ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԵԼՈՒՅԹՆԵՐ ՉԵՆ ԳՐՈՒՄ Ստիպված ենք մեր տարակուսանքը հայտնել «Առավոտ» օրաթերթի հունիսի 6-ի համարում տպագրված Մ. Ե. ստորագրությամբ «Շուշաններ՝ շվեյցարացի բարեկամիս» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ: Ժնեւում հունիսի 26-30-ին կայանալիք «Սոցիալական զարգացման համաշխարհային գագաթնաժողով՝ գլոբալացված աշխարհում բոլորի համար սոցիալական զարգացման ձեռքբերում» ՄԱԿ-ի 24-րդ նստաշրջանին իսկապես նախատեսվում էր նախարար Օսկանյանի մասնակցությունը: Իսկապես, ԱԳՆ-ը դիմել էր սոցապ նախարարություն՝ խնդրելով տրամադրել համապատասխան նյութեր պատշաճ մակարդակով համաժողովին ներկայանալու համար: Այս հարցի պատասխանատուն է փոխնախարար Շուգարյանը, քանի որ իրեն է հանձնարարված համակարգել միջազգային կազմակերպություններում վարվող քաղաքականությունը: Կառավարության որեւէ ստորաբաժանումից մասնագիտական բնույթի նյութեր ստանալու համար դիմումը սովորական գործողություն է, որ տեղի է ունենում օրեկան տասնյակ անգամներ: ԱԳՆ-ում չեն կարող լինել փորձագետներ սոցապ, առողջապահության, կամ էլ, օրինակ, էներգետիկայի ոլորտներին մասնագիտական գնահատական տալու համար: Տրամաբանական է, որ այս առթիվ բոլոր հարցերը ճշտելու համար պետք է դիմել համապատասխան գերատեսչություններին: Ակնհայտ է նաեւ, որ որեւէ նախարար, կամ փոխնախարար որեւէ ելույթ անձամբ չի նախապատրաստում, այլ համակարգում է իր ենթակաների աշխատանքը եւ հետեւում իր հանձնարարության կատարմանը՝ արդեն մշակված քաղաքականության շրջանակում: ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչություն