Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 09,2000 00:00

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ Կիպրոսում վերջերս տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի իրավական եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստ, որտեղ ընդունված մտադրությունների բանաձեւում ամրագրվել է, թե պիտի հավաստիանան, որ խորհրդարանը լիարժեքորեն տեղեկացված է հոկտեմբերի 27-ի գործով նախաքննության ընթացքի վերաբերյալ։ Արդյոք այս առումով նպատակահարմա՞ր չէ, որ Ռոբերտ Քոչարյանը վերանայի իր կարգադրությունը ԱԺ լսումներին զինդատախազի մասնակցության անթույլատրելիության վերաբերյալ՝ «Առավոտի» այս հարցին նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Նախ՝ նախագահ Քոչարյանը երբեք դեմ չի եղել հրապարակայնությանը, դեմ չի եղել զինդատախազի մամուլի ասուլիսներին, ընդհակառակը, նշել է, որ անհրաժեշտ է սովորել աշխատել հրապարակայնության պայմաններում։ Իսկ թե տեղեկատվության ինչ ծավալ կմատուցվեր հասարակությանը, կարգավորվում է օրենսդրությամբ՝ քննությունը վարողների հայեցողությամբ։ Որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, նախագահը գլխավոր դատախազին եւ նրան ենթակա դատախազներին զգուշացրել է որեւէ քրեական գործով լսումներին մասնակցելու անթույլատրելիության մասին, նկատի ունենալով, որ անօրինական է նման լսումներ անցկացնելը, այն էլ գործով տուժածների եւ վկաների մասնակցությամբ։ Խոսքը ոչ թե տեղեկատվություն ստանալու պատգամավորների իրավունքի մասին է, այլ քրեական գործով լսումների կազմակերպման անթույլատրելիության։ Բացի այդ, քննչական խումբը հավաստիացրել է, որ գործը շուտով կհանձնվի դատարան, իսկ քանի որ անց է կացվելու բաց եւ հրապարակային դատավարություն, ապա ԱԺ պատգամավորները, ինչպես նաեւ ՀՀ ցանկացած քաղաքացիներ կարող են ներկա լինել դատին եւ ստանալ ամբողջական տեղեկատվություն։ Երկրորդ՝ Եվրոպայի խորհրդին ՀՀ անդամակցության կապակցությամբ Հայաստանի ստանձնելիք պարտավորությունների (որոնք, ի դեպ, չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը) ցանկը ժամանակին բանակցվել է ԵԽ եւ ՀՀ միջեւ։ Պարտավորությունների բանակցված ցանկն ընդունելու մասին ԵԽ համապատասխան ղեկավարներին պաշտոնապես տեղեկացվել է ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի, ինչպես նաեւ ԱԺ խմբակցությունների ղեկավարների նամակներով։ Այդ ցանկում վերոհիշյալ հարցին հղում չի եղել, իսկ Լիմասոլում ԵԽ խորհրդարանական վեհաժողովի իրավական եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ արված առաջարկությունները դեռեւս վերջնական չեն։ Հիշեցնեմ, որ նշված հանձնաժողովի զեկուցող Միխայիլ Շպինդելեգերը ՀՀ ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ նմանատիպ լսումների անհրաժեշտության հիշատակում չի արել։ Առաջարկությունների վերջնական ցանկը ներկայացվելու է ԵԽ ԽՎ հունիսյան նիստի հաստատմանը, ինչից հետո, կարծում եմ, կարելի կլինի ավելի կոնկրետ խոսել դրանց բովանդակության մասին։ Կցանկանայի հիշեցնել միայն, որ ԵԽ- ՀՀ երկխոսությունն առայսօր ընթացել եւ այսօր էլ ընթանում է համագործակցության մթնոլորտում»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել