Պաշտպանվի՛ր, եթե պաշտոնյա ես Իզուր էլ հասարակ մահկանացուները դժգոհում են, թե անպաշտպան են։ Իրականում մեր պետության մեջ անպաշտպան են բոլորը՝ վերեւից ներքեւ։ Թերեւս ամենապաշտպանվածը նախագահն է։ Մնացած պետական պաշտոնյաները նույնքան անպաշտպան են, որքան մեզանից յուրաքանչյուրը։ Նրանք սովորաբար պաշտոնավարում են այնքան ժամանակ, քանի դեռ «շեֆին» հարմար են կամ՝ քանի դեռ «շեֆը» չի փոխվել։ Հենց որ վերեւի օղակում փոփոխություն է տեղի ունենում, վարակի պես փոփոխության ալիքը հասնում է ներքեւներին։ Սկսվում է մի իսկական խառնաշփոթ, քարտուղարուհուց սկսած՝ մինչեւ տեղակալներ, շախմատի քարերի պես, տեղափոխվում են։ Գալիս են նորերը եւ գործը փորձում են նորից սկսել։ Ո՞ւմ է հետաքրքիր, որ արդեն կայացած աշխատանքային ավանդույթներ կան, որ մարդիկ տարիների վաստակ եւ ներդրում ունեն։ Հնարավոր է, այս ամբողջ խառնաշփոթը նրանից է, որ առայժմ պետական պաշտոնյայի մասին համապատասխան օրենք չունենք։ Կա միայն նախագիծը, որը, Աստված գիտի, երբ օրենք կդառնա։ Բայց եթե դառնա էլ, առանձնապես օրինապաշտությամբ չփայլող մեզանից յուրաքանչյուրի համար դա ի՞նչ է որ։ Պարզապես բողոքի դիմումով դատարան դիմող պաշտոնյաների թիվը կավելանա։ ՀՀ զբաղվածության ծառայության համակարգը ստեղծվել է 1992 թ. «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո։ 1997-ին սոցապ նախարարության ենթակայությամբ ստեղծվեց Աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայությունը։ Ծառայության 51 տարածքային կենտրոններն ամբողջ հանրապետությունում զբաղվում են աշխատանքի եւ զբաղվածության խնդիրներով։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ զբաղվածության ակտիվ քաղաքականությունն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է կառավարման ապակենտրոնացում։ Դրանով ենթադրվում է վերադասի անհարկի միջամտության բացակայություն իրականացվող օպերատիվ աշխատանքին։ Սակայն ո՞ր ՀՀ նախարարը կուզի, որ իրենից դուրս ինչ-որ կառույց գործի։ Աշխատանքի եւ զբաղվածության ծառայության ղեկավար Գագիկ Բլեյանը բազմաթիվ նախարարների հետ է աշխատել՝ Աշոտ Եսայան, Ռաֆիկ Բագոյան, Հրանուշ Հակոբյան, Գագիկ Եգանյան, Ռազմիկ Մարտիրոսյան, Արարատ Մկրտչյան, հետո նորից՝ Ռազմիկ Մարտիրոսյան։ Վերջինիս հետ կարծես թե ջուրը նույն առվով չի ուզում հոսել։ 1999-ի հուլիսից ծառայությունն անընդհատ ստուգումների մեջ է։ Ստուգումներ են իրականացրել ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը, ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունը (երկու անգամ), ՀՀ դատախազությունը։ Նորմալ է, իհարկե, որեւէ պետական հաստատություն պետք է ժամանակ առ ժամանակ ստուգվի։ Բայց, աշխատակիցների վկայությամբ՝ մեկը դեռ չհեռացած, մյուս ստուգողն էր գալիս։ Եվ որքան էլ տարօրինակ է, թեպետ ոչ մի լուրջ, էական խախտում չէր հայտնաբերվում, բայց ստուգում էին ու ստուգում։ Ընթերցողին չծանրաբեռնելու համար ստուգման արդյունքների եւ դրանց մասին ծառայության առարկություններին չանդրադառնանք։ Բայց կրակն առանց ծխի չի լինում։ Վերջերս սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը վերջապես ասել է այն, ինչ հավանաբար մտադիր էր անել դեռ մեկ տարի առաջ։ Նա առաջարկել է ծառայության ղեկավար Գագիկ Բլեյանին դիմում գրել եւ հեռանալ աշխատանքից։ Գագիկ Բլեյանի ասելով, նախարարն իր այս առաջարկը որեւէ կերպ չի պատճառաբանում։ Իսկ իր՝ Բլեյանի կարծիքով. «Ծառայությունը բնականոն աշխատում է, բազմաթիվ գործեր են արված։ Հիմա էլ զբաղվածության քաղաքականությանն աջակցելու նպատակով իրականացվում է երկու ծրագիր «Տասիս» կազմակերպության եւ շվեդական կառավարության կողմից։ Ծրագրի իրականացման արդյունքում ենթադրվում է համակարգի տեխնիկական զինում, աշխատանքի կազմակերպման կատարելագործում»։ Գագիկ Բլեյանը նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի առաջարկը աշխատանքը թողնելու եւ հեռանալու վերաբերյալ, առայժմ չուզեց մեկնաբանել, թեպետ ակնարկեց, թե ինքն ասելիք ունի։ Մ. ԵՍԱՅԱՆ