Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՆՎՆՎՈՑԻ ԱՐՁԱԳԱՆՔ

Հունիս 10,2000 15:49

Մի նվնվոց է շրջում հանրապետությունում. անհասկանալի մի նվնվոց, որը ստիպում է ցերեկները եւ հատկապես գիշերները, խելքը գլխին գործով զբաղվելու փոխարեն, մտածել ճամպրուկները կապկպելու ու էս երկրից հեռանալու մասին։
Մի նվնվոց է մտել որոշ քաղաքական գործիչների եւ որոշ պաշտոնյաների գլուխներից ներս, ու չի թողնում, որ մարդիկ լուրջ գործով զբաղվեն։ Նվնվոցի արձագանքից որոշ պաշտոնյաներ ընդհանրապես կորցրել են սթափ դատողությունը։ Արտագաղթը «լիլիպուտ» է, պարզապես էդ ո՞վ է համարձակվում ասել, թե «գուլիվերի» չափեր ունի։
Ու ոչ ոք այս նվնվոցին ուշադրություն չէր դարձնում, մինչեւ այն պատմական պահը, երբ հանրապետության նախագահը քաղաքական բանահյուսության մեջ արդեն հայտնի մոսկաներին, վատ պարողներին եւ հայտնի տղամարդուն մի կողմ թողնելով, շրջանառության մեջ մտցրեց հերթական թեման՝ նվնվոցի թեման։ Նախագահ Քոչարյանը կառավարության ծրագրին ծանոթանալուց հետո, մի կարճ զրույց ունեցավ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, եւ հենց այդտեղ էր, որ ասաց՝ նվնվոցն ուժեղացել է, «լաց ենք լինում եւ միայն արտագաղթից ենք խոսում»։ Այս պարագայում ի՞նչ է մնում հանրապետության նախագահին. «Ճամպրուկները հավաքել եւ երկրից ժամ առաջ հեռանալ»։
Ճշտենք՝ ոչ թե հեռանալ, այլ՝ մտածել այդ մասին։ Բայց կարծում եք այս երկրում այլեւս հեռանկարներ չկա՞ն, կան, իհարկե։ Հեռաևնկար, խորիմաստ բառ է։ Հեռանկարը պարզվում է այս նոր կառավարության նոր ծրագիրն է։ Հավանաբար շատ շուտով նվնվոցը կվերածվի մռթմռթոցի։ Մնում է միայն ազգովին նոտագրենք նվնվոցն ու մռթմռթոցը (գուցե՝ քրթմնջոցը) եւ սլուխով կատարենք։
Բայց նվնվոցը զարմանալիորեն դժվար է նոտագրվում։ Մռթմռթոցի տոնայնությունը մի քիչ ցածր է։ Մի տեսակ երաժշտական անհաշտություն է նկատվում։ Գուցե փորձենք մռթմռթոցը մի փոքր ավելի բարձր վերցնել, որ լսելի լինի, իսկ նվնվոցը պետք է մեկ տոնայնություն ցածր վերցնել։ Փորձում ենք։ Փայտիկը բարձրացավ։ Թողնել։ Ոչինչ չի ստացվում։ Հինգ հոգով տաս երգ ենք երգում։ Նույնիսկ նվնվալիս միասնական չենք։ Լավ, գուցե ավելի ճիշտ կլինի երաժշտական կոկտեյլը, թող ով ոնց կուզի կատարի։ Երեք ույու չորս։ Գնացի՜նք։ Պետք է պարզապես նվնվալ ու վերջ, պետք չէ ամեն նվնվոցի մեջ քաղաքական իմաստ փնտրել։ Իսկ նրանք, ովքեր լսելու «սլուխ» չունեն, կամ՝ ում համար «լյոխ լյավ ա», կարող են փորձել. բամբակը լավագույն միջոցն է։ Իսկ արտագաղթի մասին՝ ոչ մի խոսք, իսկ գործազրկության մասին՝ ծպտուն չհանեք, իսկ սովյալ ընտանիքների մասին՝ սո՜ւս։ Եվ բազմաթիվ լռության արժանի թեմաներ։ Հե՜յ, ո՞վ է համարձակվում նվնվալ։
Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930