Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 09,2000 00:00

ՀԵՏԻՆ ԹՎՈՎ ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Զանազան կեղծանուններով հանդես եկող ռամկավար գործիչների եւ մեր սկզբունքները տրամագծորեն հակադիր են։ Նրանք, ասենք, սկզբունքորեն նախընտրում են անձնական վիրավորանքները՝ հակափաստարկների փոխարեն։ Նաեւ սկզբունք են դարձրել ցանկացած գործող իշխանությանը հաճոյանալը, եւ հետին թվով միայն քննադատելը։ Մինչդեռ հակառակը գործելն ինձ համար մասնագիտական սկզբունք է։ Ե՛վ այս, ե՛ւ մեր այն պնդումները, թե նախկինում ՀՌԱԿ-ի գնահատականները 180 աստիճանով տարբեր էին՝ միայն մեկ ապացույց չէ, որ ունեն։ Պատրաստ ենք որպես հիմնավորում ներկայացնել տասնյակ հրապարակված ապացույցներ 1992-ին ՀՀՇ IV համագումարում ՀՌԱԿ-ի եւ ՀՀՇ-ի «երջանիկ համագործակցության» մասին կուսակցական ղեկավարների պնդումները, ՀՌԱԿ ատենապետի հրապարակային գնահատականները ժամանակի իշխանությունների մասին եւ այլն։ Սակայն առայժմ, խոստացածի պես, շարունակենք մեջբերել հետաքրքրական գնահատականները անտիպ փաստաթղթից՝ Երվանդ Ազատյանի «Տեղեկագիր ՀՌԱԿ-ի գործունէութեան եւ Հայաստանի քաղաքական տագնապին մասին» (ի դեպ, եթե սա «ժամանակին գողացված փաստաթուղթ է», ի՞նչն էր խանգարում ժամանակին գողացողների դեմ դատական հայց հարուցել)։ «Ընդհանուր նկատողութիւններ» բաժնում Երվանդ Ազատյանն անդրադառնում է Դաշնակցությանը եւ մասնավորապես նշում. «Հրայր Մարուխեանի վտարումէն ետք՝ Դաշնակցութիւնը ամբողջ կազմով կը մնայ ու կը գործէ երկրին մէջ, իր մամուլին միջոցաւ կրակ ժայթքելով Լեւոն Տէր Պետրոսեանի դէմ։ – Տիրող ընդհանուր դժգոհութեան մէջ կատարուած վտարումը պարզապէս այրած սրտի մխիթարանքի տպաւորութիւնը կը թողու եւ անպայման հակակրանք չի ստեղծեր Դաշնակցութեան նկատմամբ։ – Զարմանալի, անհասկնալի եւ անընդունելի է ՀՌԱԿ-ի մեր ընկերներուն վերաբերումը այս հարցին կապակցութեամբ։ Յանուն մեր Կեդրոնին կատարած իմ թելադրութիւններս՝ հեռաւորութիւն պահելու Դաշնակցութենէն եւ աւելի մեկուսացնելու այդ կուսակցութիւնը, դժբախտաբար արդիւնքի մը չյանգեցան։ Առաջարկած էի որ իրենց հրապարակելիք յայտարարութեան մէջ պարբերութիւն մը զետեղուի այս իմաստով եւ խնդրած էի աչքէ անցնել այդ յայտարարութիւնը, սակայն, մինչեւ մեկնումս միայն յարգալիր լռութեամբ դիմաւորուեցան իմ թելադրութիւններս։ Միակ բացատրութիւնը զոր ունեցայ այս վերաբերումին մասին այն էր թէ մեր երեսփոխաններն ու դաշնակցական երեսփոխանները ընկերներ եղած են անցեալին եւ անոնց այժմու կուսակցական պատկանելութիւնը առաւելաբար դիպուածի արդիւնք է. հետեւաբար անոնք չեն կրնար Դաշնակցութեան կամ անոր երեսփոխաններուն նկատմամբ վերաբերիլ այնպէս ինչպէս կրնան սփիւռքի մէջ ՌԱԿ-ի անդամները վերաբերիլ»։ Եթե վերհիշենք Գերագույն խորհրդում այդ տարիներին ՀՅԴ եւ ՀՌԱԿ խմբակցություններում նախկին կոմունիստ գործիչների առատությունը՝ արդարացի կթվա պրն Ազատյանի այս դիտարկումը «դիպուածի» վերաբերյալ։ Սակայն շարունակենք մեջբերել. «Դաշնակցութիւնը դրամ կը թափէ, մարդիկ, թերթեր եւ հաստատութիւններ կը գնէ եւ կը ջանայ ընդարձակել իր ազդեցութեան գօտիները։ Մանաւանդ վարկի վերածած է Արցախի մէջ Դաշնակցական ջոկատներու գործունէութիւնը, որ իրականին մէջ կռուող ուժերը կուսակցականացնելու եւ միաձոյլ պայքարը տկարացնելու եսակեդրոն ու քանդիչ գործունէութիւն մըն է։ Այսօր ժամանակաւոր խրամատ մը բացուած է Դաշնակցութեան եւ իշխանութիւններուն միջեւ եւ ՀՌԱԿ-ը պէտք է արագ թափով օգտագործէ առիթը՝ իր քաղաքական ուժը ամրապնդելու»։ Կարելի է այս ամենը համադրել, ասենք, ՀՅԴ ընդհանուր վերջին ժողովում ՀՌԱԿ ատենապետի գնահատականներին՝ Արցախում ՀՅԴ դերի վերաբերյալ, եւ դարձյալ մի հաստատում կստանանք, որ ռամկավարներն ամենասկզբունքայինն ու կայունն են իրենց համոզմունքներում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել