Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 09,2000 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ս/թ հունիսի 5-ին, մոտավորապես ժամը 11-ին, իմ շարժական արհեստանոց մտան երկու անծանոթ անձինք՝ ներկայանալով որպես ՆԳ աշխատակիցներ (առանց փաստաթուղթ ցույց տալու) եւ պահանջեցին ինձ անհապաղ գնալ իրենց հետ ՆԳ քրեական հետախուզության վարչություն, քանի որ ինձ ուզում է տեսնել իրենց պետ Հրաչյա Հարությունյանը: Ներս մտցնելով Հրաչյա Հարությունյանի աշխատասենյակը, պարզվեց, որ «այցելությանս» պատճառը իմ կողմից 15 օրինակով հրատարակած «Դիտորդի վարկածը» գրքույկն էր: Գրքույկում փորձել եմ իմ տեսակետները հայտնել 1999 թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի վերաբերյալ: Գրքույկում տվյալներ կան նաեւ այն մասին, թե ինչու այժմյան ՆԳՆ քրեական վարչության պետ Հարությունյանը 1994 թվականին հեռացվել է ԱԱ վարչությունից: Պարոն Հարությունյանին հետաքրքրում էր, թե որտեղից եմ ես ստացել այդ տվյալները: Խոսակցությունները, եթե այն կարելի է այդպես անվանել, ուղեկցվում էին հայհոյանքներով, սպառնալիքներով եւ դաժան ծեծով (մարմնիս տարբեր մասերում բռնության հետքերը առկա են): Ինձ սպառնում էին մեղադրանք առաջադրել ոչ թե տպագրածս գրքույկի համար, այլ թմրանյութերի օգտագործման կամ բռնաբարության մեջ: Չգիտեմ ինչով կավարտվի այս ամենը (խոսքը բռնությանն է վերաբերում), եթե ես մինչեւ ՆԳ վարչություն «բերման» ենթարկվելս այդ մասին հասցրած չլինեի «Առավոտ» թերթի խմբագրությանը: Եվ միայն «Առավոտի» խմբագրության հեռախոսազանգից հետո, երեկոյան ժամը 9-ի մոտակայքում, վերցնելով բացատրություն եւ ստորագրություն իրենց կանչի դեպքում անհապաղ ներկայանալու համար, ինձ ազատ արձակեցին: Շուրջ 9 ժամ ինձ անօրինական կերպով ազատությունից զրկելու ընթացքում, խուզարկություն է կատարվել իմ բնակարանում եւ առգրավել են գրքույկին վերաբերող համակարգչային դիսկետները (իսկ գրքույկի օրինակները վերցրել են ինձանից): Վերջին օրերին ես անընդհատ ենթարկվում եմ հետապնդումների եւ սպառնալիքների, որի հետեւանքով կորել է անդորրը մեր ընտանիքում: ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՀԱՅՏՆԻ ԿԵՆԴԱՆՈՒ ԱԿԱՆՋՈՒՄ ՔՆԱԾ «Վերջերս Ազգային հեռուստատեսությամբ «Համայնքների միության» մասին հաղորդման մեջ հնչեց մի միտք, ըստ որի՝ Հայաստանը հաջողություն է ունեցել Եվրախորհրդում եւ Հայաստանին շնորհվել է Եվրախորհրդի տեղական ինքնակառավարման կոնգրեսում հատուկ հրավիրյալի կարգավիճակ։ Իրականում Հայաստանն այդ կարգավիճակը ստացել է 1997-ին եւ ես՝ լինելով Աբովյանի քաղաքապետ, 1997-1998 թթ. մասնակցել եմ կոնգրեսի աշխատանքներին՝ որպես Հայաստանի պատվիրակության անդամ հատուկ հրավիրյալի կարգավիճակով»։ Այս մասին «Առավոտին» հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը։ ԹՇՆԱՄՈՒ ԲԵՐԱՆՈՎ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը երկրապահների դեմ ելույթ ունեցողների մասին ասաց՝ «թշնամիների բերանով են խոսում եւ արտաքին թելադրանքով»։ Որպես օրինակ բերեց Ռուբեն Միրզախանյանի հեռուստաելույթը. «Մոռանալով այս բոլոր խարդավանքները, քաղաքական դաշտի գզվռտոցը, մոռանալով, որ այս երկրում կատարվում են գլխավոր դատախազի, պաշտպանության եւ ՆԳ փոխնախարարների սպանություններ, օրը ցերեկով ԱԺ դահլիճում գնդակահարվում են մարդիկ՝ այս ամենը չի համարում պատճառը, որ մեր երկրում ներդրումներ չեն կատարվում, սրանց մասին չի խոսում եւ բոլոր դժբախտությունների պատճառը ներկայացնում է «Երկրապահը»։ Չի՛ կարելի, ամեն ինչից զատ՝ պետք է բարոյականություն ունենալ»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել