Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 17,2000 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՉԵՆ 98-ի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից մեկը ՀՀ Սահմանադրության բարեփոխումն էր։ Ռ.Քոչարյանի նախագահ դառնալուց հետո Պ.Հայրիկյանը գլխավորեց նախագահին կից սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը։ Քաղաքական կուսակցություններից եւ մասնագետներից կազմված լինելով, մեկ տարուց հետո այն լուծարվեց՝ նախագահի համար անբարենպաստ իր կողմնորոշումների պատճառով։ Հանձնաժողովում աշխատող քաղաքական գործիչներն իրենց պատկերացումներն ունեին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որոնք չէին համընկնում Ռ.Քոչարյանի շահերի հետ։ Նրանք նախագահի լիազորությունների կրճատման կողմնակից էին։ Ինչեւէ, նոր եւ մասնագիտական հանձնաժողովի անդամների մեծ մասը պաշտոնյաներ են, եւ նրանց կողմնորոշումը ավելի դյուրին էր պայմանավորել Ռ.Քոչարյանի նկրտումներով։ Նախկինի համեմատ այս նորը գործում է լիակատար գաղտնիության պայմաններում՝ երբեմն-երբեմն միայն սուղ տեղեկատվություն տալով, թե այսինչ հանձնաժողովը նիստ արեց եւ ընդամենը։ Մասնագետներն ավելի քան մեկ տարի ի մի են բերում նախորդի առաջարկած փոփոխությունները, որոնք արդեն ավարտին էին հասցվել։ «Միասնությունն» էր, որ երբեմն-երբեմն հիշում էր սահմանադրական փոփոխությունները՝ իհարկե, երբ նեղն էր ընկնում, եւ երբ նախագահի լիազորությունների սահմանափակումը կենսական անհրաժեշտություն էր դառնում սեփական շահերի տեսանկյունից։ Բայց որքան ջերմանում էին Անդրանիկ Մարգարյանի հարաբերությունները, այնքան սահմանադրական փոփոխությունների պահանջը երկրորդ պլան էր մղվում։ Այսօր սահմանադրական փոփոխությունները այլեւս օրախնդիր չեն։ Չեն շտապում ոչ նախագահ Քոչարյանը, ոչ էլ խորհրդարանը։ Այս իմաստով եւ նախագահին կից գործող հիշյալ հանձնաժողովն է պարապուրդի մեջ, եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովը։ Համենայն դեպս, հակառակի մեջ համոզվել մեզ չհաջողվեց։ Նախագահին կից հանձնաժողովի անդամները բացի այն, որ խիստ զբաղված են, նաեւ լիազորված չեն խոսել այդ մասին։ Պարզվում է, որ Ռ.Քոչարյանը նրանց հորդորել է որեւէ տեղեկություն չտալ հանձնաժողովում կատարվող աշխատանքների եւ, առավել եւս, հնարավոր փոփոխությունների մասին, քանի դեռ այդ փոփոխությունները «ի մի չեն բերվել»։ ԱԺ-ում այս թեմայի վրա տաբու չկա, միայն թե սահմանադրական փոփոխություններն այստեղ օրակարգային չեն, թեեւ կոմկուսը վաղուց է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել, որի շրջանառության մեջ լինելու պարտադիր ժամկետն արդեն վաղուց լրացել է։ Ինչ վերաբերում է «Միասնությանը», ապա վերջինս, որ իբր վաղուց է աշխատում սահմանադրական փոփոխությունների օրենսդրական նախաձեռնության վրա, այն անգամ շրջանառության մեջ չի դրել։ Այլ նախաձեռնություններ առայժմ չկան։ ԱԺ-ում ոմանք, թերեւս, ուրախ են սրա համար, որովհետեւ այսօր Ռ.Քոչարյանի դիրքերն ամուր են, եւ նա կարող է ԱԺ-ի վզին փաթաթել սեփական տարբերակը։ Իհարկե, ոմանք էլ պնդում են, որ որոշակի մտավախություն ունի նաեւ Ռ.Քոչարյանը եւ չի շտապեցնում իր հանձնաժողովի աշխատանքները։ Նա վստահ չէ, թե այս ԱԺ-ն չի «ձեւի» իր առաջարկած փոփոխությունները եւ չի սահմանափակի նախագահի լիազորությունները։ Ի վերջո, հայտնի է, որ խորհրդարանական ուժերը մտադիր են ընդլայնել օրենսդիր մարմնի իրավասությունները ոչ միայն վարչապետի եւ նախարարների նշանակման հարցում, այլեւ հավակնում են նախագահի նշանակած դատավորներին հաստատելու լիազորություն ունենալ։ Ստացվում է, որ սահմանադրական փոփոխությունները գործնական ռելսերի վրա չեն դրվի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահն ու օրենսդիրները չեն հաղթահարել փոխադարձ երկյուղներն ու անվստահությունը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել