ՏԱՐԲԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ Շաղիկ Մարուխյանի խմբագրած «Երկիրը» կուսակցական «ագիտպրոպի օրգան» չէր։ Թերեւս նման ընկալումները չէին համապատասխանում քարոզչության վերաբերյալ Դաշնակցության Հայաստանի գործիչների պատկերացումներին եւ երեկ երեկոյան «Երկիրի» գլխավոր խմբագիրն անակնկալ պաշտոնանկ է արվել։ Պատճառների վերաբերյալ «Առավոտի» հարցին ի պատասխան, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ կանոնագրի համաձայն՝ ԳՄ-ն է ազատում եւ նշանակում իր պաշտոնաթերթի խմբագրին, եւ իրենք օգտվել են այդ իրավասությունից. «Որեւէ այլ մեկնաբանություն չի լինի»։ Առայժմ թերթը ստորագրելու է «Երկիրի» պատասխանատու քարտուղար Համլետ Դավթյանը։ ՈՒՐԻՇԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԸ Երեկվա դրությամբ հայտնի չէր՝ Ալիեւ-Քոչարյան հանդիպումը Մոսկվայում կայացե՞լ է, թե՞ ոչ։ Բայց «Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ երեկ ցերեկը տեղի է ունեցել Պուտին-Քոչարյան- Ալիեւ հանդիպումը։ Առաջին հարցն Ալիեւն ուղղել է Վլ. Պուտինին. «Շա՞տ եք ծանրաբեռնված»։ Պուտինի փոխարեն պատասխանել է Ռ. Քոչարյանը, ասելով, թե մեծ երկրում ծանրաբեռնվածությունը շատ կլինի։ Բայց Վլ. Պուտինը առարկել է, ասելով, թե խնդիրների շատությունը երկրի չափերի հետ կապ չունի։ ՃԵՂՔՈՒՄ ՉԻ՞ ԼԻՆԻ ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում արդյոք ճեղքում չի՞ արձանագրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի այս հարցին, ասել է. «Չեմ կարծում, որեւէ այդպիսի ճեղքում լինի, բայց կարեւոր հանդիպում կլինի այս մեկը, ուղղակի տեսնելու, թե գործընթացն ի՞նչ ուղղությամբ է գնալու»։