Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 21,2000 00:00

ՍԻՐԵԼԻ ՔՈՒՅՐԵՐԻՆ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ՝ ՋԵՐՄ ՈՂՋՈՒՅՆ Թեեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, որը դեռեւս «լրիվությամբ» չի ապաքինվել եւ չի կարողանում հասարակության աչքի առաջ քայլել, կարող էր Ղարաբաղ վերադառնալ շատ ավելի շուտ, սակայն հարմար գտավ (կամ՝ գտան), որ նրա ներկայությունը՝ որպես երկրի սիմվոլի, անհրաժեշտ է խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ընտրությունների նախօրեին պրն Ղուկասյանը դիմեց իր ժողովրդին՝ հայտնելով, թե որքան ուրախ է, վերադառնալով հայրենիք եւ փաստելով, որ «Չնայած շուրջ երեքամսյա իմ հարկադիր բացակայությանը՝ հանրապետությունում ստեղծարար կյանքը ոչ մի րոպե չի դադարել։ Կարծում եմ՝ չեմ սխալվի, եթե ասեմ, որ այդ բացակայությունը ոչ միայն ճնշում էր ինձ, այլ նաեւ հասարակության մեջ պահպանում էր սպասումի ծանր մթնոլորտ»։ Ըստ Ղուկասյանի՝ գտնվեցին մարդիկ, որոնք խաղաղ կյանքի պայմաններում ոչ մի բանի պիտանի չեղան եւ պատերազմական ժամանակների կարոտով լցված՝ հույս էին փայփայում ինքնահաստատման հերթական շանսը ստանալ եւ թաքցնել սեփական մեղքերը։ (Այդպիսի մարդիկ այլեւս չեն կարող ինքնահաստատվել, քանի որ բանտերում նրանց այդ հնարավորությունը ոչ մի կերպ չի ընձեռվում)։ Պատերազմի կարոտով է պրն Ղուկասյանը բացատրում «տարբեր «գործիչների» աննախադեպ ակտիվությունը, որոնք օրեցօր, ամսեամիս հասարակությանը շանտաժի են ենթարկում պատերազմի սպառնալիքով, փորձում անօրինություններն ու պետության դեմ կատարված հանցագործությունները արդարացնել իբր պատերազմի «շնորհած» իրավունքով։ (…) Ոմանց թվում է, թե իրենք պաշտպանում են պատերազմի ակտիվ մասնակիցներին՝ չգիտակցելով, որ ակամա դառնում են պատերազմում հաղթանակ տարած ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների պաշտպանը»։ ԼՂՀ նախագահը «մեծահոգաբար» նշում է նաեւ, որ իրենք «նրանց» հնարավորություն եւ ժամանակ են տվել՝ գիտակցելու կատարվածի տրամաբանությունն ու իրենց գործողությունների էությունը։ («Նրանց» մեջ ամենայն հավանականությամբ չի մտնում Սամվել Բաբայանը, քանի որ, ըստ խիստ հավաստի լուրերի, նրան եւ մահափորձի կատարման կասկածով ձերբակալվածներից 2-ին մահապատիժ է սպառնում, որը, դարձյալ նույն աղբյուրի տվյալներով, անպատճառ կկիրառվի)։ Իր դեմ կատարվածը պրն Ղուկասյանը ոչ մի պարագայում մոռանալ չի պատրաստվում. «Մենք դեռ պետք է տանք յուրաքանչյուր պետական մարմնի եւ յուրաքանչյուր պաշտոնյայի գործունեության գնահատականը. չէ՞ որ ԼՂՀ նախագահի դեմ ահաբեկչության իրականացման հնարավորությունը վկայում է անվտանգության եւ կարգուկանոնի պահպանման կոչված մարմինների նշանակալի բացթողումների մասին։ Կարծում եմ՝ ստիպված ենք լինելու համարժեք արձագանքել այդ հանգամանքին»։ «Սիրելի հայրենակիցներին, քույրերին եւ եղբայրներին» ուղղված իր դիմումում՝ պրն Ղուկասյանը հորդորում է նաեւ, որ, եթե չեն ցանկանում վերակենդանացնել այն կարգերը, որ գոյություն ունեին «մեզ մոտ, ապա պետք է կարողանանք ձեւավորել այնպիսի իշխանություն, որը վերահսկվի ժողովրդի կողմից։ Ցանկացած չվերահսկվող իշխանություն, որպես կանոն, վերասերվում է դիկտատուրայի՝ այս կամ այն ձեւի»։ Նախագահը հատուկ երախտիքի խոսքեր է հղել «հայ արարչագործ բժիշկներին»։ Ընտրությունների ավարտից գո՞հ է պրն Ղուկասյանը։ Այս հարցին խնդրեցինք պատասխանել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար պրն Աթանեսյանին։ Ըստ նրա՝ Ա. Ղուկասյանը՝ տեղական մամուլին տված հարցազրույցում ասել է, որ ուսումնասիրել է բոլոր թեկնածուների ցուցակը եւ կարծում է, որ նոր խորհրդարանը շատ լավն է լինելու։ Նախագահը դեռեւս աշխատում է ոչ թե իր նախագահական նստավայրում, այլ առանձնատանը, քանի որ «քայլել չի կարողանում, ամեն օր պետք է բերեն, տանեն, իսկ դա իմաստ չունի եւ առողջության համար առայժմ ցանկալի չէ»,- պարզաբանեց պրն Աթանեսյանը։ Պատ.՝ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել