Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հունիս 10,2000 13:17

Սկիզբը կարդացեք այստեղ (մաս 1-ին):

1996թ. սեպտեմբերին Հայաստանում անցկացվեցին
նախագահական երկրորդ ընտրությունները:
Տեր-Պետրոսյանի ակտիվում էին մի շարք ձեռքբերումներ, ներառյալ խռովահույզ եւ վտանգավոր ժամանակաշրջանում Հայաստանի ազգային անվտանգության պահպանումը, Ղարաբաղի ազատագրումը, ներքին կարգուկանոնի հաստատումն ու պահպանումը, ֆինանսական եւ մակրոտնտեսական կայունությունը եւ Ադրբեջանի հետ 1994թ. զինադադարի հաստատմանը հաջորդած երկու տարիների ընթացքում տնտեսական աճը: Սակայն, մյուս կողմից, օրեցօր աճող կաշառակերությունը եւ զանգվածային աղքատությունը լրջորեն խարխլել էին նրա հեղինակությունը: Ձեռքբերված նվաճումների շնորհիվ նրան հաջողվեց ընտրություններում հաղթանակ տանել (ձայների 52%-ով), այնուամենայնիվ, հաղթանակը հեռու էր համոզիչ լինելուց: 1991թ. ՀՀՇ-ից անջատված Ազգային ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանի շուրջ համախմբված ընդդիմությունը անսպասելի հաջողության հասավ (ձայների 41%-ը): Ընտրությունների ընթացքում տեղի ունեցան մի շարք խախտումներ, որոնք, ըստ ընդդիմության, բավարար էին ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու համար: Վազգեն Մանուկյանը տպավորիչ հաղթանակ արձանագրեց Երեւան քաղաքում՝ ստանալով մայրաքաղաքի բնակչության ձայների 54%-ը: Քանի որ Երեւանը առանձնահատուկ քաղաքական կարեւորություն ունի Հայաստանի համար եւ հանդիսանում է երկրի առավել բնակեցված քաղաքը (երկրի բնակչության 1/3-ը ապրում է Երեւանում), ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու ընդդիմության պահանջը բնակչության լայն զանգվածների շրջանում կասկած հարուցեց Տեր-Պետրոսյանի հաղթանակի օրինականության հանդեպ: Ցավոք, ի վնաս Հայաստանի ժողովրդավարության, նախքան ենթադրվող խախտումների շուրջ հետաքննության իրականացումը, ընդդիմությունը բռնի հարձակում կազմակերպեց խորհրդարանի շենքի վրա: Հետագա քննությունը օրինական ճանաչեց ընտրությունների արդյունքները, որը վավերացվեց ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից:
Սակայն, սա չվերականգնեց Տեր-Պետրոսյանի խարխլված ժողովրդականությունը: Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը չէր ընթանում բավարար արագությամբ եւ բնակչության հիասթափությունը տնտեսական եւ քաղաքական ազատական բարեփոխումների նկատմամբ շարունակում էր խորանալ: Հասարակության աստիճանաբար ընդարձակվող հատվածը նույնիսկ կասկածի տակ սկսեց առնել անկախ պետականության արժեքը: Նման հանգամանքներում, Տեր-Պետրոսյանը եւ նրա վարչակազմը գիտակցեցին բարեփոխումների ընթացքի արագացման եւ երկրի սոցիալ-տնտեսական պայմանների ավելի արագ բարելավման անհրաժեշտությունը: Առավել բացահայտ դարձավ նաեւ այն, ինչ իշխանության գալու հենց առաջին օրվանից փաստարկում էին Տեր-Պետրոսյանը եւ նրա համախոհները. այն է՝ որ անհնար է իրագործել նշված նպատակները եւ ակնկալել Հայաստանի զարգացումը, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը տեւական լուծում չի ստացել:
Մասնավորապես, փաստարկվում էր, որ Հայաստանում զգալի տնտեսական աճի ապահովման համար օտարերկրյա խոշոր ներդրումներ են հարկավոր, որոնց իրականացումն անհնար է, քանի դեռ երկիրը աքցանված է Ադրբեջանի հետ հակամարտությունում եւ ռիսկային գոտի է համարվում ներդրողների կողմից: Տեր-Պետրոսյանը փաստարկում էր նաեւ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով Հայաստանը զրկվում է իր ամենաբնական տնտեսական պարտնյորներից, զգալիորեն աճում են Հայաստանում արտադրված ապրանքների տեղափոխման ծախսերը, որն էլ, իր հերթին, անդրադառնում է համաշխարհային շուկայում դրանց մրցունակության վրա: Հակամարտության տեւական լուծում գտնելը դարձավ Տեր-Պետրոսյանի թիմի առաջնահերթ խնդիրը:
Ղարաբաղի հիմնահարցը
1997թ. Հայաստանի ղեկավարությունը նոր եռանդով ձեռնամուխ եղավ Ադրբեջանի հետ փոխզիջումային լուծում գտնելուն: ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԱՄՆ, Ռուսաստան եւ Ֆրանսիա) համանախագահների հովանու ներքո Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ բանակցությունները այդ պահին հանգեցրին հակամարտության խաղաղ կարգավորման ռազմավարության երկու տարբերակների: Տարբերակներից մեկը՝ այսպես կոչված «փուլ-առ-փուլ» մոտեցումը սկզբնական փուլում ենթադրում էր հայկական զորքերի հեռացում Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի սահմաններից դուրս գրավված ադրբեջանական տարածքներից (բացի Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքից), Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացում, խաղաղության պայմանագրի ստորագրում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովված լիներ միջազգային երաշխիքներով: Հայաստանը Ղարաբաղին կապող տարածքային միջանցքի ճակատագրի եւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծումը փոխադրվում էր բանակցությունների վերջնական փուլ, այլ խոսքերով, փաստորեն հետաձգվում էր անորոշ ժամանակով: Այս մոտեցումը կարելի է անվանել «տարածք՝ խաղաղության դիմաց» բանաձեւ:
Այընտրանքային տարբերակը կոչվում էր «փաթեթային» մոտեցում, ըստ որի բոլոր վիճելի հարցերը, ներառյալ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, պետք է բանակցվեին միաժամանակ եւ լուծում գտնեին մեկ՝ համապարփակ համաձայնագրով: Ինչ վերաբերում էր փոխզիջումային համաձայնագրում Ղարաբաղի կարգավիճակին, շրջանառության մեջ գտնվող հիմնական գաղափարը ենթադրում էր՝ «դե յուրե՝ Ադրբեջանի կազմում, դե ֆակտո՝ անկախ» բանաձեւը, որը պետք է կոնկրետացվեր Ղարաբաղին շնորհվելիք հատուկ արտոնությունների ցանկում: Ի տարբերություն առաջին տարբերակի, այս մոտեցման բանաձեւը կարելի էր անվանել որպես «տարածք՝ կարգավիճակի դիմաց»: Երկու մոտեցումներն էլ ընդունվեցին Հայաստանի ղեկավարության կողմից՝ որպես բանակցությունների հիմք: Սակայն, Ղարաբաղի կարգավիճակի հիմնական տարրերի շուրջ անմիջապես ի հայտ եկան անհաղթահարելի տարաձայնություններ հակամարտության հիմնական կողմերի՝ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ: Հետեւաբար, «փաթեթային» մոտեցումը մերժվեց եւ բանակցությունները կենտրոնացան փուլային մոտեցման շուրջ:
Ազգայնականներ եւ «կոշտ կուրսի» կողմնակիցներ
Սակայն, խնդրի լուծման այս տարբերակը այդքան էլ հեշտ չէր լինելու առաջ քաշել: Ադրբեջանի հետ հակամարտության փոխզիջումային լուծում գտնելու երկրի ղեկավարության կողմից ուժգնացող ջանքերին զուգահեռ աճում էր նոր քաղաքական պառակտում, այն է՝ իշխող ՀՀՇ-ի եւ ազգայնականների միջեւ, որը փոխարինելու եկավ ՀՀՇ-ի եւ կոմունիստական կամ այլ պահպանողական սոցիալիստական թեւերի միջեւ անջրպետին: Կրկին գերակայեցին հին գաղափարները՝ հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, նրա քաղաքական եւ աշխարհաքաղաքական հավակնությունների մասին, շեշտը դնելով հավերժ թշնամական տրամադրված հարեւանների նկատմամբ հակամարտության եւ հավերժ բարեկամ Ռուսաստանին վստահելու վրա: Այս բոլորը այն գաղափարներն էին որոնք 80-ական թվականների վերջերին կրքոտ վիճաբանությունների ժամանակ ջախջախեց ՀՀՇ-ն:
1990-ական թվականների սկզբին դաշնակցությունը հանդիսանում էր Հայաստանի ազգայնական ուժերի կորիզը: Կուսակցությունը ձեւավորվել էր 19-րդ դարի վերջերին, եւ հանուն հայերի իրավունքների պաշտպանության պայքարել էր Օսմանյան կայսրության դեմ: Նրա գաղափարախոսությունը հիմնված է երեք գաղափարների վրա՝ նացիոնալիզմ, սոցիալիզմ եւ հեղափոխական պայքար: Հայաստանի խորհրդականացումից հետո կուսակցությունը շարունակեց գործել միայն սփյուռքում, իսկ անկախության հռչակումից հետո անմիջապես վերականգնեց իր գործունեությունը հայրենիքում: Այնուամենայնիվ, նրա հիմնական կենտրոնները եւ ֆինանսավորման աղբյուրները մնացին սփյուռքում: Դաշնակցությունը, Հայաստանում իր վերահաստատման հենց առաջին օրվանից, ծայրահեղ անզիջողական դիրք գրավեց Տեր-Պետրոսյանի վարչակազմի վարած քաղաքականության գրեթե բոլոր ասպեկտների նկատմամբ: Նրանք հատկապես քննադատում էին Տեր-Պետրոսյանին եւ նրա վարչակազմը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման նախաձեռնությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում հայկական ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չընդգրկելու եւ Ադրբեջանի հետ փոխզիջման մտադրությունների համար: Դաշնակցության եւ Հայաստանի իշխանությունների միջեւ փոխհարաբերությունը վերածվեց ի վերջո բացահայտ առճակատման, երբ հայտնի դարձավ կուսակցության հետ կապված ահաբեկչական գաղտնի կազմակերպության գոյության փաստը: 1994թ. կուսակցության գործունեությունը կասեցվեց այս եւ նմանատիպ այլ հակաօրինական գործողությունների պատճառով, ինչպես օրինակ՝ արտասահմանից ֆինանսավորվելը եւ Հայաստանից դուրս ղեկավար մարմիններ ունենալը, ինչը քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների մասին Հայաստանի օրենս-դրության բացահայտ խախտում է:
Այնուամենայնիվ, դաշնակցականները եւ ընդդիմադիր մյուս ազգայնական կուսակցությունները չէին հիմնական խոչընդոտը Ադրբեջանի հետ փոխզիջման հասնելու ճանապարհին: Փոխարենը Ղարաբաղի ղեկավարությունը դարձավ նման լուծման հիմնական հակառակորդը: Նույնիսկ այն բանից հետո, երբ Ղարաբաղի դաշնակցական վարչակազմը փոխարինվեց Երեւանի նկատմամբ ավելի լոյալ վարչակազմով, այս հարցի նկատմամբ Ղարաբաղի կառավարության դիրքը մնաց անփոփոխ: Ղարաբաղի ղեկավարությունը դեմ էր հակամարտության լուծման ծրագրին, փաստարկելով, որ այն բավարար երաշխիքներ չի ապահովում Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության համար: Տեր-Պետրոսյանի կողմից ձեռնարկված մի քանի փորձերը՝ Ղարաբաղի ղեկավարությանը համոզել ավելի կառուցողական դիրք բռնելու հակամարտության լուծման շուրջ բանակցությունների ընթացքում, համարյա արդյունք չտվեցին:
Ղարաբաղի հարցում Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության ընդդիմախոսներն ասում էին, որ Հայաստանի աղետալի սոցիալ-տնտեսական պայմանները ոչ թե Ղարաբաղի հիմնախնդրի եւ շրջափակման, այլ վատ կառավարման, կարգապահության բացակայության, կաշառակերության նկատմամբ հանդուրժողականության, ինչպես նաեւ ընդդիմության եւ սփյուռքի հետ համագործակցել չկարողանալու արդյունք են: Տեր-Պետրոսյանը ամենայն լրջությամբ ընդունեց այս փաստարկները եւ միանգամայն հնարամիտ մոտեցում ցուցաբերեց: Նա հրավիրեց Ղարաբաղի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու եւ նշված ոլորտներում բարեփոխումները անձամբ նախաձեռնելու համար: Այս քայլով Տեր-Պետրոսյանը երեք հիմնական նպատակ էր հետապնդում. կայուն կառավարության ստեղծում, հասարակությունում առճակատման թուլացում եւ Հայաստանի կառավարությունում Ղարաբաղի առաջնորդների ընդգրկում, որի շնորհիվ նրանք ավելի սթափ կգնահատեին Հայաստանի խնդիրները:
Լարվածության թուլացման փոխարեն՝ այս քայլը հենց կառավարության ներսում ուժգնացրեց ընդդիմությունը խաղաղ կարգավորման վերաբերյալ Տեր-Պետրոսյանի տեսակետի հանդեպ: Վարչապետ Քոչարյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը եւ ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, բոլորն էլ՝ պատերազմի հերոսներ, Ղարաբաղի նոր ղեկավարության հավանությամբ, դարձան այդ ներքին ընդդիմության առաջնորդները: Սա ավելի դժվարին ընդդիմություն էր, քանի որ նրանց հայտարարությունները Ղարաբաղը «ծախելու» եւ «դավաճանության» մասին կարող էին շատ ավելի ծանր հետեւանքներ ունենալ, քան մինչ այդ՝ այն ամենը, ինչ պաշտոնական ընդդիմությունը կարող էր ասել կամ անել: Մասնավորապես, նրանց պնդումները, թե Ղարաբաղը վերադարձվելու է Ադրբեջանին առանց այնտեղի հայ բնակչության անվտանգությունն ապահովող համապատասխան երաշխիքների, կարող էր հանգեցնել Ղարաբաղից հայ բնակչության զանգվածային արտագաղթին:
Տեր-Պետրոսյանը որոշեց հրապարակել հակամարտության լուծման մասին իր տեսակետը, որն էլ անմիջապես բացահայտեց նրա դիրքորոշման հիմնական թուլությունը: Բանակցային գործընթացի գաղտնիության պատճառով նա չէր կարող բացահայտել բանակցությունների մանրամասները, որը նրա ընդդիմախոսներին հնարավորություն ընձեռեց այնպիսի մեղադրանքներ ուղղել նրան, որոնցից հնարավոր չէր պաշտպանվել առանց այդ մանրամասները հրապարակելու: Արդյունքում, հակամարտությունը հանգեցրեց իշխող խմբի քայքայմանը: Քաջալերվելով Քոչարյանի եւ երկու Սարգսյանների կողմից, ԱԺ պատգամավորական մի ստվար խումբ դուրս եկավ ՀՀՇ խորհրդարանական խմբակցությունից, եւ ՀՀՇ-ն զրկվեց մեծամասնությունից: Այս հանգամանքներում Տեր-Պետրոսյանը որոշեց հրաժարական տալ:
Չնայած այն հանգամանքին, որ այս ամբողջ ընթացքում պահպանվել էր ՀՀ Սահմանադրության տառը, փաստորեն, տեղի ունեցավ «թավշյա հեղաշրջում», քանի որ երկրի ընտրված նախագահը ստիպված էր հրաժարական տալ հենց իր կառավարության անդամների ճնշման տակ, այնինչ, կառավարության անդամները՝ նախագահի քաղաքականության հետ անհամաձայնության դեպքում, իրենք պետք է հրաժարական տային: Սա աննախադեպ իրադարձություն էր Հայաստանի համար, թեեւ այնքան էլ անբնական չէր, եթե հաշվի առնենք դրան նախորդող քաղաքական գործընթացները երկրում:

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ
(Շարունակելի)

Շարունակությունը կարդացեք այստեղ (մաս 3-րդ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930