Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 17,2000 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ Սկիզբը թիվ 98, 103 Մեկ անգամ եւս ակնհայտ դարձավ, որ 1991-1994թթ. պատերազմում հաղթանակը բավականաչափ ծանր գնով էր ձեռք բերվել հայ հասարակության համար: Ինչպես արդեն նշել էինք, բանակը եւ, որոշ չափով, նաեւ ուժային կառույցները արտոնյալ դիրք էին գրավում մնացած պետական հաստատությունների հանդեպ, քանի որ պատերազմում կրած հաղթանակը եւ երկրում անարխիայի կանխումը առաջնահերթ էր համարվում, քան մյուս բոլոր խնդիրները: Պետությունը նաեւ որոշակի տնտեսական ապահովություն շնորհեց մարտի դաշտից վերադարձած ղարաբաղյան պատերազմի վետերաններին՝ նրանց զանգվածային գործազրկությունից, չքավորությունից եւ դժգոհությունից խուսափելու նպատակով: Վետերանները շարունակեցին կազմակերպված մնալ եւ վերահսկում էին մի շարք կարեւոր տնտեսական կառույցներ, որով էլ պայմանավորված էր նրանց ուժը եւ ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքում: 1996թ. նրանք միավորվեցին խորհրդարանական մի փոքր խմբում, որը, 1998թ. փետրվարին, «Հանրապետություն» խմբակցությունից պատգամավորների հեռանալուց հետո, վերածվեց խորհրդարանական մեծամասնության: 1996թ. քաղաքական ճգնաժամի եւ իր ժողովրդականության կորստի պատճառով թուլացած նախագահ Տեր-Պետրոսյանը անկարող էր դիմակայել այդ գործընթացին: Արդյունքում, պատերազմի վետերանների միությունը դարձավ երկրի հզորագույն քաղաքական ուժը: Վազգեն Սարգսյանը դարձավ վետերանների «Երկրապահ» միության առաջնորդը, որը, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, փոխարինեց ՀՀՇ-ին՝ որպես կառավարող ուժ: Տրիումվիրատ Որքան էլ հետաքրքիր է, անցյալում կատաղի քննադատության ենթարկված, նախկին իշխանությունների կողմից վարվող տնտեսական լիբերալ քաղաքականությունը չմերժվեց: Պատերազմը լուրջ ազդեցություն էր թողել Հայաստանի անցումային քաղաքականության տրամաբանության վրա եւ քաղաքական ճոճանակը արդյունքում շեղվեց հետխորհրդային հասարակությանը բնորոշ օրինաչափություններից: Հիմնական մարտահրավերը բխեց ոչ թե ձախից, ինչպես հետկոմունիստական անցումային շրջանի շատ երկրներում, այլ նացիոնալիստներից, որոնք մեղադրում էին Տեր-Պետրոսյանի կառավարությանը անարդյունավետության, կաշառակերության եւ ընդդիմության ու սփյուռքի հետ համագործակցելու անկարողության համար: Բերվում էին փաստարկներ այն մասին, որ եթե այդ սխալները շտկվեին, անհրաժեշտ չէր լինի զիջումներ անել Ադրբեջանին: Նրանք նաեւ հավատացած էին, որ դաշնակների եւ սփյուռքի հետ համագործակցությունը կարող էր տարեկան մինչեւ 500 միլիոն դոլարի հասցնել Հայաստանին ցուցաբերվող օգնությունը: Նրանք պնդում էին, որ կաշառակերության դեմ պայքարը, հարկային օրենքների պարտադրումը եւ վարչական կարգապահության ուժեղացումը կտրուկ կբարձրացնեին օտարերկրյա ներդրումների մակարդակը: Հետեւաբար, ենթադրվում էր, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական դժվարությունները եւ բարեփոխումների ձախողումը որեւէ առնչություն չունեին Ադրբեջանի հետ հակամարտության չլուծված խնդրին եւ, որ այդ դժվարությունները կարելի էր հաղթահարել բարեփոխումների կուրսը շտկելու միջոցով: Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Քոչարյանը, որպես հաղթանակած իշխող կուսակցության նախագահական թեկնածու, մասնակցեց նախագահական արտահերթ ընտրություններին, վերը նշված գաղափարները հռչակելով որպես իր նախընտրական պլատֆորմ: Վայելելով ղարաբաղյան պատերազմի հաղթանակի հիմնական կերտողներից մեկի համբավ եւ Հայաստանի ներքաղաքական խարդավանքներից չվնասված հեղինակություն՝ Քոչարյանը լավագույնս համապատասխանեց Տեր-Պետրոսյանի «դավաճանական» քաղաքականության շուրջ ծավալված քաղաքական վիճաբանություններից արթնացած հասարակության ազգայնական զգացմունքներին: Քոչարյանի աջակիցների բանակն էլ ավելի մեծացավ, երբ նա վերացրեց դաշնակցական կուսակցության գործունեության արգելքը եւ կուսակցության առաջնորդներին ազատեց կալանքից: Քոչարյանը ստացավ նաեւ «Երկրապահ» միության աջակցությունը, որն այդ պահին ձեւավորել էր քաղաքական թեւ՝ ի դեմս Հանրապետական կուսակցության, ինչպես նաեւ մի քանի այլ խմբերի: Այնուամենայնիվ, ընտրություններում նա բավականին դժվարությամբ հաղթեց: Կարեն Դեմիրճյանը, որը 1974-1988թթ. ընթացքում Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդն էր, անսպասելիորեն հանդես եկավ որպես չափազանց հզոր հակառակորդ: Ընտրական զանգվածի մի ստվար հատված ցնծությամբ ընդունեց նրա վերադարձը, քանի որ կարոտով էր հիշում նրա՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ լինելու ժամանակաշրջանը, երբ կյանքի մակարդակը անհամեմատ բարձր էր: Շատերը հարեցին նրան նաեւ ձախ-կենտրոնամետ գաղափարախոսության եւ վառ անհատականության պատճառով: Քոչարյանին հաջողվեց հաղթել նախագահական ընտրությունների միայն երկրորդ փուլում: Մեկ անգամ եւս խախտումների արձանագրումն ստվեր նետեց ընտրությունների վրա: Սակայն, ի տարբերություն 1996թ., նրանք որեւէ ազդեցություն չունեցան քաղաքական իրավիճակի վրա, որովհետեւ Դեմիրճյանը չդիմեց ցույցերի եւ նույնիսկ չբողոքարկեց ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում: Քվեարկությունը բացահայտեց նաեւ, որ, չնայած բնակչության զգալի սոցիալիստականացմանը, նացիոնալիստական տրամադրությունները գերակայեցին: Այն, ինչը մատուցվում էր Քոչարյանի կողմից որպես նրա վճռորոշ առավելություն, այսինքն՝ որեւէ քաղաքական կուսակցության շահերից զերծ մնալը, իրականում դարձավ նրա հիմնական թույլ կողմը: Քանի որ Հայաստանի քաղաքական կառույցների համար Քոչարյանը դրսեցի էր, նա ստիպված էր հենվել ազդեցիկ եւ խարիզմատիկ քաղաքական դեմքերի վրա, որոնց հավատարմությունը նախագահին չափազանց կասկածելի էր: Սա էլ ավելի թուլացրեց քաղաքացիական ինստիտուտները եւ ուժեղացրեց ուժային կառույցների դերը, քանի որ Քոչարյանին չէր մնում ոչ այլ ինչ, քան հենվել միայն դրանց վրա: Վերջիններս էլ ավելի ինքնիշխան կարգավիճակ ստացան պետության ներսում: Դրա հետեւանքով, ի հայտ եկավ դե ֆակտո տրիումվիրատ՝ նախագահ Քոչարյանի, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Ընդդիմության որոշ առաջնորդների ներգրավումը իր վարչակազմում նույնպես դարձավ սեփական քաղաքական հենարանի ուժեղացման ուղղությամբ Քոչարյանի ռազմավարություն: Այս քայլը զգալիորեն թուլացրեց քաղաքական լարվածությունը երկրում, սակայն, միեւնույն ժամանակ, էլ ավելի բարդացրեց միասնական պետական քաղաքականության ձեւավորումը եւ իրականացումը: Քոչարյանը լիբերալ տնտեսագետ Արմեն Դարբինյանին նշանակեց ՀՀ վարչապետ, որն ազդանշան էր, որ ազատական տնտեսական բարեփոխումները եւ արեւմտյան ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը շարունակվելու է: Սակայն, Դարբինյանը նույնպես չէր վայելում քաղաքական կուսակցությունների աջակցությունը եւ, որն ավելի կարեւոր էր, խորհրդարանական մեծամասնությունը, կարծես, դժկամությամբ էր համագործակցում նրա հետ, այն էլ միայն Քոչարյանի եւ Վազգեն Սարգսյանի պարբերաբար միջամտելուց հետո: Դրան հաջորդած տնտեսական եւ քաղաքական գործընթացները չարդարացրին նոր իշխանությունների ակնկալիքները: Չնայած 1998թ. Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամը չազդեց Հայաստանի ֆինանսական կայունության վրա, այնուամենայնիվ, այն լուրջ վնաս հասցրեց երկրի տնտեսությանը: Սոցիալ-տնտեսական իրավիճակը ծայրաստիճան վատթարացավ: «ԱրմենՏել» ընկերության (հեռախոսակապի սակա-գների ճգնաժամը) եւ Երեւանի կոնյակի գործարանի սեփականաշնորհման հակասական գործարքները խիստ քննադատության արժանացան ընդդիմության կողմից: Նորընտիր նախագահի դիրքերը սկսեցին թուլանալ: Ստվերային տնտեսության դեմ պայքարի հայտարարված քաղաքականությունը հանգեցրեց միայն ավելի խիստ հարկային եւ մաքսային քաղաքականության: Չնայած կառավարության կողմից սփյուռքին ուղղվող ազդակներին, սփյուռքի կողմից ֆինանսական աջակցությունը իրականում նվազեց: Տնտեսական իրավիճակի վատթարացումը ամենեւին չէր համապատասխանում հասարակության սպասելիքներին, որոնք կապված էին Տեր-Պետրոսյանի իշխանության տապալման հետ: Նախկին իշխող կուսակցությունը սկսեց օգտվել այն փաստից, որ Քոչարյանի իշխանությունը չի հասել որեւիցե շոշափելի բարելավման եւ քննադատեց Քոչարյանին ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի հետ փոխզիջման հասնելու նրա դժկամության համար: Քոչարյանը սա ընդունեց որպես լրջագույն սպառնալիք իր քաղաքականության եւ դիրքերի նկատմամբ եւ իրեն հավատարիմ ՀՀ ազգային հեռուստատեսության եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով անողոք քարոզարշավ սկսեց ՀՀՇ-ի դեմ: 1998թ. վերջին ՀՀՇ նախագահ Վանո Սիրադեղյանի դեմ մեղադրանք հարուցվեց՝ ներքին գործերի նախարարության համակարգում գաղտնի խումբ կազմավորելու համար, որին կասկածում էին մի շարք սպանությունների կատարման գործում: Դրամական միջոցների յուրացման համար մեղադրվեց եւ ձերբակալվեց նաեւ կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանը՝ ազգայնականների ամենախիստ քննադատներից մեկը, որը պաշտպանում էր Ադրբեջանին առավել արմատական զիջումների գաղափարը եւ վիճարկում էր սկզբնական դասարաններում հայերի եղեռնի մասին ուսուցումը: Այս բոլոր մեղադրանքները ժխտվեցին ՀՀՇ-ի եւ հարակից ուժերի կողմից եւ դիտվեցին որպես քաղաքական վրեժխնդրության եւ ճնշման ձեւ: Երկրի քաղաքական մթնոլորտը էլ ավելի թունավորվեց խորհրդավոր հանգամանքներում մի շարք ակնառու պաշտոնյաների, ինչպես, օրինակ, գլխավոր դատախաղի եւ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններով: Ցնցումը մեծ էր, քանի որ 1994թ. դեկտեմբեր ամսից ի վեր հանրապետությունում որեւէ ակնառու հասարակական դեմքի սպանություն չէր գրանցվել: Այնուամենայնիվ, առավել լուրջ լարվածությունն առաջացավ հենց տրիումվիրատի ներսում ծնված անհամաձայնություններից, որը, ըստ որոշ տեսաբանների, սպանությունների այս նոր ալիքի պատճառն էր: Համենայն դեպս, տարաձայնությունների հետեւանքներից մեկը ակնհայտ էր. գործադիր իշխանությունն էլ ավելի թուլացավ, ինչը նպաստեց ուժային կառույցների քաղաքական ինքնուրույնության եւ ազդեցության աճին: Իշխանական թիմի տրոհումը իր հետեւանքներն ունեցավ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ղարաբաղում, որտեղ Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի ազդեցիկ հրամանատար Սամվել Բաբայանը մարտահրավեր նետեց Հայաստանի իշխանությունների հովանավորությունը վայելող Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի վարած քաղաքականությանը: Վազգեն Սարգսյանի մերձակա շրջապատից որոշ պաշտոնյաների սպանությունները եւ իրավապահ մարմինների կողմից այդ սպանությունների բացահայտման անկարողությունը էլ ավելի մեծացրին լարվածությունը: Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ աննախադեպ հայտարարությամբ, որով քննադատեց ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությանն ու դատախազությանը եւ պահանջեց պատշաճ ձեւով կատարել իրենց պարտականությունները: 1999թ. մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունները եւ համակեցությունը Ահա այսպիսի համատեքստում սկսվեց Հայաստանի խորհրդարանի՝ Ազգային ժողովի նախընտրական արշավը: Այդ պահին արդեն անհնար էր ազգայնական հռետորությամբ փարատել հիասթափությունը կառավարության ազատական տնտեսական քաղաքականության հանդեպ: Նախագահական ընտրություններում հաղթանակին չափազանց մոտ կանգնած Դեմիրճյանի կողմից ձեւավորված ձախ-կենտրոնամետ քաղաքական շարժման ժողովրդականությունը գագաթնակետին հասավ եւ խորհրդարանական նախընտրական արշավում ակնհայտորեն զբաղեցրեց առաջատար դիրք: Քվեարկությունը ցույց տվեց հասարակության կարծիքի կտրուկ շեղում դեպի ձախ՝ սոցիալիստական բեւեռ: Անսպասելիորեն, «սոցիալիզմը» դադարեց հանդիմանական տերմին լինելուց, երբ բոլորը սկսեցին բացահայտ կարոտով հիշել «Դեմիրճյանի ժամանակները»: Նման իրավիճակում Վազգեն Սարգսյանը, որի քաղաքական դիրքը խարխլվել էր՝ «տրիումվիրատի» մյուս երկու անդամների նկատմամբ աճող լարվածության, ինչպես նաեւ՝ «երկրապահների իշխանության» նկատմամբ հասարակության դժգոհության պատճառով, նախաձեռնեց իրավիճակը արմատապես փոփոխող քայլ: Բարդագույն խորհրդակցություններից հետո, ընտրարշավում նա անսպասելիորեն դաշինք կնքեց Քոչարյանի գլխավոր հակառակորդ՝ Կարեն Դեմիրճյանի հետ: Այս դաշինքը, որը կոչվեց «Միասնություն», հաղթական քայլ հանդիսացավ, քանի որ միավորեց Դեմիրճյանի ժողովրդականությունը եւ իշխանության տարբեր մակարդակների նկատմամբ Վազգեն Սարգսյանի վերահսկողությունը: ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ (Շարունակելի) Վերլուծությունը գրվել է 2000 թվականի մարտին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել