Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԶԱՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Հունիս 10,2000 13:10

Սկիզբը կարդացեք այստեղ:
Կառավարման կազմակերպում
Հիմնական խնդիրն է գործադիր իշխանության միասնական համակարգի ձեւավորումը, ինչն էականորեն խաթարվել է վերջին տարիների ընթացքում։ Մտահոգիչ է, մասնավորապես, օրենքներով գործադիր իշխանության տարբեր մարմինների ստեղծումը, նշանակման մեխանիզմների կիրարկումը (կադաստրի վարչություն, ազգային վիճակագրական ծառայություն եւ այլն)։ Այս մարմինների ղեկավարներն ավելի են պաշտպանված, քան վարչապետը, նախարարները։ Դրանց այդ կարգավիճակով առկայությունը հակասում է սահմանադրությանը։ Պատահական չէ, որ բոլոր նման դեպքերում, որպես կանոն, էականորեն իջնում է գործունեության ակտիվությունը։ Մոդա է դարձել նման կարգավիճակ ստանալը բացատրել այս կամ այն երկրի (մասնավորապես՝ ԱՄՆ) փորձը վկայակոչելով։ Իրականությունն այլ է. նման դեպքերում այդ գերատեսչությունների «հեռատես» ղեկավարները հասկանում են, որ կառավարության կողմից անվերահսկելի գործունեության հնարավորություն են ստանում։ Հասկանալի է, որ ստանալով օրինական ապօրինություններ կատարելու հնարավորություն նրանք անմիջապես «ձեռնամուխ են լինում խնդրի իրագործմանը»։ Արմատական բարեփոխում է անհրաժեշտ առողջապահության ու կրթության բնագավառներում։ Պետական չինովնիկների թիվը պետք է կրճատվի՝ շեշտակիորեն բարձրացնելով աշխատավարձը եւ պաշտպանելով նրանց զբաղվածությունը կառավարության հաճախակի փոփոխության հետ կապված աշխատանքից զրկված լինելու վտանգից։ Դրա հետ մեկտեղ պետք է կտրուկ միջոցառումներ ձեռնարկել հանրային աշխատանքների ծավալման հաշվին զբաղվածության ավելացման, ապարատի կրճատման հետեւանքով գործազրկության աճ թույլ չտալու համար։ Օրենսդրորեն պետք է խորացվեն պետական ապարատի ապակուսակցականացման հիմքերը։ Բանակը ուժեղացնելուն զուգընթաց պետք է այն լուրջ բարեփոխման ենթարկել։ Պետք է սահմանափակել արհեստավարժ զինվորականության առկայությունը պաշտնախի ղեկավարության կազմում, իսկ նախարարի պաշտոնը սահմանել միայն քաղաքացիական անձանց համար։ Դրան զուգահեռ պետք է ուժեղացնել արհեստավարժ զինվորականներով գլխավոր շտաբի ձեւավորումը։ Պատերազմական իրավիճակի բացակայության պայմաններում պետք է լուծարել ռազմական ոստիկանությունը, ռազմական դատախազությունը։ Շեշտակիորեն պետք է կրճատել ՆԳՆ համակարգը, վերջինիս ֆունկցիոնալ պարտականությունները գնալով աճող չափով կենտրոնացնել հասարակական կարգի պահպանման շուրջը։
Պետք է վերակառուցել քննության ու նախաքննության կազմակերպման ընթացքը այն հաշվով, որպեսզի բացառվի միեւնույն համակարգի (մասնավորապես, ՆԳՆ-ի) շրջանակներում քրեական գործի հարուցման, նախնական կալանքի վերցնելու հնարավորությունը։ Բացի այդ, փորձը ցույց տվեց, որ նախնական կալանքի շահարկմամբ Հայաստանում կարելի է ի վերջո հաղթահարել հիմնական կալանքի «անհնարինությունը»։ Պետական պատվերի տեղաբաշխման եւ տնտեսական քաղաքականության ռազմավարության ծրագրավորման ֆունկցիաները պետք է տարանջատել ֆինանսական նախարարությունից։ Պետք է օրենսդրորեն կարգավորել պետական կառավարման մարմիններին ուղղված հարցումների պատասխանները, սահմանել տույժեր դրանց ուշացնելու դեպքում։ Պետք է վերակառուցել մարզպետարանները, ավելացնել նրանց իրավասություններն ու պարտականությունները պետական գույքի տնօրինման, տեղերում հարցեր լուծելու հնարավորությունների առումով։ Օրենսդրորեն պետք է կարգավորել մարզային նախահաշիվներ ունենալու, դրանց կատարումն ապահովելու եւ համապատասխան հաշվետվություն պահանջելու գործընթացը։ Դրա հետ մեկտեղ պետք է տեղերում ունենալ կենտրոնական իշխանության ներկայացուցչություններ. մարդիկ պետք է մարզային մարմինները շրջանցելով կենտրոնին դիմելու հնարավորություն ունենան։

Հարկաբյուջետային քաղաքականություն
Վերջին երեք տարիները կարելի է բնութագրել որպես անմտածված հարկային քաղաքականության շրջան։ Այն կարելի է անվանել «սահմանի վրա փող հավաքելու» ասիական քաղաքականություն։ Նման քաղաքականության հիմնական գծերն են.
– անուղղակի հարկերի եւ հաստատագրված վճարումների տեսակարար կշռի կտրուկ բարձրացումը,
– պետության կողմից հարկավորումից զատ նաեւ հարկադրական վարկավորման համակարգի կիրառումը,
– գործունեության տարբեր տեսակների համար հարկավորման տարբեր համակարգերի կիրառումը՝ ուր պետական չինովնիկներն առաջնորդվում են «մերոնք ուրիշ են» սկզբունքով,
– տուրքերի (հարկերի) անմտածված տեսակների կիրարկումը։
Այսպես, եթե 1996թ. կար 22 տեսակի հարկ եւ տուրք, ապա ներկայումս ունենք 51-ը։ Հետաքրքիր է, որ այդ ընթացքում բյուջեի հարկային եկամուտները ՀՆԱ¬ի նկատմամբ չեն ավելացել. ավելին, եթե վերցնում ենք հարկման արդյունավետ բազան, ապա հարկերի տեսակարար կշիռը ՀՆԱ¬ի նկատմամբ պակասել է։ Հաստատագրված վճարումները դարձնելով բյուջեի համալրման հիմնական աղբյուր՝ իշխանությունները դրանով իսկ խրախուսել են հարկային բեռի անհավասար բաշխումը հարկատուների միջեւ։ Մինչդեռ խնդիրը ստվերային տնտեսության ծավալների նվազեցումն էր եւ հարկային բեռի հավասար բաշխումը։ Այսքանից հետո միայն զարմանալ կարելի է այն հայտարարությունների վրա, թե իրականում հարկային համակարգը սկսել է ձեւավորվել 1997թ. հետո։ Գուցե այդ պատճառո՞վ է, որ բյուջեի եկամուտներն օրըստօրե նվազում են։ Ո՞վ պետք է, օրինակ, պատասխան տա 1997թ. վերջին ընդունած շահութահարկի մասին օրենքի հետեւանքների համար. 1998թ. այդ օրենքի կիրարկումից սկսյալ, բյուջեի հարկային եկամուտների մեջ շահութահարկ կոչվածը բացառիկ երեւույթ է այլեւս։ Իրականության մեջ ստվերային տնտեսության դեմ պայքարելու փոխարեն (ինչը իշխանավորների նախընտրական պոպուլիզմի հիմքն էր կազմում) օրվա իշխանությունները փաստորեն խրախուսել են այն։ Լուրջ հիմքեր կան խոսելու Հայաստանի հանրապետությունում բյուջետային համակարգի աստիճանական կազմալուծման մասին։ Բոլոր ջանքերը, կապված փոքր բիզնեսի խրախուսման մեխանիզմներ ստեղծելու հետ, ոչ մի արդյունք չեն տվել. տնտեսությունում նկատվում է արտադրության կենտրոնացման հստակ միտվածություն, գործող (եւ ոչ թե գրանցված) ձեռնարկությունների թիվը սիստեմատիկաբար նվազում է։ Դրությունն էլ ավելի է բարդանալու «Պարզեցված հարկի մասին» ոչնչով չհիմնավորված օրենքի ընդունմամբ եւ կիրարկմամբ։ Փոքր բիզնեսի խրախուսման հետ այս օրենքը կապ չունի։ Դրա կիրարկումն իմաստ չունի, եթե շահութահարկի եւ եկամտահարկի փոխարեն միասնական հարկ մտցված չէ։ Բացի այդ, նվազեցված դրույքաչափի կիրարկումը պետք է իրականացվի բոլոր տեսակի հարկ վճարողների նկատմամբ (անկախ կոմերցիոն գործունեության ծավալներից)՝ վերջիններիս մինչեւ որոշակի սահման ստացած եկամուտների (կամ մինչեւ որոշակի ծավալ իրականացրած գործունեության) նկատմամբ։ Դրանից վերեւ հարկավորման մակարդակը պետք է միեւնույնը լինի։ Այս պարզ օրինակը նույնպես փաստում է հարկային համակարգի փլուզման միտումները։
Այսօր հարկային արմատական բարեփոխումն այլեւս անհետաձգելի է։ Հարկավոր է.
– բացառել անհավասար հարկումը արտադրության, առեւտրի եւ ֆինանսական ծառայությունների ոլորտներում, տնտեսության իրական եւ ֆինանսական հատվածներում,
– ավելացված արժեքի հարկի տոկոսադրույքը իջեցնել, իսկ կիրարկման մեխանիզմն իրականացնել այդ հարկին բնորոշ ձեւով՝ բացառելով սույն հարկատեսակը որպես շրջանառության հարկ կիրառելու միտվածությունը,
– շահութահարկը եւ եկամտահարկը գանձել միասնական եկամուտից՝ դիտարկելով այն որպես մեկ հարկ. երկուսի նկատմամբ էլ կիրարկելով հարկման միեւնույն մոտեցումը, ինչպես նաեւ իջեցնելով հարկման տոկոսադրույքը,
– վերացնել ավելացված արժեքի հարկի գծով առկա արտոնությունները,
– բարձրացնել բնության համար սահմանված վճարները (փոխարկել հարկի),
– խստացնել գույքահարկի տարբերակումը եւ բարձրացնել դրույքները,
– կրկին անցնել չտարբերակված եւ ցածր մաքսատուրքերի կիրարկմանը,
– պարզեցնել ակցիզային հարկի կիրառման մեխանիզմները, բացառել այս հարկատեսակի գանձումը դիզելային վառելիքից եւ սննդամթերքից (բացառությամբ՝ ալկոհոլային խմիչքների),
– արտադրության ընդլայնմանն ուղղված ծախսերը չհարկել ու սույն արտոնությունը կիրարկել առանց բացառությունների,
– բացառել ոչնչով չհիմնավորված տուրքերի կիրառումը եւ այլն։
Կարեւոր է նաեւ բյուջեից կատարվելիք վճարումների ուշացման համար կիրառել նույնանման տուգանքներ, որպիսիք առկա են հարկային պարտականությունների կատարման ժամանակ։ Հրատապ է բյուջետային կազմակերպությունների, պետական ձեռնարկությունների (ընկերությունների) նկատմամբ պետական գույքի վարձակալության, բնությունից օգտվելու վճարների (հարկերի) նույն համակարգի կիրարկումը, ինչն առկա է կոմերցիոն, ոչ պետական կառույցների նկատմամբ։

Տնտեսության ազատականացում
եւ ձեռնարկատիրության խրախուսում
Տարօրինակ է, բայց 2000թ. կեսերին տնտեսության ազատականացման խնդիրները նույնքան եւ գուցե թե ավելի քան հրատապ են, քան 90-ական թվականների կեսերին։ Պատճառն այն է, որ վերջին երեք տարիների ընթացքում տնտեսական քաղաքականության պատշաճ համակարգման բացակայության արդյունքում գործունեության ազատականացման՝ նախկինում ձեռք բերած հաջողությունները, հակասական որոշումների եւ օրենքների գործունեության հետեւանքով չեզոքացված են։ 1996թ. աշնանը Հայաստանն առաջինն էր ԱՊՀ երկրների մեջ, որը հավակնում էր անդամագրվել առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։ Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից միայն Էստոնիան էր, որ հնարավորություն ուներ անդամագրվելու այդ կազմակերպությանը ոչ ուշ, քան Հայաստանը։ Ենթադրվում էր, որ ԱՀԿ անդամագրվելը Հայաստանի համար մի երկու ամսվա խնդիր է։ Այն ժամանակվա ազգայնական ընդդիմությունը ամեն կերպ փնովում էր կառավարությանը. ի՞նչու ենք շտապում եւ ի՞նչ ենք կորցրել ԱՀԿ-ում։ Անցել է 4 տարի։ Նույն ընդդիմությունն այսօր իշխանություն է։ Բողոքում է ներդրումների բացակայությունից, արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռից։ Հունիսի 14-ին ԱՀԿ կանդամագրվի Վրաստանը։ Այս երկիրը 5 տարի առաջ դիմել էր Հայաստանի կառավարությանը ԱՀԿ անդամագրության գործընթացը կոորդինացնելու եւ տեխնիկական փոխօգնության խնդրանքով։ Այսօր մենք զգալիորեն ետ ենք նրանցից։ Ի՞նչու։ Ո՞վ է պատասխան տալու այդ ուշացման համար։ Էլ ի՞նչ ներդրումների կամ արտահանման խրախուսման մասին կարող է խոսք լինել։
Ձեռներեցության խոչընդոտման տխուր օրինակ է տնտեսական գործունեության արտոնագրման կարգը։ Եթե 1996թ. արտոնագրեր պահանջվում էին 9 խումբ գործունեության տեսակների համար, ապա 1999-ին՝ 22։ Շատ նախարարների ամենահիմնական գործերից մեկը կառավարությունում իրենց ոլորտին առնչվող գործունեության տեսակների գծով արտոնագրման նոր կարգ հաստատել տալն է։ Դրանից հետո նրանք հնարավորություն են ստանում ամեն ինչ նորովի արտոնագրելու։ Դժվար չէ գլխի ընկնել, թե շարժառիթները որոնք են։
Տնտեսական հակաձեռներեցության օրինակ է արտաքին առեւտրի «արտօրինական» ռեժիմը։ Այսպես, թեեւ Հայաստանում ներմուծման-արտահանման գործարքները վաղուց այլեւս պետական չինովնիկների մենաշնորհը չեն, սակայն պետության առաջին դեմքերն են սահմանում վառելիքի, սննդամթերքի, ռազմավարական ապրանքների ներմուծման «բանավոր» քվոտաները։ Հայաստան այսօր, առանց վերեւների թույլտվության, մեծ քանակությամբ կարելի է ներկրել միայն հագուստ, մեծ պահանջարկ չվայելող միանվագ օգտագործման սարքավորումներ եւ այլն։ Մնացած գրեթե բոլոր դեպքերում շուկան բաժանված է։ Իսկ ընդհանրապես մեր երկրում ներկրումներ կատարելը սխրանք է։ Այսպես, անկախ այն գնից, ինչը դու վճարել ես տվյալ ապրանքի համար դրսում, այստեղ մաքսատան աշխատողը, վկայակոչելով օրենքի մի անհեթեթ կետ եւ դրա կիրարկումը հիմնավորող էլ ավելի անհեթեթ գերատեսչական ակտ, ինքն է որոշում ներկրվող ապրանքի արժեքը եւ դրանից էլ հարկային ու մաքսային գանձումներ կատարում։ Բացատրությունը պարզ է. հակառակ դեպքում բոլորը կխաբեն։ Կայսր Տրայանոսն ասում էր՝ ավելի լավ է անպատիժ թողնել հանցագործներին, քան պատժել գոնե մեկ անմեղի։ Նա չգիտեր մի այլ բան. Հայաստանում անգամ 1700 տարի հետո այդ խոսքերը դեռեւս չեն ընկալվելու։ Ասվածի լավ իլյուստրացիան է շուրջ մեկ տարի առաջ նախարարներից մեկի քավորությամբ ընդունված որոշումն առ այն, թե պետք է դադարեցնել մետաղի ջարդոնի արտահանումը երկրից։ Եվ այս նույն մարդիկ խոսում են արդյունաբերության զարգացումից։ Չ՞է որ մետաղամշակման արդյունքում թափոն է առաջանում։ Ինչեւէ, խնդիրը շուտով հեշտությամբ կարգավորեցին. բացեցին իրենց ֆիրման, որին նման արտահանումներ կատարելու իրավունք տվեցին։
Ահա այսպիսի կեղտոտ դեմք ունի հայկական ազգային պառաված սոցիալիզմը։ Ազատականներին թալանի մեջ մեղադրելը նման գործունեություն ծավալելու նպատակ է հետապնդում։

Հրանտ Բագրատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930