Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 15,2000 00:00

ՆՇԱՆ ԱՐՎԱԾ ՓՈՂԵՐՈՎ Ձերբակալել են ճարտարապետի Ինչպես հայտնի է, օրերս Ազգային անվտանգության նախարարությունը կալանավորել էր Կենտրոն համայնքի գլխավոր ճարտարապետ Արամ Ներսիսյանին։ Նա կասկածվում էր հանցանքի՝ կաշառք վերցնելու մեջ։ Ինչ խոսք, հետաքրքիր է ու տարօրինակ, որ վերջին շրջանում ԱԱՆ-ն հատկապես հետաքրքրված է տնտեսական հանցագործությունների բացահայտմամբ։ Որոշակի ոչինչ մինչ օրս հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ կալանավորված էր նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետի տեղակալի օգնական Կարեն Նազարյանը, որը 2-3 ամիս էր այդ աշխատանքում։ Տարբեր վարկածներ են հնչում. մեկ խոսվում է, թե Կ. Նազարյանի մոտ է հայտնաբերվել կաշառք-գումարը (ճշտված չէ՝ որքան գումար է եղել, տարբեր թվեր են հնչում), մեկ ասվում է, թե գումարը եղել է Ա. Ներսիսյանի մեքենայի մեջ։ Հավաստի աղբյուրների վկայությամբ «նշան արված» փողեր են եղել, իսկ դա նշանակում է, որ այդ փողը նախապես համապատասխան մարմինների կողմից որոշակի քիմիական նյութերով մշակումների է ենթարկվել։ Եվ, բնականաբար, այդ փողին ձեռք տվողի ձեռքերին այդ նյութերը հետք են թողնում։ Որոշ աղբյուրների պնդմամբ Կենտրոն համայնքի գլխավոր ճարտարապետին ԱԱՆ մարմինները մի քանի ամիս շարունակ հետապնդել են։ Մեզ հասած տվյալներով՝ վերոհիշյալ Կ. Նազարյանի մոտ է եղել գումարը, իսկ վերջինս էլ ԱԱՆ աշխատակիցներին ասել է, թե գումարը պետք է փոխանցեր Ա. Ներսիսյանին։ Հունիսի 13-ին կալանքի 96 ժամը լրացավ, սակայն երեկ պարզվեց, որ ձերբակալման սանկցիա է տրվել։ Ավելացնենք մի նկատառում էլ. դեպքի հենց նույն օրն արդեն տարբեր կարծիքներ ու քաղաքական ենթատեքստերով մեկնաբանություններ եղան։ Արամ Ներսիսյանը ՀԺԿ անդամ է եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի մանկության ընկերը։ Ի դեպ, արժանահիշատակ Կարեն Դեմիրճյանի հետ աշխատել եւ ընկերներ են եղել նաեւ Ա. Ներսիսյանի հայրը՝ քաղկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Ներսիսյանը։ Տեղի ունեցած դեպքը երկու քաղաքական ենթատեքստով մեկնաբանվեց. այն, որ դրանով ԱԱՆ-ն (եւ ընդհանրապես ներկա իշխանությունները) հաշվեհարդար են տեսնում ՀՀՇ-ական միակ պաշտոնյա՝ Կենտրոն համայնքի թաղապետ Արարատ Զուրաբյանի հետ։ Եվ երկրորդ մեկնաբանությունը, որ դրանով իշխանությունները փորձում են հարվածել ՀԺԿ-ին, ավելի կոնկրետ՝ Ստեփան Դեմիրճյանին՝ սպասելով, թե վերջինս կարող է դիմել իրենց օգնությանը, իրենց «ոտը գնալ»։ Ավելացնենք միայն, որ, մեր տվյալներով, Կենտրոն համայնքի գլխավոր ճարտարապետ Ա. Ներսիսյանը կալանքի ընթացքում տուն է զանգահարել, կնոջը ասել, որ չամաչեն մարդկանց երեւալուց, քանզի ինքն այդ գործում խառը չէ։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել