Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 14,2000 00:00

ՄԵԾԵՐԸ՝ ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը թեեւ պատմության մեջ չի մնա որպես հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների բացահայտող, սակայն դրանով չի խունանում նրա այն արտահայտությունը (չնայած՝ դա էլ իր հեղինակայինը չէ). «Ուզում են ե՛ւ կույս մնալ, ե՛ւ հաճույք ստանալ»։ Զինդատախազի այս արտահայտության դեմ լուրջ առարկությամբ երեկ հանդես եկավ խոշոր իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Առավոտի» թղթակցին նա իր անհամաձայնությունն ա՛յս կերպ արտահայտեց. «Կարելի է կույս չմնալ, բայց եւ հաճույք չստանալ»։ ՊԵՏՔԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ Կառավարությունում եւս կան անհատական եւ հասարակական պետքարաններ։ Անհատականների հարցը հեշտ է, բայց ընդհանուր պետքարանները (իմա՝ զուգարան) անմխիթար վիճակում են։ Ջուր չկա, թուղթ չկա, ձեռքերը չորացնող սարքը չի աշխատում։ Մի խոսքով, նոր նշանակված նախարարները ճիշտ կանեն, եթե մի քիչ փող հավաքեն եւ ընդհանուր ուժերով վերանորոգեն իրենց աշխատակիցների համար նախատեսված զուգարանները։ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԵԼ «Առավոտն» անդրադարձել էր ԼՂՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սլավիկ Առուշանյանի գրանցումն անօրեն մերժելու պատմությանը։ Երեկ տեղեկացանք, որ Ս. Առուշանյանը դիմել է ԼՂՀ դատախազին։ Նա խնդրում է քրեական գործ հարուցել Ասկերանի ՇԸՀ նախագահ Ս. Հարությունյանի եւ ԿԸՀ նախագահ Ս. Դավթյանի նկատմամբ «միտումնավոր դատարանի որոշումը չկատարելու, պաշտոնական դիրքը չարաշահելու եւ կեղծարարության համար»՝ պահանջելով ապահովել ԼՂՀ ԱԺ պատգամավորների ընտրությունների մասին օրենքի պահանջների կատարումը։ Զավեշտականն այն է, որ այս ամենը կատարվում է արցախյան շարժման նախաձեռնող խմբի անդամներից մեկի նկատմամբ։ Այն իրականացնում են մարդիկ, ովքեր նախկինում Ադրբեջանի նոմենկլատուրային աշխատողներ էին, ամեն կերպ դիմադրում էին շարժման ժողովրդականացմանը։ Ս. Առուշանյանը ԼՂՀ-ում ակտիվ քաղաքական դիրք գրավողներից մեկն է եւ գտնվել է խորհրդարանական ընդդիմության մեջ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել