ՎԵՐԱԹԱՂՈՒՄՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ Քանի որ առաջիկա մեկ ամսում նոր վերաթաղում, լաց ու կական կարծես թե չի նախանշվում, ուստի այդ բացը երեկ գոնե մասամբ լրացնելու հաջողված փորձ արեց Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը։ «Առավոտը» հրավեր էր ստացել մասնակցելու… «Հնչակյան 20 կախաղանների 85-րդ տարեդարձին նվիրված երեկոյին»։ Ողբալու, անհուն վիշտ ու թախիծ ապրելու անհագուրդ ցանկությունը հնչակյան կուսակցության ղեկավարներին ստիպել էր ներկաներից արցունք կորզելու բոլոր միջոցներն օգտագործել. հրավիրված էր կամերային նվագախումբ, ասմունքող, որը լալահառաչ ձայնով եւ մեծ կրքով կարդաց Սեւակի «Անլռելի զանգակատան» այն հատվածը, ուր հեղինակը նկարագրում է հայ օրիորդների հանդեպ թուրք ասկյարների բռնությունները՝ սադիստական մանրամասներով, մանուկների եւ հայ քանքարների գլուխները հայրենի քարերով ջարդելու տեսարանները։ Ասմունքողը, որի անունը Կարեն Միրզոյան էր, ջանք չխնայեց ներկաներին փշաքաղեցնելու աստիճանի որոտուն ձայնով ներկայացնելու պոեմի վերոնշյալ հատվածը։ Ներկաները հիացած էին եւ անզուսպ ծափահարում էին։ Ընթերցանությանը հաջորդեց տխո՜ւր մի երաժշտություն։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչու են հնչակները կազմակերպել այս միջոցառումը եւ ինչ կապ ունեն նրանք կախաղանների հետ առհասարակ, ներկայացրեց ՀՍԴՀԿ վարիչ մարմնի ղեկավար Էռնեստ Սողոմոնյանը։ Նրա ելույթը մեքենագրված էր մի խունացած թղթի վրա, որը հիմք էր տալիս ենթադրելու, թե այն բազմիցս ընթերցվել է համանման առիթներով։ Նախ հիշեցրեց, որ ապրիլի 24-ից 53 օր է անցել… «1913 թ. սեպտեմբերի 5-ին Ռումինիայի Կոստանցա քաղաքում կայացած Հնչակյան 7-րդ համագումարում ողջ հայությանը նախազգուշացվեց, որ մեր արեւմտյան հայրենիքը հղի է օրհասական վտանգներով։ Ավա՜ղ։ Հայերս չունեցանք միաբանվելու եւ համատեղ ճիշտ գործելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ունակություն։ Կոստանցայի համաժողովի որոշումը՝ նախ հայերին համախմբելու ու նաեւ տեռորիստական ակտերի միջոցով երիտթուրքական պարագլուխներին ոչնչացնելու ծրագիրը ստոր դավաճանության պատճառով ձախողվեց»։ Հնչակյան կուսակցության 20 երեւելիներ՝ Փարամազը, դոկտոր Բենեն, Երվանդ Թոփուզյանը եւ էլի 17-ը ձերբակալվեցին եւ կախաղան հանվեցին։ Եվ նրանց կախաղան հանվելու 85-րդ տարեդարձն էր, որ համախմբել էր հնչակյաններին հաճելի ողբի ու լացի շուրջ։ Մի հռետոր, որն էր պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը, նույնպես մազոխիստական մանրամասներով պատմում էր 20 կախված նահատակների պատժի պրոցեսը, կերկերուն ձայնով բարբառում. «1915 թ. հունիսի 15-ի առավոտյան, վաղ արշալույսին, դեռ արեւը չծագած, նրանց կախաղան բարձրացրին։ (…)։ Նրանցից ոչ մեկի դեմքին դողդոջյուն, դող չկար»։ Ապա ներկայացրեց, թե ով ինչ է ասել կախվելուց առաջ։ Իր զեկուցման վերջում հռետորը պարզապես ասաց. «Մենք պետք է պաշտենք նրանց»։ Սա ասելու անհրաժեշտությունը չկար, քանի որ կախված (վերակախված), (վերաթաղված), մահացած հայերի հանդեպ մենք բազմիցս ենք ապացուցել մեր պաշտամունքը։ Սակայն սա դեռ բավական չէր. ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը հպարտությամբ դիմեց Էռնեստ Սողոմոնյանին՝ ասելու, որ «Ձեր կուսակցությունը մենակ էդ կորուստը չի ունեցել։ Դրանից առաջ էլ հինգ գործիչների եք կորցրել։ Եվ եթե այդ 20-ին կախել են, այս հինգին փրթել են, (ակադեմիկոսի աչքերը փայլում էին- Լ. Ա.) մաս-մաս են արել, կտոր-կտոր են արել։ Նրանցից մեկին կինը ոտքի գուլպայի միջոցով է ճանաչել»։ Վերջում ակադեմիկոսը դարձյալ խորհուրդ տվեց միշտ հիշել եւ հանկարծ չմոռանալ նրանց «դժնդակ մահը»։ Գերեզմանային տրամադրություն ստեղծելու համար ամեն ինչ կար. պակասում էր միայն աճյունով (կամ առանց աճյուն) սգո պարագան՝ դագաղը։ Հնչակյան կուսակցությունը՝ իր զոհերին «ազգային հարստություն» դարձրած, երեկ փորձ արեց անցյալի տխուր վերհուշներով լցնել իրենց կուսակցության դատարկ (կամ բանսարկություններով լիքը) ներկան։ Նպատակին հասնելու համար, սակայն, անհրաժեշտ կլինի առանձին երեկոյով հիշել նաեւ կտոր-կտոր, «փրթիկ- փրթիկ» արված այլ կուսակիցների եւս։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ