Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 15,2000 00:00

ՈՐՍԱՇՐՋԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ԲԱՑՎԱԾ Է Հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի կատարմամբ այդ արտահայտության բազմակի ու խիստ տպավորիչ-գործնական հնչեցումից հետո Արշակ Սադոյանն առժամանակ ձեռնպահ էր մնում իր ելույթների երբեմնի «մեխն» օգտագործելուց։ Երեկ հանձնաժողովի հաշվետվությունից հետո նա հաղթահարեց այդ բարդույթը եւ դարձյալ հին օրերի հանգույն բացականչեց. «Ժողովրդի արյուն ծծելը չի կարող անպատիժ մնալ»։ Ընդսմին, Սադոյանը նաեւ ասաց. «Պետք է կարողանանք տարբերել մեծ ու փոքր շնաձկներին։ Մեզ սլաքավարներ պետք չեն, որոնց հենց այնպես պատասխանատվության կանչեցին։ Մեղավորնե՛րն են պետք, հիմնական մեղավորնե՛րը»։ Հանձնաժողովի հաշվետվության մասին կարդացեք 3-րդ էջում։ ԵՐԿԻՄԱՍՏ ՊԱՏԱՍԽԱՆ Օրերս «Հայաստանի Հանրապետությունը» հրապարակել էր հարցազրույց Վլադիմիր Սպիվակովի հետ, որում հեղինակի՝ թերթի փոխխմբագիր Անահիտ Ադամյանի ցանկությամբ չէր զետեղվել մի ուշագրավ երկխոսություն։ – Ինչո՞ւ «Մոսկվայի վիրտուոզների» մեջ չկան կանայք։ – Քանի որ կանայք վիրտուոզ են այլ առումով… ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանն «Առավոտի» թղթակցին մի հետաքրքրական դիպված ներկայացրեց։ Շուրջ 1-1,5 ամիս առաջ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի առաջնորդ Արտաշես Գեղամյանն ուղեւորվում է Ստեփանավան։ Ոստիկանները նրան ճանապարհին կանգնեցնում ու, չնայած ճանաչում, բայց ստուգում են ավտոմեքենայի «բագաժնիկը»։ Պարզվում է՝ Վանոյին են փնտրում։ Էլ ո՜ւմ մտքով կանցներ Սիրադեղյանին փնտրել նրա անհաշտ հակառակորդի մերձակայքում։ ԲԵԽԱԲԱՐ «Առավոտը» փոխարտգործնախարար Արտաշես Թումանյանից ցանկացավ ճշտել՝ որքանո՞վ են հավանական այն զրույցները, թե ինքն է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի ամենահավանական թեկնածուն։ – Խաբար չեմ,- խաբար չէր պրն Թումանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել