Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 16,2000 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՂԵՐԸ ԿԱՆԱՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐՈՒՄ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, վկայակոչելով ԱՄՆ կառավարության հանձնարարությամբ «Bank of New York»-ում ֆեդերալ հետաքննությունների բյուրոյի կատարած ուսումնասիրությունները, հայտարարեց, թե ստացել են մի տեղեկատվություն, «համաձայն որի, հայկական ծագում ունեցող 100-150 մլն դոլարներ այսօր պտտվում են օֆշորային գոտիներում։ Դրա վերաբերյալ համապատասխան հրապարակումներ կան արտերկրի լրատվամիջոցներում, որոնք մենք առաջիկայում կներկայացնենք»։ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանն «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում այսպես է գնահատել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը. «Ընդունելի չէր տոնայնությունը եւ հետեւությունների կատեգորիկությունը, որ այդ ներկայացման մեջ միշտ կար։ Իմ կարծիքով, նաեւ որոշակի իմաստով փորձ էր արվում դա ներկայացնել որպես վերջին ատյանի ճշմարտություն»։ Իսկ Դավիթ Լոքյանի մեկնաբանությունները՝ 3-րդ էջում։ ԾԱՂԻԿ ՌՈՒԲՈՅԻՆ ԱՅԼԵՎՍ ՉԵ՞Ն ՀԵՏԱՊՆԴՈՒՄ «Առավոտի» հարցին, թե ինքն է՞լ է Ռուբեն Գեւորգյանի մերձավորների նկատմամբ ստուգումները բացատրում «Միասնությունից» «Հայաստանի» անջատմամբ եւ կա՞ն նման փաստեր խմբի այլ անդամների նկատմամբ, Մյասնիկ Մալխասյանը պատասխանեց. «Չեմ կարող հաստատապես արձանագրել, թե դա ինչի արդյունք էր՝ «Միասնությունից» բաժանվելո՞ւ, թե՞ քաղաքական այլ ենթատեքստ ուներ»։ Բայց նաեւ նշեց, որ խմբի այլ անդամների նկատմամբ «հետապնդման փաստեր չկան», իսկ Ռուբեն Գեւորգյանի մասով՝ փորձեր եղել էին, բայց «հիմա կարծես հիմքեր չկան, դրանք դադարեցվել են»։ Մինչդեռ ընդամենը մեկ-երկու օր առաջ ԱԺ-ում արդեն փաստաթուղթ էր հայտնվել շրջանառության մեջ, ըստ որի, Ռուբեն Գեւորգյանի հետ կատարվածը քաղաքական հետապնդումներ էին որակվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել