Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 15,2000 00:00

Ինչո՞ւ չի տպագրվում «Կանչ»-ը Հունիսի 4-ին մանկապատանեկան «Կանչ» թերթը դարձավ 75 տարեկան։ Որքան էլ ցավալի է, թերթի աշխատակազմը հնարավորություն չունեցավ հոբելյանական համար հրատարակել։ Մայիսի 10-ից «Կանչ» չի տպագրվում։ Պատճառը, ինչպես սովորաբար՝ ֆինանսների բացակայությունն է։ Ավելի ճիշտ՝ ֆինանսների նախարարության անբարյացակամ վերաբերմունքը հանրապետության միակ մանկապատանեկան պետական լրատվամիջոցի հանդեպ։ Թերթի գլխավոր խմբագիր Հմայակ Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ «Կանչ»-ի տարեկան ֆինանսավորումը 12 միլիոն դրամ է։ 1999-ին նախատեսվածից թերթը պակաս է ստացել 3,7 միլիոն դրամ։ 99-ի դեկտեմբերին «Կանչ»-ը ֆինանսավորվել է 53%-ով, իսկ 2000-ի մարտին 99-ի պարտքից հատկացվել է 1,7 մլն դրամ։ 2000 թվականի համար պետբյուջեով նախատեսված գումարից անցած վեց ամիսների ընթացքում ոչ մի լումա չի տրվել «Կանչ»-ին։ Պատճառաբանությունը նույնն է՝ բյուջեն ծանր վիճակում է։ Բայց որքան էլ ծանր, բյուջե, այնուամենայնիվ, մուտքեր լինում են։ Ինչպե՞ս է պատահում, որ կես տարվա ընթացքում մանուկների թերթի հանդեպ ոչ մի ֆինանսական պարտավորություն չի իրականացվում։ Նույնպիսի անտարբեր վերաբերմունքի է արժանացել ոչ միայն «Կանչ»-ը, այլեւ հանրապետության ամբողջ մանկապատանեկան մամուլը («Աղբյուր» եւ «Ծիծեռնակ» ամսագրերը)։ Հասկանալի է, որ որոշ մարդիկ մանկությունից դուրս են գալիս եւ այլեւս ի վիճակի չեն լինում վերադառնալ, հիշողությունն էլ կորցնում են։ Ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը մայիսի 1-ին ձեռագիր նամակ է հղել «Կանչ»-ին, որտեղ խոստանում է, թե «Կանչ»-ի վիճակը այլեւս ողբերգական չի լինի։ Իսկ բանավոր խոստացել է հարցը լուծել տասը օր անց: Այնուհետեւ «Կանչ» է ուղարկվում գրավոր-պաշտոնական պատասխան, որտեղ ասվում է, որ առաջիկայում, սեղմ ժամկետում հնարավոր ամեն ինչ կարվի թերթը ֆինանսավորելու համար։ Այդ «սեղմ» ժամկետը այդպես էլ չի լրացել, քանի որ մայիսից մինչեւ հիմա բավականին ժամանակ է անցել, բայց պետությունը չի էլ պատրաստվում իր պարտքը վերադարձնել մանուկներին։ Ճոռոմ խոսքեր ասելը ավելի հեշտ է, քան գործ անելը։ 88-ի զարթոնքի ժամանակ «Կանչ»-ն ամենահեղափոխական, ամենահամարձակ եւ առաջադիմական թերթն էր։ Այն, ինչ չէին համարձակվում անել մեծերը, «Պիոներ կանչ»-ն անում էր եւ լավ էր անում։ Որքան էլ տարօրինակ է, անկախացումը, վերածնունդը, որի համար պայքարում էր «Կանչ»-ը, հենց «Կանչ»-ի դեմ շրջվեցին։ Շուկայական հարաբերությունների հորձանուտում «Կանչ»-ը շարունակում էր գոյատեւել։ Պետությունը 90-ից հետո թեկուզ չնչին, բայց չուշացող ֆինանսավորմամբ հնարավորություն էր տալիս թերթի անխափան գործունեությանը։ 2000 թ. այս իմաստով աննախադեպ է։ Թերթը վեց ամիս չի ֆինանսավորվել, չի մարվել անցած տարվանից մնացած պետության պարտքը։ Եվ սա այն դեպքում, երբ «Կանչ»-ի աշխատակիցների առավելագույն աշխատավարձը 15 դոլարին համարժեք դրամ է։ Բազմաթիվ թղթակիցներ, որոնց մեծ մասը գոյատեւում է հենց «Կանչ»-ից ստացվող չնչին հոնորարների հաշվին, անհուսալի վիճակում են, իսկ պատանի թղթակիցները պարզապես հիասթափված են պետության այսպիսի թափթփված քաղաքականությունից։ Հնարավոր է, ինչ-ինչ մարդկանց ձեռնտու է «Կանչ»-ն այսպիսի անմխիթար վիճակում պահելը։ Բայց կան որոշակի պարտավորություններ, որոնք պարզապես օրենքն է պահանջում կատարել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել