Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 15,2000 00:00

Լեւոն Բարխուդարյանի պատասխանը հանձնաժողովին ԱԺ հանձնաժողովի հաշվետվությունը դեռ բազմաթիվ արձագանքների կարժանանա։ Ինչպես երեկ իր ելույթում նշեց էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը, կարելի է մեկնաբանություններ անել այնժամ, երբ նյութերը լրջորեն ու խորությամբ, դրվագ առ դրվագ կուսումնասիրվեն եւ կքննարկվեն։ Հատկապես կարեւոր է, որ իրենց հակափաստարկները ներկայացնեն այն անձինք, ում անունը հնչել էր Դավիթ Լոքյանի եւ Ալեքսան Կարապետյանի ելույթներում։ Զանազան ձեռնարկությունների ղեկավարներին եթե մի կողմ թողնենք՝ բարձրաստիճաններից տրվել էին Միրոն Շիշմանյանի, Գագիկ Մարտիրոսյանի, Սեպուհ Թաշճյանի, ժամանակին էներգետիկայի փոխնախարար Հրայր Հովհաննիսյանի եւ Լեւոն Բարխուդարյանի անունները։ Վերջինիս վերաբերյալ հանձնաժողովի հաշվետվության մեջ հետեւյալ դրվագը կա. «ՀՀ ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանի կողմից ամբողջ ուսումնասիրության ընթացքում հանձնաժողովին չտրամադրվեցին 1992-1995 թթ. ՀՀ կառավարության օպերատիվ շտաբի գործունեությանն առնչվող փաստաթղթերը»։ ԱԺ-ի հետ հարցուպատասխանին ժամանած Լեւոն Բարխուդարյանին խնդրեցինք պարզաբանել այս հարցը. «Ասեմ շատ հստակ մի բան՝ պետք է տարբերել ընդամենը ֆինանսների նախարարությունը եւ կառավարության օպերատիվ շտաբը։ Օպերատիվ շտաբի փաստաթղթերը այդ շտաբի անդամների եւ կառավարության՝ շտաբի աշխատանքները սպասարկող վարչության մոտ էին եւ չէին կարող լինել ֆինանսների նախարարությունում։ Այդ էր պատճառը, որ մենք չունեինք այդ նյութերը, որ տրամադրեինք։ Ինձ մի քիչ հասկանալի չէ մեղադրական տոնը, ճիշտն ասած»։ Տարրական այս խնդիրը նախապես պարզած չլինելը տարակուսելի էր, ուստի հավելյալ դիմեցինք Դավիթ Լոքյանին. «Բազմաթիվ անգամ մեզ փոխանցել էին, որ այդ փաստաթղթերը էկոնոմիկայի նախարարությունից տեղափոխվել են ֆինանսների նախարարություն։ Օպերատիվ շտաբի փաստաթղթերի մի քանի էջանոց մասը սկզբում տրվել է նրանց կողմից եւ առայսօր այլեւս ոչինչ չենք ստացել։ Միայն վերջում պարզվեց, որ այդ փաստաթղթերը դատախազությունում են»։ Հարցուպատասխանից հետո ու մինչեւ ժամը 23-ը շարունակված արտահերթ նիստում Լեւոն Բարխուդարյանին առնչվող այլ պնդումներ էլ հնչեցին, որոնց առնչությամբ արդեն հնարավոր չէր պարզաբանումներ ստանալ։ Մասնավորապես, Ալեքսան Կարապետյանը հայտարարեց, թե Լեւոն Բարխուդարյանը չի կատարել կառավարության հանձնարարականները Հրազդան ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությանը հատկացումներ կատարելու վերաբերյալ, որի հետեւանքով այն հայտնվել է ծանր վիճակում։ Չնայած նույն կշտամբանքն ուղղվեց նաեւ հաջորդ կառավարությունների ֆինանսների նախարարներին՝ Դարբինյանին, Սանդոյանին… ուստի արժե, որ նրանք էլ պարզաբանումներով հանդես գան։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել