Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊԵՑԻՆՔ ՄԱՀԱՊԱՏԺԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ

Հունիս 14,2000 00:00
mnjoyan

 ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի անդամների հետ (Վ. Հարությունյան, Հ. Ասրյան, Ն. Հակոբյան, Ռ. Ռշտունի…) այցելեցինք Նուբարաշենի թիվ 1 մեկուսարան։

Այցը սկսեցինք մահապատժի դատապարտվածների խցերից։ Նրանք 32-ն են։ Հենց առաջին խցում էլ (թիվ 95) գտնվում էր քաղցկեղով հիվանդ դատապարտյալը՝ եւս 2 հոգու հետ։ Նա պառկած էր նառի վրա եւ, հավանաբար, ի վիճակի չէր… կանգնել։ Մահապատժի դատապարտվածների մեջ կան մարդիկ, որոնք սպասում են իրենց հետագա ճակատագրին (կամ ի կատար ածել կամ փոխարինել այլ պատժամիջոցով) 7-8 տարի, անգամ՝ 10։ Նրանցից ոմանք չեն ընդունում, որ մարդ են սպանել, որ մեղավոր են, ընդամենը նշում էին, որ «ականատես են եղել դժբախտ պատահարի», որ «իրենց հարվածից մարդ չի մահացել», անգամ ինչպես 97 խցի դատապարտյալներից մեկն ասաց. «Խմած եկավ-ընկավ դանակիս վրա»։

94 խցում տեսանք «Դրո» գործով մահապատժի դատապարտված Արսեն Արծրունուն, Արմեն Մնջոյանին, Մհեր Ենոքյան անուն-ազգանունով մի երիտասարդի, որին վերջերս են տեղափոխել այդ խուց եւ որը «հնաբնակներից» է…

Եվ ոչ միայն այս խցում, այլեւ մնացած խցերում կային հեռուստացույցներ, աշխատում էր ռադիոն, 93 խցում «Աստվածաշունչ» էին կարդում։ Նկատեցինք, որ սեղանների վրա կա գրականություն, որ հատկացրել էր նրանց ադմինիստրացիան, ինչպես Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզները», «Ընդհանուր կենսաբանություն», բասկական պատմվածքներ, Միքայել Շաթիրյան եւ այլն։ Գրեթե բոլոր խցերում սրբապատկերներ էին, դրանց կողքին՝ մոմեր։ Բետոնե հատակին կապրոնե շշերով հավաքված ջրեր էին, պատերից մեկի վրա՝ «Աստղագուշակ» (եթե աստղերը հուշելու են, ապա… – Ռ. Մ.)։

Մահապատժի դատապարտվածներից մեկն էլ 1970 թ. ծնված Տիգրան Ավետիսյանն էր («Վահան Հովհաննիսյան+30» գործով), որն ասաց. «Թողեցին իմ վրա։ Չկար ոչ մի փաստ, որ սպանություն եմ կատարել»։

90 խցի բնակիչները, որոնք այստեղ են գտնվում համապատասխանաբար 8, 7, 6,5, 7 տարի, մասամբ ընդունեցին, որ իրենց նկատմամբ կայացրած դատավճիռը ճիշտ է։ Հետաքրքիր է, որ նրանցից շատերն ասում էին, որ ներման դիմումներ են ուղարկվել ՀՀ նախագահին (ինչպես նախկին, այնպես էլ՝ ներկա), սակայն ոչ մի պատասխան չեն ստացել… «Մեզ հետաքրքրում է սվիդանիի հարցը. տնեցիք 15-20 րոպե հազիվ հասցնում են բարեւ-բարլույս ասել, չենք կարողանում կարոտներս առնել, կանդալներով տանում են տեսակցության»։ Ի դեպ, տեղեկացանք, որ տեսակցություն նրանց հետ 6 ամիսը մեկ է թույլատրվում, իսկ հանձնուքներ թույլատրվում է մինչեւ 10 կգ։

Դատապարտյալներն ասացին, որ շոգ է (կային փոքրիկ պատուհաններ, իսկ դռների նեղ «քառակուսիները» բաց էին- Ռ. Մ.) եւ իրենց ուղարկած սնունդը փչանում է. «Ամիսը մի անգամ սուխոյը որ թողնեն, յոլա կգնանք» եւ կամ «սառնարան դրեք այստեղ»։

89 խցում, ուր Ակուտագավա էին կարդում, Ձերժինսկու կենսագրությունը, նստած էին 3 անձ. նրանցից մեկը 18 տարեկանում է հասցրել մահապատժի դատապարտվել, եւ փաստորեն, 8,5 տարի սպասում է…

88 խցից ներման դիմում են անգամ գրել Սահմանադրական դատարանին, ՀՀ նախկին նախագահին. դարձյալ պատասխաններ չէին ստացվել։ Սա 5-րդ հարկում։

4-րդ հարկում մտանք այն խցերը, ուր պահվում են նախաքննության տակ գտնվողները։ Մեկ խցում գտնվում էին տասնմեկ անձ, մեկը որսորդական հրացան գողանալու մեջ է մեղադրվում, մեկն՝ աղջիկ փախցնելու, մեկը՝ սպանության… Իսկ ահա կարցերը. հաստատ 7 քայլ կարող ես անել։ Վառվում է մի աչք-լամպ, չկան դասական նառերը, կա փայտե «մահճակալ» (փակովի-բացովի)։ Այստեղ կարող են պահել մինչեւ 10 օր։

Մեկուսարանի հիվանդանոցի բժիշկների հետ հանդիպեցինք։ Հիվանդասենյակում երկու դատապարտյալ են «տեղավորվել». անկողին, կապրոնե շշեր, սրբիչ հիշեցնող «սրբիչներ»։ Բժիշկներն, ինչպես չազատազրկվածներիս ծանոթ բժիշկները, դժգոհում են դեղորայքի պակասից։ Չնայած նշեցին, որ «Կարմիր խաչն» ուղարկում է դեղորայքը բուժվարչություն, եւ այնտեղից էլ հասնում է իրենց։

71 խցում են գտնվում իրանցիներ Ահբաբ Քեյշվարզը (3 տարի 3 ամիս), Աբդուլլահ Խուդավերդի-զադեն (2 տարի, եւ համառորեն Խուդավերդյան էր նշում իր ազգանունը- Ռ. Մ.), Իբրահիմ Ամոնին (17 ամիս), Երվանդ Ավանեսյանը (8 ամիս)։ Նասեր Խալիլին տեսակցության էր գտնվում։ Նրանք մեղադրվել եւ դատապարտվել էին ապօրինաբար թմրամիջոցներ ձեռք բերել-փոխադրելու, իրացնելու մեջ։ Նրանց մեկ անգամ հանդիպել են Իրանի դեսպանատան աշխատակիցները, «Կարմիր խաչը»։ Եվ վերջ։ «Սաղ կյանքներս պիտի լինենք այստե՞ղ»,- հայերեն հարցնում էր Ահբաբը. «Ի՞նչ մեղք ունենք, որ փակ տեղում օրերս անցնի»,- ասում էր Իբրահիմը։ Փաստորեն, նրանք տարբեր ժամանակներով պատժաչափ են ստացել, որը պետք է կրեին գաղութներում, բայց ոչ բանտային ռեժիմով։

Փաստաբան Ռուբեն Ռշտունին ասաց, որ «ուժեղացված ռեժիմի դատապարտելն առանց դատարանի դատավճռի՝ օրենքի կոպիտ խախտում է» եւ սակայն. ո՞վ պիտի լուծի՝ Իրանի Իսլամական Հանրապետությո՞ւնը, թե՞ մեր, իրավապաշտպաններին մտահոգող հարցն էր։ Մի բան հայտնի է, որ բանտային ռեժիմը պատժի ամենածանր ձեւն է, նախատեսված ծանր ռեցիդիվիստների համար…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930