ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԼՈՒՐ-1 Այցելելով «Գրանդ Քենդի» հայ172ռուսական ձեռնարկություն, նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ մանկուց ցանկացել է պարզել, թե ինչպես է կոնֆետի մեջ հայտնվում «պովիդլան», եւ դա նրան երեկ հաջողվել է։ Կարելի է ենթադրել, որ հաջորդ անգամ նա կայցելի նույն գործարան՝ պարզելու, թե ինչպես է առաջանում մակարոնի անցքը։ ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԼՈՒՐ-2 Ազգային անվտանգության նախարարությունից հայտնում են, որ այդ գերատեսչության ջանքերով ձերբակալվել է խառը կանաչի վաճառող տիկին Վարդուշը։ ԱԱՆ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հաջողվեց պարզել, որ Վարդուշ տատիկը իր գործունեությունը ծավալում էր չթույլատրված տեղում։ Գործը փոխանցվել է դատախազություն, կատարվում է նախաքննություն։ ՌՈՒՍՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՄԻ ԲԱՆ ԿԱՍԿԱԾԵԼ «ԵԱՀԿ կուլիսներում բացահայտ կարծիք է արտահայտվում, որ կազմակերպության հիմնական նպատակներից է սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը Անդրկովկասում եւ Կենտրոնական Ասիայում»: Ըստ «Մեդիամաքսի», հունիսի 14-ին ՌԴ ԱԳՆ-ի Դիվանագիտական Ակադեմիայում կայացած «Հելսինկյան եզրափակիչ արձանագրություն՝ 25 տարի անց» կլոր սեղանի նիստում այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ե. Գուսարովը: Խոսելով այն մասին, թե ինչպես Ռուսաստանը պետք է ձեւավորի իր հարաբերությունները ԵԱՀԿ-ի հետ, ռուսաստանյան դիվանագետը ասել է. «Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը՝ ԵԱՀԿ-ի կարողության օգտագործման ուղղությամբ: Նախ եւ առաջ, խոսքը գնում է արտասահմանում մեր հայրենակիցների պաշտպանության մասին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի աջակցության՝ Ռուսաստանի ջանքերին Տաջիկստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Մերձդնեստրովիեում»: