Հունիսի 26-30-ը Ժնեւում կայանալիք «Սոցիալական զարգացման համաշխարհային գագաթաժողով՝ գլոբալացված աշխարհում բոլորի համար սոցիալական զարգացման ձեռքբերում» թեմայով ՄԱԿ-ի 24-րդ հատուկ նստաշրջանին կմասնակցի արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Ակնհայտորեն, պրն Օսկանյանի հետ սոցապ կրկնակի նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը չի մեկնի Ժնեւ եւ ելույթ չի ունենա սոցիալական թեմաներով։ Բայց սոցապ նախարարությունը լուրջ ներդրում կունենա արտգործնախարարի ելույթի նախապատրաստական աշխատանքներում՝ ԱԳ փոխնախարար Ռուբեն Շուգարյանի թեթեւ ձեռքով։ Փոխնախարար Շուգարյանը խնդրել է նախարար Մարտիրոսյանին՝ նախարար Օսկանյանի ելույթի նախապատրաստական նախագիծը ներկայացնել։ Առաջացել է մի հետաքրքիր շղթա, որի բոլոր օղակները թյուրիմացության մեջ են։ Վ. Օսկանյանը թյուրիմացության մեջ է, քանի որ կարծում է, թե իր ելույթի նախագիծը փոխնախարար Շուգարյանն է նախապատրաստում։ Փոխնախարարն էլ իր հերթին է թյուրիմացության մեջ, քանի որ կարծում է, թե Օսկանյանի ելույթները լավագույնս կարող է գրել Ռազմիկ Մարտիրոսյանը։ Մինչդեռ, միայն այդ ելույթները գրողը եւ սոցապ նախարարը հաստատ գիտեն, թե ո՞վ է իրականում գրում արտգործնախարարի սոցիալական ուղղվածության ելույթները։ Մեր կողմից կարող ենք ավելացնել, որ Ռազմիկ Մարտիրոսյանի ճաշակը նկատի ունենալով, ելույթի վերնագիրը կլինի… (տե՛ս այս լուրի վերնագիրը)։
Մ. Ե.