Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հունիս 10,2000 00:00

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱՂՄՆԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ ԱԺ «Միասնություն» խմբակցությունից երկրապահ պատգամավորների առանձնացումն ու «Հայաստան» պատգամավորական խմբի ստեղծումը հուշում էր, որ ամենամոտ ապագայում մի նոր կուսակցության ծննդի վկան ենք լինելու։ Այն անհրաժեշտություն էր դարձել այն բանից հետո, երբ երկրապահներն ըմբռնել էին Հանրապետական կուսակցության հետ միավորվելու ճակատագրական սխալի ողջ լրջությունը։ Վերջիններս հիմա վճռականորեն ձեռնամուխ են եղել սեփական կուսակցության ստեղծմանը։ Երկրապահները դեռեւս գրանցման համար պաշտոնապես չեն դիմել համապատասխան նախարարությանը, փոխարենը հայտնի է, որ կուսակցությունը «Հանրապետություն» է կոչվելու։ Վերջինս հավակնում է դառնալ աջ կենտրոնամետ ուժ, թեեւ այս մասին ծրագրում ոչ մի տող չկա։ Կարմրափայլ գրիչս սահեցնելով սպիտակափայլ թղթի վրայով… Ու, թեեւ, որոշ երկրապահների պնդմամբ, կուսակցության անունն ու ծրագիրն առայժմ սաղմնային փուլում են, այսուհանդերձ, հարկ համարեցինք անդրադառնալ դրան՝ կասկածելով, թե այն լուրջ ու էական փոփոխություններ կկրի։ Կուսակցության ծրագրի մի քանի էջ թերթելով՝ տպավորություն ստեղծվեց, թե առաջիկայում ի հայտ է գալու մի նոր, բայց ավելի պարզունակ դաշնակցություն՝ իր մաշված գաղափարախոսությամբ։ Ծանոթանալով կուսակցության ծրագրի որոշ հիմնադրույթներին, ընթերցողին կարող է թվալ, թե սույն փաստաթուղթը ոչ անհայտ մի պատգամավորի ելույթների ժողովածուն է։ Կանոնադրության «Ընդհանուր դրույթներ» բաժնում ասված է՝ «կուսակցությունն իր գործունեությունը խարսխում է Հայոց պատմության դասն իր մեջ ընդհանրացնող ազգային գաղափարախոսության վրա», ապա ավելի ուշ հավելում է՝ «կուսակցությունն ազգային գաղափարախոսությունն ու ազգային պետականությունը դիտում է որպես ազգային գոյության միակ եւ անփոխարինելի նախապայման, իսկ նրա պաշտպանությունն ու հզորացումը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սրբազան առաքելությունը»։ Այսօրինակ պաթետիկ եւ ունայն բառաշղթաներ, կանոնանադրություն կոչվող այս փաստաթղթում՝ որքան ուզեք։ Ասենք՝ «… Պատմության քառուղիներում քաղաքական տեղատվություններն ու մակընթացությունները խաթարեցին մեր ազգային ճակատագիրը։ Շնորհիվ մեր զորավոր արմատների ու ազգային կենսունակ հոգու, չխաթարվեց մեր ազգային մենքը», կամ՝ «20-րդ դարի վերջին Արցախյան ազգային ազատագրական շարժումը ազգային նորագույն զարթոնքի նախերգանքն էր։ Հայը հայտնաբերեց ինքն իրեն ու ապրեց վերագտնումի սրբազան պահը։ Եվ որպես այս զորավոր երկունքի արդյունք, ունեցանք ազգային անկախ պետականություն, Արցախյան ոգեղեն հաղթանակ։ Մեր անկախությունը հաստատվել է Հայոց պատմական հայրենիքի՝ Մեծ Հայքի 1/10-րդ մասում։ Քաղաքական ճակատագրի բերումով մեր հայրենիքը պատմական հիշողություն է։ Հիշողությունն իրականություն է դառնում, երբ վերածվում է պատմական դասի, վաղվա գործողությունները կանխորոշող խորհրդի» եւ այսպես շարունակ։ Հանուն արդարության պետք է ասել, որ երկրապահները կարեւորելու են նաեւ կրթությունը՝ «որպես համազգային արժեք, ազգային գենոֆոնդի կենսունակության հաստատման միջոց»։ Հավանաբար հաշվի առնելով, որ ԱԺ պատգամավոր դառնալու համար ամենեւին պարտադիր չէ 10-ամյա եւ, առավել եւս, բարձրագույն կրթություն, կուսակցությունը գտնում է, որ պետք է սահմանվի 8-ամյա պարտադիր անվճար ուսուցում։ Կուսակցություն, բայց ոչ «համակարգային» Ծրագրային ճռճռան ու պետականության զգացումից զուրկ հիշյալ դրույթներից անցում կատարենք ներքաղաքական այն իրավիճակին, որի պայմաններում փորձ է արվում կուսակցություն ստեղծել։ Որ երկրապահները ձգտում են անկախ քաղաքականություն վարել եւ ներազդել ներքաղաքական գործընթացների վրա՝ միանգամայն բնական է, մանավանդ, որ իբրեւ քաղաքական թեւ արդեն գոյություն ունեն։ Հարցն այն է, միայն, թե ովքե՞ր եւ ի՞նչ նպատակով են փորձում օգտագործել այս կուսակցությունը։ Հավաստի աղբյուրներն ասում են, որ «Հայաստան» պատգամավորական խմբից ու ԵԿՄ վարչության նախագահից զատ կուսակցության ստեղծման ակունքներում կանգնած են ոչ միայն գեներալ Մանվելի կինը, այլեւ ոչ անհայտ զինդատախազ Գ. Ջհանգիրյանն ու ՊՆ փոխնախարար Ա. Աղաբեկյանը, եւ սա որոշ երկրապահների անհանգստացնում է։ Կասկածելի են թվում բոլոր կողմերից կուսակցության գրանցումն արագացնելու անընդհատ հնչող պահանջները։ Վերջիններս մտավախություն ունեն, թե փորձ է արվում կուսակցությունը նպատակաուղղել։ Հայտնի չէ տակավին, թե ում կոնյունկտուրային շահերին է ծառայեցվելու այն։ Երկրապահներն առաժմ փորձում են գուշակել, մինչդեռ ԵԿՄ-ին մոտ կանգնած մի լավատեղյակ աղբյուր նկատեց, թե սա Ռ.Քոչարյանի «խաղն» է՝ մանավանդ, որ կուսակցության ստեղծման հետ սերտ առնչություններ ունեն Գ. Ջհանգիրյանն ու Ա. Աղաբեկյանը։ Վերջիններս ԵԿՄ որոշ շրջանակներում այլեւս դիտվում են իբրեւ «կոնյուկուրշչիկներ» ու նախագահին հարող գործիչներ։ Որոշ դիտորդներ փորձեցին զուգահեռներ անցկացնել Պուտինի՝ ՌԴ-ում «համակարգային», ասել է թե, վերահսկելի ընդդիմություն ստեղծելու մոդելի եւ Ռ. Քոչարյանի նմանատիպ ձգտումների միջեւ։ Անշուշտ, այս տարբերակով երկրապահներին ամենեւին էլ ձեռնտու չէ կուսակցություն ստեղծել, եթե, իհարկե, չեն ուզում Ռ. Քոչարյանի ծուղակն ընկնել։ Բայց առայժմ երկրապահներն անհամեմատ մեծ նշանակություն են տալիս ոչ թե այն բանին, թե սա ում խաղն է կամ, առավել եւս, ֆորմալ թվացող ծրագրին, որքան նրան, թե ով կգլխավորի իրենց կուսակցությունը։ Լուրջ կուսակցություն լինելու նրանց միակ չափանիշը քաղաքականապես լեգիտիմ եւ «չփչացած» առաջնորդ ունենալն է։ Իբրեւ այդպիսի թեկնածուներ դիտվում են Ա. Բազեյանն ու նախկին վարչապետ Ա. Սարգսյանը, սակայն վերջիններս առայժմ հապաղում են դիրքորոշում հայտնել իրենց թեկնածությունների վերաբերյալ։ Նրանք եւս, հավանաբար, չեն վստահում ու կասկածում են երբեմնի զինակիցներին։ Բայց, եթե անգամ այս կասկածները հիմնավոր են՝ դեռեւս չի նշանակում, որ երկրապահական կուսակցության ստեղծումը ժամանակավրեպ է, մանավանդ, երբ ԱԺ-ում գործող «Հայաստան» խումբն ինքնին որոշակի քաղաքական կապիտալ է եւ կարող է օգտագործվել եթե ոչ ԵԿՄ-ի, ապա այլ ուժերի, նաեւ Ռ. Քոչարյանի կողմից։ ԵԿՄ-ում ոմանք հարցի լուծումը տեսնում են կասկածելի մարդկանց օժանդակությունը մերժելու մեջ։ Սա արդեն տարբերակ է։ Հակառակ դեպքում քաղաքական անհեռատեսություն կլինի սեփական քաղաքական կապիտալը զիջել ուրիշներին, հատկապես եթե այն կարող է օգտագործվել Ռ.Քոչարյանի կողմից՝ Ս.Սարգսյանի հետ անխուսափելի եւ արդեն ծլարձակող հակամարտության համատեքստում։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել