Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Ռուստամյանի հետ
Կառավարության նոր ծրագրի մասին Արմեն Ռուստամյանն ասաց. «Նպատակ չունենք անվստահության հարց բարձրացնել։ Ծրագիրը ընդհանուր առմամբ գնահատում ենք դրական այն առումով, որ նախ այդ ծրագրում շատ ճիշտ շեշտադրումներ կան իրավիճակը գնահատելու առումով, մատնանշված են հիմնականում այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրականացնել, եւ նաեւ որոշակի տարբերություն կա։ Դա այն է, որ նաեւ մենք բազմիցս ասել ենք՝ որեւէ ծրագիր չի կարող իրականություն դառնալ, եթե անհրաժեշտ մի քանի քայլերը չեն կատարվում։ Այդ առումով մեր մոտեցումների մի մասը ընդգրկված են անհապաղ իրականացվելիք քայլերի շրջանակում՝ տնտեսության, պետական համակարգի մեջ արմատական փոփոխություններ իրականացնելու ոլորտում, կարգ ու կանոն հաստատելու ոլորտում, խստագույն կարգապահություն իրականացնելու, վերահսկողություն ծավալելու, հակակոռուպցիոն պայքարի ոլորտներում։ Այս շեշտադրումները մենք համարում ենք ճիշտ եւ գտնում ենք, որ հենց այդ քայլերը կատարելով կարելի կլինի իրավիճակը փոխել։ Սակայն միշտ պարզ է ինչ անելը, բայց ինչպես անելը մի քիչ անորոշ է մնում։ Հույս ունենք, որ կառավարությունը բացի այս ծրագրից ենթադրում է եւ ունի որոշակի պատկերացումներ մեխանիզմների առումով։ Մենք էլ ունենք մեր պատկերացումները։ Իսկապես պետք է սկսել անելը։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել մեր անմիջական մասնակցությունը բերել հիմնականում կարգ ու կանոնի հաստատման գործին»։
– Ի դեպ, քանի որ կարգ ու կանոնից խոսեցինք, հոկտեմբերի 27-ի գործը հետաքրքիր շրջադարձ է ունենում։ Հիմա դուք երեւի կասեք՝ շատ կլինի, դատարանում ամեն ինչ կերեւա։ Բայց կուսակցության տեսակետը՝ հենց այս շրջադարձի մասին, նախաքննության պտույտների մասին։
– Մեր գնահատականը եղել եւ մնում է նույնը։ Դա խնդիր է, որ պետք է լուծվի բացառապես իրավական դաշտում։ Մենք դեմ ենք եւ միշտ էլ դեմ ենք եղել, որ դա ինչևոր ձեւով քաղաքականացվի։ Առաջին փուլում, իսկապես իրավիճակն այնքան լարված էր, կրքերն այնքան բորբոքված էին, որ բոլորի մոտ մի նպատակ կար՝ ամեն ինչ անել, որպեսզի հենց սկզբից չխոչընդոտվի գործի բացահայտումը։ Նաեւ այդ պատճառով է մեր տեսակետը շատ զուսպ եղել։ Նույնիսկ երբ ձերբակալվեց մեր կուսակցության անդամը՝ Հարություն Հարությունյանը, մենք այդ ժամանակ անգամ զուսպ խոսեցինք, որովհետեւ հիմնական նպատակը դա էր՝ հնարավորություն տալ, որպեսզի նախաքննական մարմինը իրականացնի իրեն բնորոշ ֆունկցիաները։ Իհարկե, ձերբակալությունը այդ գործի բացահայտման ձեւերից մեկն էր եւ դա, որպես միջոց, պետք էր կիրառել։ Այն ժամանակ, երբ կար մի քանի տարբերակ, դրանցից որեւէ մեկը կարող էր ստուգվել եւ դրա համար անհրաժեշտ էր որոշ ձերբակալություններ կատարել։ Բայց եթե գործի ընթացքում պարզվում է, որ այդ տարբերակը չի ապացուցվում, փաստեր չկան, ապա պետք է, այո, դա ասվի, եւ ովքեր որ ձերբակալվել են այդ տարբերակի պատճառով, նրանք պետք է ազատ արձակվեն։
– Վերջերս հրապարակում եղավ ձեր կուսակցության անդամներից մեկի վերաբերյալ, այն մասին, որ նա համապատասխան ծառայությունների գործակալ է։ Զարմանալիորեն, կուսակցությունը չարձագանքեց։ Դուք համաձա՞յն էիք հրապարակման մեջ մատնանշված փաստերին եւ ասելիք չունեի՞ք։
– Մենք բազմիցս, դժբախտաբար, ականատեսն ենք եղել այն բանի, որ մեր կուսակցությանը առիթից-առիթ հարվածների եւ հալածանքների են փորձել ենթարկել, եւ դա միշտ իրականացվել է որոշակի առումով՝ կուսակցության հասցեին ցեխ շպրտելով։ Այդ ժամանակ շատ ավելի լուրջ խնդիրներ կային, որոնցով հարկավոր էր զբաղվել։ Ինչևոր առումով, իհարկե, հնարավոր էր նաեւ դատի հարց բարձրացնել։
-Ինչո՞ւ չարեցիք։
– Ամեն անգամ դատի տալը կնշանակի, որ կուսակցությունը պետք է զբաղվի միայն այդ գործով։ Որովհետեւ այնքան շատ են այդպիսի անպատասխանատու հայտարարությունները։ Երեւի որոշ առումով ոմանց նպատակը հենց դա է, երեւի գիտեն, որ լուրջ կուսակցությունն անընդհատ չի կարող դատերի մեջ տեսնել իր գործունեությունը, երեւի դրանից օգտվում են։ Բայց չարաչար սխալվում են։ Վերջապես դա գալիս է նաեւ մեր դատական համակարգի ոչ նորմալ գործունեությունից։ Մենք կարծում ենք, որ այդտեղ էլ պետք է կարգ ու կանոն հաստատվի։ Մեկ-երկու-երեք նման դատավարություն երեւի պետք է իրականացվի, որպեսզի ժուռնալիստներն էլ չափուձեւեն իրենց ասածը։
– Ուզում եք ասել, թե պատրաստվո՞ւմ եք այդ բանն անել։
– Ճիշտն ասած, այստեղ իրավական առումով շատ անորոշ ձեւակերպումներ են, երեւի հատուկ այդպես է մտածված։ Երբ որ կլիներ կոնկրետ անհատի անուն, այդ դեպքում կոնկրետ անհատը դատի կտար։ Եթե վստահ էին, որ ճիշտ են, թող անունը տային։ Թող տային անունը, կոնկրետ անձ կլիներ, որը դատի կտար։
Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ