Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 10,2000 00:00

ՓՈԽԱՏԵՂՈՒՄ Ազգային անվտանգության նախարարությունը երեկ ձերբակալել է Կենտրոն համայնքի գլխավոր ճարտարապետին։ Նրան կասկածում են տնտեսական ինչ-որ հանցանքի մեջ։ Ի դեպ, հետաքրքիր է, որ ԱԱՆ-ի բացահայտումները վերջերս գերազանցապես հենց տնտեսական հանցագործությունների են առնչվում։ Թերեւս ՆԳՆ-ն ու դատախազությունն էլ զբաղվում են երկրի անվտանգության, հետախուզության եւ հակահետախուզության հարցերով։ ԴԵՍՊԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Ըստ իրազեկ աղբյուրներից «Առավոտին» հասած լուրերի, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը պաշտոնավորման ժամկետի ավարտից շուտ է ետ կանչվելու՝ առաջիկա ամիսների ընթացքում։ Պատճառը մասնավորապես այն է, որ ՌԴ նախագահին դժգոհություններ են փոխանցվել Դրյուկովի գործունեության վերաբերյալ։ ՈՉ ԹԵ ՆՎՆՎՈՑ, ԱՅԼ ՄՌՄՌՈՑ Պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հարցրեց, թե նախագահը կառավարության ծրագրի՞ց է եզրակացրել, որ սոցիալ-տնտեսական հարցերի մասին խոսելիս քաղաքական գործիչները նվնվում են։ «Ինձ թվում է սա նվնվոց չի»,- ասաց Անդրանիկ Մարգարյանը։ Մենք էլ ենք վարչապետի կարծիքին, եթե հաշվի առնենք, որ նրա խոսելը ավելի շատ մռմռոցի է նման։ Կարդացեք էջ 4։ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԿԼԻՆԻ ԵԿՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՎԸ ԵԿՄ քաղաքական թեւի ու «Հայաստան» պատգամավորական խմբի հենքի վրա կստեղծվի նոր կուսակցություն։ Սակայն հակառակ մամուլում տեղ գտած պնդումների՝ այն կկոչվի ոչ թե «Հայաստան», այլ՝ «Հանրապետություն»։ Վերջինս, սակայն որեւէ առնչություն չունի «նախկինների» համանուն խմբակցության հետ։ Նախաձեռնող խումբն առայժմ աշխատում է կուսակցության ծրագրի մշակման ուղղությամբ։ Կարդացեք էջ 3։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել