ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼ Է ՎԱՐՈՐԴԸ ՆԱԵՎ ՀՍԿԻՉ Խորհրդարան-կառավարություն երեկվա հարցուպատասխանին իր բեմելը նշեց ամենագանգրահեր նախարար Էդուարդ Մադաթյանը։ Սակայն քանի որ բովանդակային առումով պրն նախարարի պատասխանը անբովանդակ էր, կառանձնացնենք առավել հետաքրքիր հարցերն ու պատասխանները։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Մյասնիկ Մալխասյանը, որը զուգահեռաբար նաեւ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահն է (հայացքը վարչապետին հառած), փորձեց տեղեկանալ՝ արդյո՞ք ծեծել են մեր ազգային անվտանգության մարմինները Հայաստանում Իրանի դեսպանին եւ ինչո՞ւ են դա արել։ Ամեն ինչ նորմալ էր մինչեւ այն պահը, երբ ԱԺ փոխնախագահը հայտնեց, որ հարցին կպատասխանի… ՀՀ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանը։ «Թող գյուղնախարարը պատասխաներ, է՛լի»,- ասելով՝ դահլիճը լքեց Հակոբ Հակոբյանը (Լեդին)։ Պրն Զադոյանին թվաց, թե ինքը ՆԳ նախարար է։ Դատեք ինքներդ. «Իրոք այդպիսի միջադեպ եղել է։ Երեւի բոլորդ կուրսի մեջ եք, որ ստեղծված է հանձնաժողով։ Այդ հանձնաժողովը թողնենք, թող աշխատի (՞)։ Հետագայում մանրամասն կասենք (՞)։ Որոշեցինք (՞) առանձնապես լրացուցիչ ոչինչ չասել, մինչեւ պարզվի՝ ինչ է տեղի ունեցել»։ Մյասնիկ Մալխասյանին ոչինչ չէր մնում անել, քան հավաստել իր անսահման հարգանքն առ պրն Զադոյանը եւ խնդրել, որ հարցին, այնուամենայնիվ, պատասխանի վարչապետը։ Պրն Զադոյանն անդրդվելի էր. «Թե ով պիտի պատասխանի, որոշում է վարչապետը, եւ կառավարությունում են որոշվում այդ հարցերը. պատասխանում եմ ես եւ կրկնում, որ հետաքննենք, նոր պատասխանենք։ Այսպես՝ միանգամից չի կարելի։ Սա այնքա՜ն նուրբ հարց է, որ կարելի էր, երեւի, առանձին ասել»։ Պատգամավոր Գագիկ Կոստանդյանի հարցին՝ ուղղված ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին, պրն վարչապետն արիություն ցուցաբերելով՝ չպնդեց, որ պրն Զադոյանը պատասխանի։ Հարցը հետեւյալն էր. «Հունիսի 21-ին լրանում է 5 տարին այն չարաբաստիկ օրվանից, երբ ՆԳ աշխատակիցների կողմից անօրինական ձերբակալվեցին աշխատանքից անօրինական ազատված բարձրաստիճան սպաներ։ Արդյոք ՆԳ նախարարությունը չի՞ պատրաստվում պաշտոնապես ներողություն հայտնել այդ մարդկանց՝ իրենց կողմից կատարված անօրինական ձերբակալությունների եւ բռնությունների համար, քանի որ այդ մարդիկ արժանի են հարգանքի այն առումով, որ յուրաքանչյուր աստղը ձեռք են բերել քրտնաջան աշխատանքով եւ արյուն թափելով, եւ նման չեն այն բախտախնդիր մարդկանց, որոնք մեկ տարում մայորից հասել են գեներալ-մայորի աստիճանի»։ Հիշեցնենք, որ 95-ին, խորհրդարանական ընտրություններից առաջ, ձերբակալվել էին ՆԳ փոխնախարար Լյովա Գալստյանը եւ էլի 4 բարձրաստիճան սպաներ։ Նրանց անվանեցին «սեւ գնդապետներ», ձերբակալեցին, ծեծեցին, խոշտանգեցին՝ հեղաշրջման փորձ անելու կասկածով։ Հայկ Հարությունյանի պատասխանը բավական կոշտ էր. «Ես տեղյակ եմ ձեր հարցին նաեւ մամուլում հրապարակված ձեր նյութերից։ Նախ ասեմ, որ դուք եւ, եթե տուժածներ եղել են, նրանք, կարող են դիմել գլխավոր դատախազին։ Եթե ինչ-որ հիմնավոր փաստեր կլինեն, դատախազությունը կարող է կատարել քննություն եւ պատժել մեղավորներին»։ Պրն Հարությունյանը փորձեց չհասկանալ, թե ինչու է Գ. Կոստանդյանը մամուլով կուրս վերցրել վարկաբեկելու ՆԳ նախարարությունը։ «Իսկ ինչ վերաբերում է սպայի պատվին, երեւի թե այդ պատվի մասին դուք իրավունք չունեք խոսելու,- դանդաղ եւ սառնասրտորեն շարունակեց ՆԳ նախարարը,- որովհետեւ համակարգում այդ պատիվը դուք չեք ունեցել. ես հետաքրքրվել եմ, ուսումնասիրել եմ»։ Պրն Կոստանդյանը, արծարծելով պատվի թեման, նշեց, որ իրեն ճանաչողները գիտեն եւ նրանք էլ կասեն՝ ինքը պատվով է աշխատել, թե ոչ։ Իսկ ՆԳ նախարարը դեռ ասելիք ուներ. «Ես այս պահին չեմ կարող ասել՝ եղել են հիմքեր՝ նրանց ձերբակալելու, թե ոչ։ Այնուամենայնիվ, նրանք, ինչպես եւ դուք, այն ժամանակ կարող էիք հարցը բարձրացնել, ոչ թե 5 տարի սպասել։ Կան դատախազական մարմիններ, որ կարող են փաստով քր. գործ հարուցել»։ Վերջում ՆԳ նախարարն ասաց, որ ինքը ձերբակալման գործին մասնակից չի եղել։ Իսկ առջեւում դարձյալ սպասվում էր պրն Զադոյանի ամբիոն բարձրանալը։ Դարձյա՛լ վարչապետի ցանկությամբ։ Դա պատահեց այն ժամանակ, երբ ծնունդով Գեղարքունիքի մարզից Խորեն Սարգսյանը կառավարությանը խնդրեց հիշել, որ վերոնշյալ մարզը եւս ՀՀ-ի բաղկացուցիչ մաս է։ Կառավարության աշխարհագրական գիտելիքներն ու հիշողությունը կասկածի տակ դրեց նույն մարզի մեկ այլ պատգամավոր, այն էլ՝ կոմունիստ, Նորիկ Պետրոսյանը։ Պրն Զադոյանը հավաստիացրեց, որ տվյալը, որ Գեղարքունիքի մարզը ՀՀ-ի բաղկացուցիչ մասն է, կառավարությանը հայտնի է։ Եվ համարյա հարցին էլ պատասխանեց։ Սակայն Ն. Պետրոսյանը համոզված էր, որ իր տղամարդկային արժանապատվությունը խոցվեց, եւ սկսեց գոռգոռալ։ Իսկ դա տեւական պրոցես էր։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ