Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 20,2000 00:00

ՄԵԿ ԴԵՊՔ՝ ՓՈՓՈԽՎՈՂ ՇՂԹԱՅԻ ՄԵՋ Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանի երեկվա ճեպազրույցից, որ հիմնականում նվիրված էր Ռոբերտ Քոչարյանի առաջիկա այցերին ու հանդիպումներին, ներկայացնում ենք «Առավոտի» հարցերի պատասխանները։ -Ազգային ժողովի էներգետիկ խնդիրների ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության մի հասցեատերն էլ հանրապետության նախագահն էր։ Արդյոք Ռոբերտ Քոչարյանը ծանոթացե՞լ է այդ փաստաթղթին եւ, եթե այո, համամի՞տ է արդյոք հաշվետվությանը հետեւած այն մեկնաբանություններին, որ էներգետիկ չարշահումները կրել են պետականորեն կազմակերպված բնույթ։ – Չեմ կարող ասել՝ զեկույցը մուտքագրվե՞լ է նախագահի աշխատակազմ, թե՞ ոչ։ Նախագահը, բնական է, ընդհանուր ծանոթ է, չգիտեմ, թե մանրամասնորեն հասցրե՞լ է արդեն ծանոթանալ։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք պետական մոտեցման արդյունք է եղել այդ ամենը կամ ոչ՝ կարծում եմ, այդպիսի գնահատական մենք այստեղ չենք կարող տալ։ Քանի որ մի բան է, որ ԱԺ՝ որպես քաղաքական մարմնի, ամբիոնից կարող են հնչել այդպիսի կարծիքներ։ Մի այլ բան է, որ փաստաթղթերն արդեն, ինչքան գիտեմ, փոխանցվել են դատախազություն կամ պիտի փոխանցվեն ու հիմնավորվեն անհրաժեշտ հիմքերով։ Եվ այդ դեպքում դատախազությունը, իրավապահ մարմինները հանձնաժողովի կատարած եզրակացություններին կտան իրավական գնահատական։ – Այս հարցը փոքր-ինչ ուշացած կարող է թվալ, բայց մամուլում շարունակվում են այդ առնչությամբ մեկնաբանությունները։ Խոսքը Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի վաղաժամկետ պաշտոնանկության մասին է։ Պատճառները վերագրվեցին ինչպես երկրապահական շրջանակների հետ նրա շփումների դիմաց նախագահի յուրօրինակ վրեժխնդրությանը, այնպես էլ, թե պրն Սարգսյանը դիվանագիտական աշխատանքն իբր զուգակցել էր գործարարական գործունեության հետ։ Իրականում ո՞րն էր նրան ժամկետից շուտ հետ կանչելու պատճառը։ – Հարցը երեւի մի քիչ ավելի լայն մեկնաբանություն ունի, քան պատասխան։ Չէի ասի, թե ժամկետից շուտ է հետ կանչվել՝ եթե նկատի ունենանք, որ դա պրն Սարգսյանի երկրորդ ժամկետն էր։ Նա Մեծ Բրիտանիայում էր բավական երկար ժամանակ եւ դրա զգալի հատվածը՝ որպես ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Ընդհանրապես, դիվանագիտական պրակտիկայում ընդունված չէ, որ երկիրը ներկայացնող դիվանագետը շատ երկար մնա դեսպանընկալ երկրում, քանի որ վարժվում է այդ երկրին եւ կտրվում է կապը իր երկրի հետ։ Այդ նպատակով, անկախ Արմեն Սարգսյանի պարագայից, Հայաստանի նախագահի կողմից նման քաղաքականություն նույնպես որդեգրված է, որ դիվանագիտական ծառայությունների ժամկետները պետք է հստակեցվեն եւ կանոնակարգվեն։ Այսինքն, դեսպանները չպետք է մնան 5-7 տարի, դեսպանատան աշխատակիցները չպետք է մնան անորոշ երկար ժամանակով։ Այդ ամենը պետք է հստակ կարգավորված լինի։ Արմեն Սարգսյանի՝ դեսպանի պարտականություններից ազատումը, միայն մեկ դեպք է դեսպանների մնացած փոփոխվող շղթայի մեջ։ Եթե ավելի ուշադիր լինեիք՝ հավանաբար կնկատեիք, որ տարվա սկզբից ուրիշ երկրներում նույնպես տարբեր դեսպաններ փոխվել են։ Եվ տարվա ընթացքում էլի կլինեն փոփոխություններ, նրանք, ովքեր երկար են մնացել (իսկ նման դեսպանները բազմաթիվ են՝ Մովսես Աբելյան, Սեւդա Սեւան, Գագիկ Բաղդասարյան եւ այլք- Ա. Ի.), ամենայն հավանականությամբ այս տարվա ընթացքում բոլորը հետ կկանչվեն եւ նրանց փոխարեն կնշանակվեն նոր դեսպաններ։ Դեսպանների նշանակումը դիվանագիտական ծառայության ոլորտում իրականացվող ճշգրտումների, բարեփոխումների մեկ մասն է միայն (…)։ Սա ոլորտ է, որ հետզհետե, քայլ առ քայլ կարգավորվելու, հստակեցվելու է եւ համապատասխանեցվելու այն չափանիշներին, որոնք գործում են այլ երկրներում։ Իսկ թե ինչ մեկնաբանություններ կարող են լինել, չեմ կարծում, որ դրանց բոլորին հարկավոր է անդրադառնալ։ – Հայաստանում Իրանի դեսպանին առնչվող միջադեպի բնույթը, հանգամանքները պարզվե՞լ են։ – Դեսպան Քոլեյնիի հետ կատարված միջադեպի առնչությամբ ստեղծված հանձնաժողովը դեռեւս վերջնական արդյունքներ չի ներկայացրել։ Ամեն դեպքում, ցավալի է, որ ինչ-որ միջադեպ տեղի է ունեցել։ Անկախ դրա բնույթից՝ միջադեպի գոյության փաստն արդեն ցավալի է։ Մենք կարեւորում ենք Իրանի իսլամական հանրապետության հետ մեր հարաբերությունները։ Գտնում ենք, որ Իրանը մեզ համար կարեւոր գործընկեր երկիր է եւ, իհարկե, հուսով ենք, որ միջադեպը ստվեր չի ձգի մեր հարաբերությունների վրա։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Մինսկի խմբի համանախագահող Քերի Քեւինոն վերջին այցելության ժամանակ ասել էր, որ «Ընդհանուր պետության» գաղափարը վերամշակվում է, նոր առաջարկներ են մշակվում։ Այս առնչությամբ մեկ այլ լրատվամիջոցի հարցին ի պատասխան պրն Գաբրիելյանը պատասխանեց. «Նոր բան մեզ պաշտոնապես ներկայացված չէ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել