Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 09,2000 00:00

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱ 2030 թվականի հունիսի 10-ին Համայն Հայության Կարմիր Արեւ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով անցկացվեց համաժողովրդական հանրաքվե՝ նախագահի լիազորությունները եւս 10 տարով երկարաձգելու մասին: Սիրելի Առաջնորդ Սերժ Սարգսյանը հրապարակեց հանրաքվեի արդյունքները, ըստ որի Հայաստանի 10 հազարանոց բնակչությունը միաձայն «այո» ասաց Բոլոր Հայերի Հոր իմաստուն ղեկավարությունը շարունակելուն: «Ես տեսնում էի, թե ինչպես էր հասարակ ժողովուրդը հրճվանքից լաց լինում քվեարկության ժամանակ,- «Հայլուրի» թղթակցին ասաց Գաղափարախոսության գծով Գլխավոր Քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը,- նրանք երախտագիտության խոսքեր էին շշնջում Կարմիր Արեւի եւ Սիրելի Առաջնորդի հասցեին»: Ի դեպ, նա հայտնեց նաեւ, որ Հայաստանի քաղաքագետների միությունը տպագրության է պատրաստում Բոլոր Ժամանակների Հանճարի ասացվածքների եւ թեւավոր խոսքերի ժողովածուի 644-րդ հրատարակությունը՝ «Կլիզմա» վերտառությամբ: Համաժողովրդական հանրաքվեում փայլուն հաղթանակի առթիվ Ազգի Գլխավոր Տղամարդուն շնորհավորական հեռագիր է հղել Զանգեզուրի նահանգապետ Թարխուն Բայրամ-զադեն: Նույն օրը Լեւոն Թոքմաջյանի քանդակներով զարդարված նախագահական բունկերում Կարմիր Արեւը ընդունեց Ամենայն Հայոց Զորավար, գեներալիսիմուս Մանվելին եւ հանձնեց նրան Օքսֆորդի համալսարանի պատվավոր պրոֆեսորի դիպլոմը: Համաժողովրդական տոնին անմասն չմնաց նաեւ Գլենդելում բնակվող սփյուռքահայ բանաստեղծ Ռուբեն Գեւորգյանը, որը ամերիկյան գրականագիտական շրջանակներում հայտնի է Flower Roubo գրական կեղծանունով: Մեջ բերենք մի հատված Կարմիր Արեւին նվիրած նրա պոեմից. Ճաճանչափայլ Արեւ ես Դու Սուրբ Մասիսի փեշին թիկնած, Մեր վեհ ազգի ցավը տարած, Դուխով հզոր Տղա ես Դու: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել