Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 16,2000 00:00

ՆՈՐ ըղհհ՝ ծԽԹԺ-Ի ԿԱԶՄՈՒՄ Մինչեւ 1994 թվականը ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության կազմում գործում էր հանցավորության դեմ պայքարի առանձին մի վարչություն, որը կազմալուծվեց եւ իբրեւ առանձին ստորաբաժանում հակահետախուզության գլխավոր վարչության մաս կազմեց։ Այն ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարն այնքան մոդայիկ չէր, որքան հիմա, եւ ՀՀ ԱԱՊՎ-ն իր հիմնական նպատակն էր համարում հետախուզության եւ հակահետախուզության հզորացումը։ Սա, անշուշտ, չէր նշանակում, թե Հայաստանում տնտեսական եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարող մարմին չկար։ Նման մի առանձին վարչություն գործում էր եւ է ՆԳՆ համակարգում՝ «6-րդ վարչություն» հայտնի անվան տակ։ Այս վարչությունն իր մեջ ներառում էր 4 առանձին ստորաբաժանումներ՝ պետության տնտեսական անկախությանը խոչընդոտող կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի, արտաքին ֆինանսատնտեսական հարաբերություններում չարաշահումների դեմ պայքարի բաժիններ, հանցավոր ձեռներեցության դեմ պայքարի բաժին, սեփականաշնորհման ու ապապետականացման գործընթացում կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժանմունքներ, ինչպես նաեւ սեփականության տարբեր ձեւերի ուղղությամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժանմունք։ «6-րդը», փաստորեն, ՆԳ համակարգում մինի նախարարություն էր, որը վերարտադրում էր նախարարությունում գոյություն ունեցող առանձին վարչությունների գործառույթները։ Բայց, քանի որ Վազգեն Սարգսյանի հիմնական նպատակներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարին զուգահեռ տնտեսվարող սուբյեկտների գործերին անհարկի չմիջամտելն էր, որով հիմնականում զբաղվում էր «6-ը», ուստի կոնկրետ աշխատանքներ էին տարվում ստուգումները կանոնակարգելու ուղղությամբ։ Իբրեւ այս քաղաքականության շարունակություն եւ գործնական քայլ, արդեն 2000 թվականի հունվարին 28-ին, Ա. Սարգսյանի վարչապետության օրոք, ՆԳ նախարար Հ. Հարությունյանի հրամանով լուծարվեցին ԿՀԴՊ գլխավոր վարչության հիշյալ բաժինները։ Փոխարենը ստեղծվեց պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի նոր ստորաբաժանում։ Թվում էր, թե այս վարչությունն իր հզոր լծակներով բավարար էր կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարելու համար։ Բայց ոչ։ Տնտեսական հանցագործություններով ակտիվորեն սկսել է զբաղվել նաեւ ԱԱՆ տնտեսական անվտանգության 4-րդ վարչությունը, որը ստեղծվեց ներիշխանական լարվածության պայմաններում, 99թ. օգոստոսի 5-ի կառավարության որոշմամբ։ Վազգեն Սարգսյան – Սերժ Սարգսյան հակասությունների սրման համատեքստում հաղթող դուրս գալու համար՝ իշխանության երկու թեւերին անհրաժեշտ էր ունենալ ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական հզոր լծակներ։ Այն ժամանակ Վ.Սարգսյանը դրանք ուներ ի դեմս խորհրդարանական մեծամասնության, պետական եկամուտների նախարարության եւ ՆԳՆ-ի. մինչդեռ Ս.Սարգսյանն ուներ միայն ԱԱՆ-ը։ ԱԱՆ 4-րդ վարչության հիմնական խնդիրները, ըստ էության, նույնն են, ինչ ՆԳՆ 6-րդ վարչությանը՝ տնտեսական հանցագործությունների բացահայտում, կանխարգելում, պայքար առանձնապես խոշոր չափերի կաշառակերության ու կոռուպցիայի դեմ եւ այլն։ Խնդիրը քաղաքական էր, իսկ վարչությունների միակ եւ էական տարբերությունն այն էր, որ ԱԱՆ-ն ավելի հոգեհարազատ ու հնազանդ էր Ս. Սարգսյանին՝ իր բոլոր ուղղակի եւ անուղղակի իմաստներով։ Բացի այդ, ԱԱՆ-ում էր տարիների ընթացքում քաղաքական եւ տնտեսական դաշտին վերաբերող տեղեկատվության պատկառելի պաշար կուտակվել։ Սակայն, երբեմնի սուպերնախարար Ս.Սարգսյանը զրկվել էր ՆԳՆ 6-րդ վարչության միջոցով տնտեսական դաշտի վրա ազդեցության լրջագույն լծակից, մինչդեռ մեր իրականության մեջ քաղաքական պրոցեսների վրա լավագույնս ազդելու փորձված մեխանիզմներից հիմնականը քաղաքականությամբ զբաղվող գործարար շրջանակների, պատգամավորների եւ պաշտոնյաների վրա կոմպրոմատներ ունենալն է։ Այսպիսով՝ Ս.Սարգսյանը նախկին վարչապետ Վ.Սարգսյանին առաջարկել էր ԱԱՆ-ում ստեղծել տնտեսական անվտանգության վարչություն, որը ժամանակին նախատեսվում էր անել ՆԳՆ 6-րդ վարչության կազմում։ Որեւէ հակափաստարկ Վ.Սարգսյանը չէր կարող բերել, մանավանդ որ Հայաստանում կոռուպցիան արդեն լրջորեն վտանգում էր պետականությունը։ Ս.Սարգսյանին հաջողվեց հակակշիռ ստեղծել 6-րդ վաչությանը, որը կարող էր մտնել իր հովանավորության տակ գտնվող տնտեսվարող սուբյեկտների գործունեության ոլորտ եւ պետեկամուտների նախարարության հետ համագործակցելով թուլացնել «6-ի» ազդեցությունը տնտեսության եւ քաղաքականության ոլորտում։ ԱԱՆ 4-րդ վարչության աշխատակիցների թվաքանակը ավելի քան ազդեցիկ է՝ շուրջ 70 հոգի։ Հետաքրքիր է, այսքան մարդ կա՞ ԱԱՆ հիմնական՝ հետախուզության եւ հակահետախուզության վարչություններում։ Հիմա արդեն, երբ իշխանությունը միաբեւեռ է, եւ Ս.Սարգսյանի տնտեսական հակառակորդները տապալված կամ թուլացած են, ԱԱՆ հիշյալ վարչությունը, մեկը մեկի հետեւից, տնտեսական հանցագործություններ է բացահայտում, որոնք, սակայն, որեւէ առնչություն չունեն ոչ օտար պետությունների փողերի «լվացման», այսինքն՝ զուտ պետական անվտանգության հետ։ Հիմա խնդիրն այլ է։ 4-րդ վարչությունը զբաղված է երբեմնի ըղհհ-ի գործառույթներով, որը ժամանակին լուծարվեց Հրանտ Բագրատյանի կառավարության որոշմամբ՝ իբրեւ շուկայական տնտեսությանն անհարիր օղակ։ Ըստ դիտորդների, ԱԱՆ-ն փորձում է հասարակության մեջ աղմկոտ հանցագործությունների բացահայտմամբ բարձր վարկանիշ ունենալ եւ նույնքան սարսափելի լինել, որքան «Վանոյի ժամանակաշրջանի» ՆԳՆ-ն էր։ Իսկ ծԽԹԺ-ից սարսափելը միանգամայն օրգանական է նախկին խորհրդային մարդու համար։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել