Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 09,2000 00:00

«ԵՍ ԱՄՈՒՐԻ ԵՄ, ԲԱՅՑ ԱՅՍ ՏԱԿԱՌԻԿՆ ԻՄՆ Է» Ազգիս չինովնիկները այսօրվանից կարող են գլուխները անհանգիստ դնել բարձին։ Կառավարությունը նրանց եկամուտների հայտարարագրման մասին օրենքի նախագիծ ընդունեց եւ շատ շուտով կուղարկի ԱԺ-ի դատին։ Պետական պաշտոնյաները ստիպված կլինեն ինչ-որ բան, այնուամենայնիվ, հայտարարագրել։ Ստվերային եկամուտների ու ստվերային ծախսերի ուղղությամբ, հավանաբար, նոր գիտաֆանտաստիկ մեթոդներ ու ձեւեր կկիրառվեն։ Կառավարության երեկվա նիստը լսեց նաեւ «Պետական պաշտոնյայի մասին» օրենքի նախագիծը։ Հիրավի, կարեւոր օրենքներ են, որոնք ցանկացած նորմալ պետության համար խիստ կարեւոր են, բայց մերը մի քիչ ուրիշ է նաեւ այս պարագայում։ Թեպետ նիստի ժամանակ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանը ջերմեռանդորեն համոզում էր գործընկերներին՝ տո, ինչի՞ց եք վախենում, կասենք, թե ով ինչ ունի, էլ ավել-պակաս չեն խոսի: Բայց համոզված ենք, որ բոլորի սիրտն անհանգիստ էր. տո, էդքանը հայտարարագրել կլինի՞, էս զոքանչներին էլ շատ չես վստահի։ Ինչեւէ, օրենքի նախագիծն ընդունվեց։ Այդ մասին փոքրիկ պարզաբանում տվեց պետեկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանը։ Հիշեցնեմ, որ օրենքի նախագիծը նախորդ նիստում լսվել էր եւ ուղարկվել լրամշակման։ Երեկվա նիստում, չնայած որոշ վիճահարույց հարցերի առկայությանը, օրենքի նախագիծը հաստատվեց։ Իսկ վիճահարույց հարցերը կապված էին եկամուտների ու ծախսերի տեսակների հայտարարագրման համակարգի հետ։ Մասնավորապես, պետք էր ճշտել՝ պետական պաշտոնյան ծախսերը ի՞նչ համակարգով պետք է հայտարարագրի, պե՞տք է նշվի ինչ-որ սահման, թե՞ բոլոր ծախսերը պարտադիր պետք է հայտարարագրվեն։ Ընդհանուր խնդիրն այն է, որ պաշտոնյաների եկամուտների եւ ծախսերի հայտարարագրման հնարավորությունը ստանալով, պետությունը կկարողանա բոլոր քաղաքացիների եկամուտներն ու ծախսերը հայտարարագրված ունենալ։ Կառավարությունն արտահերթ նիստում լսեց իր իսկ ծրագիրը։ Արվեցին վերջին շտկումները եւ երեկ, ժամը 15-ի դրությամբ ծրագիրն ուղարկվեց ԱԺ։ Ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը, պատասխանելով մեր հարցերին, ասաց, որ սա Վազգեն եւ Արամ Սարգսյանների եւ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունների միասնական ծրագիրն է։ Նախորդ ծրագրերի հենքի վրա ստեղծված ծրագիր է։ Պարոն Բարխուդարյանից փորձեցինք իմանալ. ճի՞շտ է արդյոք, որ բյուջետային վճարումներն անորոշ ժամանակով սառեցված են. «Դա հերյուրանք է, դա սուտ է, կառավարությունն այդպիսի բան չէր կարող ասել։ Կառավարությունը առաջիկա ամիսների ընթացքում կվճարի բոլոր պարտքերը՝ ե՛ւ աշխատավարձի, ե՛ւ կենսաթոշակների, ե՛ւ նպաստների»։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Մանուկյանը խիստ լավատես է, նա հավատում է, որ «Անդրանիկ Մարգարյանն ուզում է գործ անել»։ Պարոն Մանուկյանը կառավարության ծրագրի մասին խոսելիս ասաց, թե թղթի վրա շատ սիրուն բաներ կարելի է գրել, բայց դա չէ կարեւորը, կարեւորը դրանք կյանքի կոչելն է։ Անդրանիկներից՝ Մանուկյանի կարծիքով Մարգարյանը մտադիր է ծրագիրը կյանքի կոչել։ Ժամանակին նախագահ Քոչարյանը հոկտեմբերի 27-ը որակեց որպես պետական հեղաշրջման փորձ։ Այսօր, բոլորիս աչքի առաջ հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը տարօրինակ ռեւերանսներ կատարելով, շրջվում է բոլորովին այլ ուղղությամբ։ Ժողովուրդը նույնիսկ կատակում է՝ «Շուտով բոլոր կալանվածներին բաց են թողնելու, զինդատախազին բռնեն»։ Նախագահ Քոչարյանին երեկ ուղղեցինք հետեւյալ հարցը. «Պարոն նախագահ, հոկտեմբերի 27-ի գործը հետաքրքիր շրջադարձ ունեցավ։ Ձեր կարծիքն այս մասին»։ Նախագահ Քոչարյանը մեր հարցին այսպես պատասխանեց. «Կան դատախազներ, ե՛ւ զինվորական, ե՛ւ գլխավոր դատախազ, ես քննիչ չեմ, ես դատախազ չեմ եւ քրեական գործը ես չեմ թերթում ինքս։ Կարծում եմ, որ մեկ ամսվա ընթացքում (իրենք զեկուցել են ինձ այդ մասին) գործը կուղարկվի դատարան, դատարանը բաց է եւ բոլորդ հնարավորություն եք ունենալու անմիջապես հետեւել այդ պրոցեսին»։ Հիշեցնեմ՝ նախագահ Քոչարյանը, կարեւորելով պետական պաշտոնյայի եւ եկամուտների հայտարարագրման մասին օրենքների նախագիծը, ինքն անձամբ էր վարում կառավարության երեկվա նիստը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել