REUTERS-Ը ԼՂՀ-Ի ՄԱՍԻՆ Reuters գործակալությունը, հունիսի 18-ին հայտնելով, որ խորհրդարանական ընտրությունները ԼՂՀ-ում խաղաղ են ընթանում, նշում է, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը փաստորեն նշանակում է, որ այս ընտրություններում իշխանությանը ոչ ոք իրականում չի հակադրվում: Հաղորդագրության վերջում Reuters-ը գրում է. «Վերջին առաջարկները, որոնցով միջնորդում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը, ենթադրում են, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի մաս միայն ձեւական տեսակետից եւ de facto պահպանելու է իր ինքնիշխանությունն ու սերտ կապերը Հայաստանի հետ: Երկու երկրներում էլ կոշտ գծի կողմնակիցները հակադրվում են այդ առաջարկներին»: ՄՆԱՑԻՆ ՆԱՄԱԿԻՆ ՍՊԱՍՈՂ Աջ (ազատական) ուժերի միության՝ մայիսի 31-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայացած, հավաքում հայտարարվեց, որ Հայաստանում արդեն իրականացվում է գրաքննություն, քանի որ մի քանի տպարաններ հրաժարվել են տպագրել փաստաբան Կարո Կարապետյանի «Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկման հիմքերը» գիրքը։ «Առավոտը» փորձեց տեղեկանալ ձեռագրի ճակատագրով, եւ պարզվեց, որ հեղինակը, ստանձնելով հրատարակման ծախսերը, միջնորդության խնդրանքով երեկ նամակով դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Էդվարդ Միլիտոնյանին եւ սպասում է պատասխանի։ ՉԻՆԱԿԱՆ ԱՆԵԿԴՈՏ Կոմունիստական կուսակցության առաջին դեմքը մի խումբ կոմունիստ ընկերների հետ երեկ մեկնեց Չինաստան։ Նախագահ Քոչարյանը՝ Մոսկվա։ Ամենայն հավանականությամբ Վլադիմիր Պուտինի հետ նախագահ Քոչարյանը կրկին չի խոսի «Ռ.-Բ.»-ի մասին, կգա եւ կասի, թե այդ հարցն օրակարգում չկար։ Հետաքրքիր է, կոմունիստները դրանից հետո ե՞ւս կշարունակեն սիրել նախագահին։