Լրահոս
Օրվա լրահոսը

Շինիչ մոտեցում

Հունիս 10,2000 00:38

«ՀՀ»-ին տված իր բացառիկ հարցազրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանն արեց իր խորաթափանցությամբ մի բացառիկ հայտարարություն՝ ասելով, որ ա) ընդդիմությունը յուրաքանչյուր երկրում անհրաժեշտություն է, բայց. բ) Հայաստանի Հանրապետությունը փոքր երկիր է այսքան շատ տարաձայնություններ ունենալու համար։ Դրանից պետք է հասկանալ, որ կառավարության նոր ղեկավարը սկզբունքորեն դեմ չէ ընդդիմության գոյությանը, բայց քանակական առումով այն շատ չպիտի լինի։
Իմաստուն դատողություն է. երբ ընդդիմադիր կուսակցությունները շատ են դառնում եւ փորձում են միանալ դաշինքների մեջ, ապա իշխանավորների կյանքը սկսում է անտանելի դառնալ։ Ահա թե ինչու նախկին այլախոհը պատվիրում է ընդդիմությանը կառուցողական լինել։ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, պետք է ոչ միայն քննադատել, այլեւ առաջարկել վիճակից դուրս գալու ծրագրեր։ «Օրինակ,- ասաց վարչապետը,- ԱԺ¬ում ընդդիմությունն ավելի կառուցողական է դրսում գտնվող ընդդիմություններից»։
Եվ այստեղ էլ է վարչապետն իրավացի։ Օրինակ, ԱԺՄ-ն մեզ մոտ ընդդիմություն է։ Բայց որքա՜ն կառուցողական՝ ֆանտաստիկայի աստիճանի։ Ուղարկել է իր մարդուն կառավարություն եւ այլեւս միայն քննադատելու տեղ չունի։ Նույն կառուցողական ոգով են վարվել կոմունիստները։ Կարո՞ղ են նրանք միայն քննադատել կառավարությանը, եթե նրանց Լեոնիդ Հակոբյանը դարձել է գործադիր իշխանության ամենամոլեռանդ պաշտպաններից մեկը, բացարձակապես մոռանալով իր ընդդիմադիր անցյալի մասին։ Էլ չենք խոսում ՀԺԿ-ի մասին՝ այդ կուսակցությունն ընդհանրապես խփել է սուպերկառուցողականության բոլոր ռեկորդները։ Որպես ընդդիմություն ՀԺԿ-ն, իհարկե, չի կայացել, բայց երբեմն ուզում է այդպիսին երեւալ։ Կառավարության համար, օրինակ, չի ցանկանում պատասխանատվություն կրել, բայց մյուս կողմից էլ չի ուզում կորցնել գործադիր իշխանությունում փողաբեր պաշտոնները եւ ըստ այդմ էլ չի հակադրվում վարչապետին եւ նրա հանճարեղ ծրագրերին։
Մի խոսքով, մեր խորհրդարանը լավն է։ Այնտեղ ա) կա անհրաժեշտ ընդդիմություն, բ) կա, բայց քիչ, գ) կա, բայց կառուցողական։ Քաղաքակիրթ երկրում չի կարելի կոչել ընդդիմություն այն ուժը, որը նախարարներ է ուղարկում կառավարություն։ Բայց դա քաղաքակիրթ երկրներում է։ Իսկ Հայաստանում շատ էլ հնարավոր է։ Նույնիսկ պետք է։ Այդպես է կարծում վարչապետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930