Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 16,2000 00:00

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ՎԿԱՆ Նախապես ասենք, որ վկա Գայանե Մկրտչյանը, որը Բլեյանի «տրոյկայի» գործով կանչվել էր դատարան, այսօր էլ է տնօրեն՝ Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի։ Բլեյանի տարիներին եղել է ընդհանուր ավագ դպրոցի տնօրենն ու քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալը։ Նա երեկ պետք է տար պատասխաններն այն հարցերի, թե իրո՞ք չսովորած աշակերտների համար ատեստատներ են լրացվել, տրվել, թե՞ ոչ… Վկան, հարկ եղած դեպքում, հիշողության կորուստ էր ունենում։ Քիչ անց պարզվեց «դատավորի»՝ ամուսնու, ինքնությունը, որն ասաց (դատավորի հարցին ի պատասխան), որ չի աշխատում, բայց դահլիճում ուսուցիչներ էին, եւ ճանաչեցին նրան. Սիլվա Խրիմյանի ներկայիս տեղակալն էր։ Դատաքննության ժամանակ այս վկան հայտնեց, որ նախաքննության մարմնի կողմից կազմված քրգործի նյութերն իրեն ամբողջովին ցույց չեն տրվել, որ աշակերտները, որոնց հեռացրել է ինքը (ոչ թե վարձավճարների պատճառով, այլ հաճախումների) հրամանագրերը չի «տվել գործավարական անփութության համար»։ Բլեյանը խնդրեց ճանաչման ներկայացնել ատեստատները. պարզվեց՝ դրանք ոչ թե 11-ն են, այլ 3-ը։ Եվ պատճենները։ Դարձյալ անհանգստության նշաններ ցույց տվեց «2-րդ դատավորը», որի վրա շա՜տ խիստ զայրացավ նիստի օրինական նախագահող Իսկուհի Վարդանյանը։ Վերջինս անընդհատ ձեռքով խփում էր իր սեղանին, սաստում «երկրորդ դատավորին», անգամ մեղադրող Ղուկասյանին, որը, մեր մեջ ասած, կողմնորոշիչ հարցեր էր տալիս վկա-տնօրենին։ Ի դեպ, Իսկուհի Վարդանյանը իմիջիայլոց նետեց վկային, թե. «Սիրելիս ձեզ դպրոցի տնօրեն էին նշանակել, որ մտածես», սակայն… վկան «դա էլ չէր հիշում»։ «Ինչքան գումար է ձեզ տրվել» հարցին էլ պատասխանեց, թե իրեն գումար չի տրվել… Վկան հարցերին պատասխանում էր աթոռի վրա նստած։ Դե, ո՞ր մի տնօրենն է դատարանում կանգնած… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ «ՀԼԱ ՎՐԱՍ ԷԼ ՄԱՏ ԹԱՓ ՏՎԵՑ» Էջմիածին քաղաքի կենսաթոշակառուները սուրբ վայրում են ապրում, բայց սովորական մարդկային պահանջներ իրենք էլ ունեն։ Իսկ հիմա ամեն ինչի համար փող է հարկավոր։ Բայց փետրվարից մինչ օրս մարդիկ թոշակի երես չեն տեսել։ Ու որոշեցին սուրբ քաղաքի տարեցները. գնալ եւ փակել Երեւան բերող ավտոճանապարհը։ Պարզվում է, իշխանությունների հետ հարկավոր է ոչ թե մարդկային լեզվով խոսել, այլ՝ մատ թափ տալ։ Հենց որ կենսաթոշակառուները ճանապարհը փակեցին, հրաշքով հայտնվեց մարտ ամսվա ուշացած կենսաթոշակը։ Բայց, մեր իշխանություններին, իշխանություն մի ասա, մի ասլան ասա։ Մի ձեռքով տալիս են, մյուսով՝ վերցնում՝ աղբի, ջրի, էներգիայի համար։ «Դե, որ փող ունեք, բերեք ապրիլ-մայիս ամիսներինն էլ տվեք»,- ասացին թոշակառուները եւ երեկ կրկին փակեցին ճանապարհը։ Սպասվում է, որ առաջիկայում նույն քայլին կդիմի նաեւ քաղաքի ուսուցչական կոլեկտիվը։ Մ. Ե. ԲՅՈՒՋԵՆ ԿՍՏԱՆԱ $4 ՄԼՆ ԱրմենՏել-ի սեփականաշնորհման հետ կապված շահութահարկի վերաբերյալ դատավարությունն ավարտվեց: Ըստ կայացված դատավճռի, հունական OTE կազմակերպությունը, որն ԱրմենՏել-ի 90% բաժնետոմսերի սեփականատերն է, պետք է ստանա 49% բաժնետոմսերի նախկին սեփականատեր TWT կազմակերպությունից 4 մլն ԱՄՆ դոլարի չափով վճար, որը՝ որպես գործարքի արդյունքում առաջացած շահութահարկ, պետք է փոխանցի ՀՀ պետական բյուջե: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել