Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 14,2000 00:00

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՓՈՂԿԱՊՆԵՐՈՎ Հենց որ կառավարությունը ծրագիր ունեցավ, այսինքն՝ վարչապետին վստահություն հայտնվեց եւ ասվեց՝ աշխատիր, տեսնենք՝ դո՛ւ ինչ պիտի անես, Հայաստանում աշխատող դիվանագիտական կորպուսը, արարողակարգի համաձայն, եկավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ ծանոթանալու. կարգն է այդպես, ոչ մի նշանակություն չունի՝ Անդրանիկ Մարգարյանի հետ որոշ դեսպաններ ընկերական թե մտերիմ հարաբերությունների մեջ էին։ Բոլորը պետք է ներկա լինեին հանդիպմանը։ Սա պարտադիր այն հանդիպումներից էր, որը կարելի է նաեւ կոչել հանդիպում փողկապներով։ Չկար միայն Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Քոլեյնին։ Միջանկյալ ասենք, որ հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին բոլորը գիտեին, բայց ոչ ոք չցանկացավ մեկնաբանել իրենց գործընկերոջ պահվածքը։ Այդ բանը զարմանալիորեն չուզեց անել նաեւ ԱԳՆ լրատվության բաժինը. «Մեր կողմից մեկնաբանություններ չեն լինի»,- այսպես պատասխանեցին մեզ։ Իսկ Իրանի դեսպանատան հեռախոսները համերաշխ լռություն էին պահպանում։ Հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ ինչ որ պատահում է, պատահում է հենց այս ամսին, ծիրանի հասնելու ժամանակահատվածում, թեպետ Իրանի դեսպանի պատմությունը ծիրանից հեռու է այնքան, որքան մենք Իրանից, բայց ԱՄՆ-ի երբեմնի դեսպան պարոն Լիդիկի պատմությունը հենց ծիրանի ցոգոլային ժամանակաընթացքում կատարվեց։ Երեւի ժամանակն է, ի վերջո, Հայաստանում ապրող եւ աշխատող դեսպաններին եւ դիվանագիտական այլ աշխատանքով զբաղվողներին պարզապես հիշեցնել, որ սա եւս պետություն է եւ այստեղ եւս պետք է հարգել կարգն ու կանոնը։ Ասում ենք՝ հայերը տաքարյուն են, բայց ականատեսների վկայությամբ իրանցի դիվանագետը եւս այդպիսին է, եւ նրա պահվածքում շատ բան նաեւ դրանով է պայմանավորված եղել։ Օդանավակայանի մեր աղբյուրները միջադեպի մասին ասում են, թե պարոն դեսպանը նույնիսկ չի ներկայացել, եւ հետո՝ ուղեւորը ինքնաթիռում պարտավոր է ենթարկվել ընդհանուր կարգ ու կանոնին, այսինքն՝ օդանավի հրամանատարին։ Դեսպան ես, թե նախագահ, ոչ մի նշանակություն չունի. որեւէ ինֆորմացիա ստանալու համար պարզապես հարկ է դիմել օդանավի հրամանատարին եւ ոչ թե իջնել օդանավից՝ հուզող հարցի պատասխանը ստանալու։ Ինչեւէ, վերադառնանք մեր արարողակարգին։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ դիվանագիտական կորպուսի հանդիպման ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգվեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Հաֆեզ Ասադի հիշատակը։ Դեսպանները շնորհավորանքի խոսքեր ասացին վարչապետին, վարչապետն էլ շնորհակալություն հայտնեց։ Ոչ մի հյուրասիրություն նման հանդիպումների համար նախատեսված չէ։ Կարգը պահպանվեց։ Հանդիպումից հետո հասցրինք զրուցել միայն Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովի հետ։ Վերջին շրջանում լուրեր էին շրջում այն մասին, թե ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանին նախագահ Պուտինը պաշտոնավարման ժամկետի ավարտից շուտ է ետ կանչելու այն պատճառով, որ ՌԴ նախագահին դժգոհություններ են փոխանցվել Դրյուկովի գործունեության վերաբերյալ։ Առիթն օգտագործելով, այս մասին հարցրինք պարոն դեսպանին։ «Այդ հարցին թող պատասխանեն նրանք, ովքեր նման լուրեր են տարածում»,- եղավ պարոն Դրյուկովի պատասխանը։ Իսկ ինքը՝ դեսպանը, ցանկանո՞ւմ է աշխատել Հայաստանում. «Ես կաշխատեմ այնքան ժամանակ, որքան իմ նախագահը ինձ այստեղ կպահի»։ Դիվանագետները վարչապետի հետ հանդիպման ժամանակ նոր կառավարության հետ աշխատելու իրենց պատրաստակամության մասին են հայտնել, ուշադիր լսել են վարչապետի ներկայացրած ծրագիրը։ Հանդիպման ժամանակ ոչ մի հարց չի տրվել, ոչ մի պատասխան չի հնչել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել