Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 14,2000 00:00

Սատանի դյուժին Հունիսի 13-ին ԱԺ-ում հայտարարություններ անելու ցանկություն ունեցողները 13-ն էին։ Եվ նրանց մեջ էր նաեւ թիվ 13 ընտրատարածքի պատգամավորը։ «Գնդապետների գործը» Սակայն նախ պատգամավոր Գագիկ Կոստանդյանն անդրադարձավ մի շարք գնդապետների նկատմամբ բռնարարքներ գործելու 5 տարի առաջ տեղի ունեցած փաստին։ Շեշտադրումները նույնն էին, ինչ նախապես հրապարակված իր հարցազրույցում՝ մասնավորապես, որ ՆԳ ներկայիս նախարարն այն ժամանակ էլ էր ղեկավարում համակարգը եւ անմիջական մասնակցություն էր ունեցել կատարվածին. «Նման ղեկավարները պետք է գոնե մեկ անգամ չարատավորեն սպայի կոչումը, ասպետություն ցուցաբերեն եւ հրաժարվեն իրենց այսօրվա գրաված պաշտոններից»։ … Գնդապետների հետ կատարված, իրոք, ամոթալի միջադեպին անդրադարձողները սակայն անընդհատ «մոռանում են» գնահատել մի հանգամանք. անկախ անձերից՝ այնուամենայնիվ, ի՞նչ անուն կարելի է տալ զինվորական կոչում ունեցողների կողմից ընդդիմադիր հանրահավաքում կոչերին, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հրամաններ չկատարեն։ Իսկ հունիսի 21-ին հենց նման կոչին էին հետեւել դատապարտելի գործողությունները։ Չնայած, որքան հայտնի է, պետական հեղաշրջման փորձի համար գնդապետների դեմ գործը կարճված է հանցակազմի բացակայության պատճառով, բայց նրանք գոնե առայժմ արդարացված չեն։ Անհրաժեշտ հետեւություններ Գրեթե միշտ հայտարարություն անելու հնարավորությունն օգտագործում է Ռուբեն Գեւորգյանը։ Սակայն այժմ նրա խոսքում թիրախները փոխվել էին եւ, ըստ ամենայնի, այս առումով էական նշանակություն էր ունեցել այն, որ Ռուբեն Գեւորգյանի քրոջ եւ այլ մերձավորների գործունեության ստուգումներ են սկսվել։ Այս անգամ նա այլեւս հանրապետության նախագահի մասին չխոսեց, այլ խիստ ջղային տոնով՝ «օտարների նկատմամբ չարդարացված նվիրումով օժտված կուսակցությունների եւ երկրի որոշ ղեկավարների», կառավարման ձեւավորման մտահոգիչ մոտեցման ու հատկանշական էր, որ նաեւ ասաց. «Երկիրը սկսել է ղեկավարվել տերհուսիկյան մեթոդներով»։ Անհասցե էր խոսում եւ այդպես էլ հայտնի չդարձավ, թե, հատկապես ում նկատի ուներ, օրինակ, «վարկաբեկված կուսակցություններ» ասելով։ Ինչ-ինչ ակնարկներից կարելի էր կռահել, թե նրա բողոքն առ ՀՀԿ եւ կառավարություն էր։ Դե նվնվոցը հիմա դու տես «Վերջին 2 տարիներին Հայաստանում էլ ապրել հնարավոր չի։ Խելագարության աստիճանի է հասցրել սովը, անաշխատունակությունը։ Եթե ուզում եք համոզվել՝ բարի եղեք ճանապարհին տեսնել, հայ ժողովուրդը փողոցով քայլելիս ինքն իրեն խոսում է»,- դաժան սոսկանքի այս տեսարանն ուրվագծեց Խորեն Սարգսյանը։ Ռոբերտ Քոչարյանի վերջին՝ «նվնվոցը վերջ տալու մասին» թեւավոր դառնալու հավակնություն ունեցող ասույթը փոխակերպելով «մլավոցի», Խորեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ Քոչարյանի այն մտքին, թե այս նվնվոցը լսելով մարդ իսկապես ցանկանում է ճամպրուկը հավաքել եւ հեռանալ. «Երկու մարդ պետք է ճամպրուկները կապի՝ կա՛մ ժողովուրդը, կա՛մ հանրապետության նախագահը։ Եթե ուզում եք ժողովրդի էս մնացած մասը մի քիչ մնա՝ այո՛, հանրապետության նախագահը պետք է, որ իր ճամպրուկը կապի»։ «Քծնանքի եւ մատնության մթնոլորտ» Այսպես բնութագրեց Հայաստանում առկա վիճակը Սասուն Միքայելյանը, մթնոլորտին հավելելով նաեւ «համատարած հուսալքությունը». «Մեր ժողովրդի ներկա հուսալքված վիճակը պարարտ հող է ստեղծում տարածաշրջանային հարցերի լուծումները մեզ պարտադրելու համար։ Պատահական չէ, որ հենց այս ժամանակաշրջանում են տարածվել այն ասեկոսեները, թե ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորել Մեղրի-Լաչին փոխանակման կամ Մեղրիի տարածքում միջազգային ուժերի վերահսկողությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու տարբերակով»։ Սասուն Միքայելյանը պատգամավորներին կոչ էր անում օգտագործել վարվող քաղաքականության վրա ներազդելու իրենց բոլոր կարողությունները։ «Վերջին հնարավորությունն է հայտարարությամբ դիմելու» ԱԺ-ի գարնանային նստաշրջանում վերջին հայտարարությունների մեր ծաղկաքաղը եզրափակենք 13-րդ ընտրատարածքի պատգամավորի՝ Արշակ Սադոյանի յուրօրինակ ամփոփիչ հայտարարությունից մեջբերմամբ, թե գործադիր իշխանության ղեկավարը այդպես էլ որեւէ պատասխանատվություն չի ցանկանում կրել, եւ մեղքը բարդվում է կառավարությունների վրա. «Իմ բոլոր պահանջները, որ նախագահը գար եւ իր վերաբերմունքը ծրագրի նկատմամբ արտահայտեր՝ այդպես էլ անպատասխան մնացին»։ Սադոյանն անհրաժեշտ էր գտնում մինչեւ աշուն սահմանադրական փոփոխություններն ավարտել եւ ստեղծել իշխանական գործուն համակարգ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել