Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 09,2000 00:00

Ղարաբաղը պաշտպանում ենք… մեզանից Հանրահայտ ճշմարտությունները որպես սեփական հետազոտությունների եւ պրպտումների արդյունք ներկայացնելու հերթական փորձը երեկ արեց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը։ «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» կազմկոմիտեն (որի անդամներից են նաեւ ՍԻՄ-ը, Դեմկուսը եւ բազմաթիվ, բայց սակավամարդ այլ կուսակցություններ) երեկ կոնֆերանս էր հրավիրել։ Արամ Սարգսյանը նշեց, որ հրավիրատոմսեր են ուղարկել խորհրդարանի երեւելիներին, հասարակական կազմակերպություններին, անգամ՝ նախագահի աշխատակազմ, սակայն, որքան տեսողությունս թույլ տվեց գնահատել, վերոնշյալ հրավիրատոմսերը կամ տեղ չէին հասել, կամ դրանց կարեւորություն չէր տրվել։ Պրն Սարգսյանն ամենայն մանրակրկիտությամբ պատմում էր եւ հիմնավորում, թե ստրատեգիական առումով որքան կարեւոր է Հայաստանի համար Մեղրին, էլ չենք խոսում Ղարաբաղի մասին։ «Որպեսզի քննարկումն արդյունավետ լինի (՞)», Դեմկուսի ղեկավարն առաջարկեց ծանոթանալ կազմկոմիտեի ընդունած բանաձեւի նախագծին, ապա դրա շուրջ բանավեճ կազմակերպել։ «1. Կոնֆերանսի մասնակիցները միահամուռ գտնում են, որ ՀՀ իշխանություններն Արցախի հարցի կարգավորման գործընթացում պետք է առաջնորդվեն «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» կազմկոմիտեի կողմից ընդունված ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, աշխարհի երկրների պառլամենտներին ուղղված Արցախի հիմնահարցի պատմական եւ իրավական հիմնավորումները ներկայացնող փաստաթղթի դրույթներով։ 2. Կոնֆերանսը փաստում է, որ ԼՂՀ-ի դե ֆակտո ձեռք բերած լիակատար անկախությունն Ադրբեջանից լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ բացառում է դրանից ցածր կարգավիճակի քննարկում։ 3. Կոնֆերանսը բացառում է… եւ այլն»։ Շարունակությունը տարածքների վերադարձման բացառումն էր եւ այսպես շարունակ։ Հետաքրքիր էր ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի ելույթը։ Ըստ պրն Աղալովյանի՝ ամենեւին պատահական չէր պատմական ասպարեզից (այն էլ՝ պատմական այս փուլում) հեռացնելը Վազգեն Սարգսյանին եւ Սամվել Բաբայանին, մեկին՝ ֆիզիկապես, մյուսին՝ մեկուսացնելով։ «Դա արվել է մեր իշխանությունների լռելյայն համաձայնությա՞մբ, թե՞ արտաքին ուժերի կողմից. կճշտի պատմությունը»։ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը զայրացած նկատեց, որ «Այսօր, իհարկե, բարձրացված է ետպատերազմյան զինվորի հաղթական դրոշը, բայց ո՞վ է դրոշակակիրը՝ Մավրիկ Ղուկասյանը։ Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանն աշխատում այդ փաստի վրա։ Ինչո՞ւ են մյուս քաղաքական այրերը աչք փակում այդ փաստի վրա, որ Մավրիկ Ղուկասյանն՝ իր գործողություններով բարձրացնելով այդ դրոշը, հնարավոր է, որ հայությանը ներքաշի մեկ նոր շրջանի մեջ, որը կարող է տեւել 5-7 տարի, երբ մենք արհեստական այդ գաղափարի վրա ֆիքսվելով՝ մոռանում ենք մեր իրական անելիքները»։ Ելույթների հիմնական լեյտմոտիվն այն էր, որ Ղարաբաղի խնդիրը՝ որպես էդպիսին, համարյա լուծված է, պարզապես մեր քաղաքական ուժերն այն շահարկում են։ Ռաֆայել Ղազարյանի եւ Սամվել Շահինյանի ելույթներից պարզ էր, որ այս ամենի մեղավորն՝ այն ժամանակ էլ, այսօր էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, «այդ ինքնահմայվածը»։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել