«ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՐԻԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՑԱԾՐ ԷԻՆ» «Ազգային առաջադիմություն» կուսակցության IV համագումարի աշխատանքների ընթացքին ամենեւին չէր խանգարում հրավիրյալ Խաչիկ Ստամբոլցյանի՝ կիսաընդարմացած վիճակում խաչբառի լուծումն ու թերթի ընթերցանությունը։ Հասկանալի պատճառներով կուսակցությունն իր համագումարը հրավիրել էր ոչ թե Օպերայի կամ Մարզահամերգային համալիրի դահլիճներում, այլ Արամ Խաչատրյանի տուն թանգարանի՝ համեստ չափերով աչքի ընկնող դահլիճում։ Համագումարի մեխը, բնականաբար, կուսակցության նախագահ Ալբերտ Բաղդասարյանի ելույթն էր։ Նա նախ իր տարակուսանքն արտահայտեց այն կապակցությամբ, որ ՀՀ նախագահը՝ պատասխանատվությունից խուսափելու համար անընդհատ փոխում է կառավարությունները։ Հոկտեմբերի 27-ից հետո Արամ Սարգսյանի կառավարության աշխատանքը պրն Բաղդասարյանը համարեց նախագահի կամայականությունների դեմ եւ հնարավորության սահմաններում՝ արդյունավետ։ Այդ կառավարության գործունեության մեջ կարեւոր էր հոկտեմբերի 27-ի գործոնը՝ թեկուզեւ այն առումով, որ «Հոկտեմբերի 27-ը մի մասը համարում էր Ռոբերտ Քոչարյանի ծրագրի մի մասը»։ Ինչ վերաբերում է «ՀՀՇ-ածին» անվանմանն առհասարակ, պրն Բաղդասարյանն ասաց, որ ներկայիս ղեկավարներն էլ ուժային մեթոդներով ընտրություն կազմակերպելու ձեւերով ոչ մի ձեւով չեն տարբերվում «նախորդներից» եւ, որ նրանք են Վազգեն Սարգսյանի, Վանո Սիրադեղյանի օրոք քծնանքով եւ ստորության այլ տարատեսակներ կիրառելով՝ պաշտոններ ստացել, իսկ այսօր վարկաբեկում են ե՛ւ մեկին, ե՛ւ մյուսին։ Ըստ հռետորի՝ 90-ականների սկզբին «սրիկայության չափանիշները ցածր էին»։ Իսկ այն, որ 95-ին հանրապետության զգալի մասը ցանկանում էր նախագահ տեսնել Վազգեն Մանուկյանին, ոչ թե նրանից էր, որ Վ. Մանուկյանին շատ էին սիրում, այլ պարզապես ցանկանում էին, որ փոխվի տերպետրոսյանական համակարգը։ «Ազգային առաջադիմության» նախագահն այն կարծիքին է, որ կեղծ է «աջ» կամ «ձախ» ուժերի բաժանումը, քանի որ հիմա իրենց աջ համարող կուսակցությունների խմբավորումը 95-ին ամենասոցիալիստական ծրագիր ունեցողներն էին. «Այսպիսով, եթե նրանք աջ են, ես ինձ ավտոմատ կերպով ձախ եմ զգում»։ Պրն Բաղդասարյանը բավական երկար (մոտ մեկ ժամ) ելույթից հագենալով՝ ձայնը փոխանցեց «կուսակցության բարեկամ» Ավետիք Իշխանյանին։ Ըստ նրա՝ այսօր բոլորը փորձում են խուսափել Շարժման հետ որեւէ կապ ունենալուց, իսկ Ազգային հեռուստատեսությունը զբաղվում է Շարժման վարկաբեկմամբ։ Պրն Իշխանյանը պարզապես չէր կարող չխոսել նաեւ Ռուսաստան-Բելառուս դաշինքին Հայաստանի միացման անթույլատրելիության մասին. «ԱԺ-ի 40 պատգամավոր պայքարում է Հայաստանն անկախությունից զրկելու ուղղությամբ»։ Այն, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների մեղավորը համարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին, խոցել էր պրն Իշխանյանի սիրտը. «Եթե նա՛ է մեղավոր այս ամենի համար, ուրեմն կեցցե՛ այդ տղան (եթե ինչ-որ մեկն ասի, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը տղա չէ, թող առաջինը քար նետի պրն Իշխանյանի վրա- Լ. Ա.)։ Եթե մի մարդ էր մեղավոր, ապա ո՞ւր էին մյուսները»։ Ինչեւէ։ «Ազգային առաջադիմությունն» ընդունեց IV համագումարի բանաձեւ, ուր մասնավորապես խոսք կա նախագահական վաղաժամկետ արդար ու օրինական ընտրությունների անցկացման մասին, «որին կհաջորդի նոր պետական կառավարման համակարգի սահմանադրական ամրագրումը»։ Լ. ԱՎԱԳՅԱՆ