Արշակ Սադոյանը Հայաստանի եւ, ինչո՞ւ չէ, նաեւ ԱՊՀ-ի մասշտաբով ամենանշանավոր պոպուլիստը ողջ ռադիոլսող հանրության առաջ համոզում էր հանրապետության նախագահին՝ գալ Ազգային ժողով եւ պատասխանատվություն վերցնել Անդրանիկ Մարգարյանի կառավարության ծրագրի եւ, հետեւաբար, գործունեության համար: Բայց Քոչարյանը չի կարող դուրս գալ 98-ի իր սեփական պոպուլիստական խոստումների տակից /ասենք, 2001 թ. աղետի գոտի երեւույթը վերացնելու մասին/: Էլ ինչի՞ համար նա պետք է պատասխան տա Մարգարյանի կառավարության սին խոստումների համար՝ աշխատավարձը կրկնապատկելու եւ բյուջեի ճեղքվածքը փակելու մասին: Գագիկ Թադեւոսյանը Կապիտալիստական գայլաձկների նկատմամբ զարմանալիորեն հանդուրժող վերաբերմունք ցուցաբերեց ամենապոպուլիստական կուսակցության՝ Կոմկուսի կենտկոմի անդամը: Պրն Թադեւոսյանը միանգամայն բարյացակամ գտնվեց միջազգային իմպերիալիզմի դավերը Հայաստանի դեմ իրականացնող Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի նկատմամբ: Նման առիթներով պրն Թադեւոսյանի անմահ առաջնորդի կինը՝ Նադեժդա Կոնստանտինովնան ասում էր. «Դա պարտավորեցնում է, որ կանոնավոր հարաբերություններ ստեղծեք տղաների եւ աղջիկների միջեւ: Ամենից առաջ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր պիոների համար պարզ լինի նպատակը»: Արդյոք դրանք համընկնո՞ւմ են Համաշխարհային բանկի ծրագրերի նպատակների հետ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ