Հակոբյանից չի բողոքել։ ՄԻՄԻՆՈ Հաշված օրեր են մնացել մինչ այն պատմական պահը, երբ Հայաստանը կդառնա Եվրախորհրդի անդամ։ Շուտով Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ՝ մասնակցելու պատմական նիստին։ Ու եթե իրականանա հայերի վաղեմի երազանքը եւ եվրոպական պետությունների շարքում հայտնվի նաեւ Հայաստանը, ապա դատարկ ձեռքերով գործը գլուխ չի գա։ Ի վերջո, ուրախ առիթի համար հայերը պարտավոր են 200 հոգիանոց սեղան գցել։ Եթե Ադրբեջանն էլ անցնի մեզ հետ միաժամանակ, մի սեղան էլ նա է պարտավոր գցել։ Այ, հենց այստեղ է, որ կովկասյան «թիթիզությունը» գլուխ կբարձրացնի՝ ո՞ւմ սեղանն է ամենաճոխը թեմայով։ Ստրասբուրգում մինչեւ այսօր հրաշքներ են պատմվում վրացիների գցած սեղանի մասին։ Հերթը հայերինն է, գուցե նաեւ ադրբեջանցիներինը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել