Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է Արձագանքելով «Առավոտի»՝ «Հանրապետություն» կուսակցության սաղմնային վիճակը» հրապարակմանը, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հերքել է, թե ինքը եւ ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանը որեւէ առնչություն ունեն «Հանրապետություն» կուսակցության նախաձեռնության հետ։ Սույն հերքումը, կարծում ենք, նախեւառաջ ուղղված է ԵԿՄ-ի մեր աղբյուրներին։ ՈՉ ԹԵ ԱՆՁ, ԱՅԼ ԾՐԱԳԻՐ «Առավոտին» հաջողվեց պարզել, որ ՀՅԴ-ն ոչ թե իր թեկնածուին ՔԱԳՎ-ի պետ նշանակելու համար է լոբբինգ սկսել, այլ ուղղակի առաջարկել է «Հայկական ավիաուղիների» առողջացման միջոցառումների մի շարք։ Ի դեպ, Գագիկ Սաֆարյանի առնչությամբ էլ, որին ներկայացրել էինք որպես այդ պաշտոնի հավակնորդ, ճշտեցինք, թե նա այլեւս «Ավիատրանս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը չէ եւ համանուն հյուրանոցը նրա սեփականությունը չէ։ ԵՍ ԱՆՄԵՂ ԵՄ՝ ԿՈՃԱԿՍ ՍԵՂՄՈՂՆ Է ՄԵՂԱՎՈՐ Որպես կանոն՝ երբ հրապարակում ենք այնպիսի քվեարկությունների տվյալներ, որոնք կարող են վնասել ժողովրդի ընտրյալների վարկանիշին, հետեւում են վերջիններիս բացահայտումները, թե ով է իրենց փոխարեն քվեարկել։ Ահա երեկ էլ, կենսաթոշակառուներին եւ հաշմանդամներին էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու առնչությամբ օրինագծի քվեարկության արդյունքների վերաբերյալ «Առավոտի» հրապարակմանը հետեւեցին պատգամավորների նման պարզաբանումներ։ Թերեւս, հարգելի կարելի է համարել Արմեն Մխիթարյանի բացատրությունը, թե ինքը հիվանդ է եղել եւ իր փոխարեն հարեւան պատգամավորներն են անհաջող քվեարկել։