Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 13,2000 00:00

ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ՝ ՅՈՒՐԱՅԻՆ… HTB հեռուստաընկերության «Օրվա հերոսն՝ առանց փողկապի» հաղորդաշարի հեղինակ Զայցեւային երկու օրում հաջողվեց նկարահանել մեր օրվա հերոսներից մեկին՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ըստ հավաստի լուրերի՝ պրն Քոչարյանը մի փոքր վերապահումով է համաձայնել նկարահանվել այդ հաղորդման մեջ (հայտնի է, որ նա նման «զիզի-բիզի» բաների հանդեպ սեր չունի, նրանը՝ լուրջ քաղաքական քննարկումներն են, հարցազրույցները, բայց միայն բացառիկ եւ միայն Ազգային հեռուստատեսության), սակայն քանի որ նրանից առաջ այդ նույնն արել էին Անդրկովկասի նրա երկու ավագ գործընկերները՝ Ալիեւն ու Շեւարդնաձեն, Քոչարյանն էլ չի հրաժարվել։ Տիկին Զայցեւայի հետ մեր նախագահը հանդիպել է նաեւ «Պապլավոկում», ուր պատահաբար նրանց տեսել եւ նախագահին է մոտեցել Վլադիմիր Սպիվակովը (վերջինս սրճարան էր եկել Ալիկ Հարությունյանի ընկերակցությամբ)։ Բնական է, որ Սպիվակովն ու նախագահը համբուրվել են, եւ այդ համբույրը տեղ է գտել նաեւ կադրում։ Նկարահանման շարունակությունը տեղի է ունեցել Սեւանում, նախագահական առանձնատանը։ Թեեւ ոչ ոք չի պնդում, սակայն ենթադրում ենք, որ Ռ. Քոչարյանը ԱՊՀ երկրների հեռուստադիտողների աչքը կշոյի նաեւ բասկետբոլ խաղալով, հեծանիվ քշելով։ Նկատենք, որ տիկին Զայցեւան խիստ հավանել է Ռոբերտ Քոչարյանին, անգամ նեղ շրջանակներում խոստովանել է, որ մեր նախագահը մի «պլանկայով» բարձր է Շեւարդնաձեից եւ Ալիեւից (հավանաբար, ֆոտոգենիկությամբ եւ մայրենի լեզվից անհամեմատ լավ ռուսերենի իմացությամբ)։ ԱՊՀ երկրների նախագահներից մինչ օրս այդ հաղորդման մեջ չեն նկարահանվել միայն Թուրքմենբաշին եւ Ակաեւը։ Իսկ նախագահ Քոչարյանին առանց փողկապի տեսնելու հաճույքը կունենանք սեպտեմբերին։ Բնական է, որ նախագահի ներկայացուցիչը մինչ հաղորդման ցուցադրությունը (չենք ժխտում, որ միայն հետաքրքրասիրությունից) ակտիվորեն կմասնակցի հաղորդման մոնտաժին։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել