Ա. Բազեյանին անհրաժեշտ է սեփական թիմ ձեւավորել 99-ի ընտրություններից եւ «Միասնություն» դաշինքի առաջնորդներից մեկի՝ Վազգեն Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո, քաղաքապետի պաշտոնը զբաղեցրեց Ալբերտ Բազեյանը։ Նրա նշանակումը միանշանակ չընկալվեց, որովհետեւ ոմանք գնահատելով Ա.Բազեյանի պարկեշտությունն ու սկզբունքայնությունը, միաժամանակ կասկածում էին, թե նա գործադիր մարմնում աշխատանքի փորձ չունենալով հանդերձ կկարողանա պետական ողջ համակարգում առկա համատարած կոռուպցիայի եւ կաշառակերության պայմաններում որեւէ բան փոխել մեկ առանձին օղակում։ Ա.Բազեյանին վստահում եւ հավատում էր, թերեւս, միայն Վ.Սարգսյանը։ Նա Ա.Բազեյանի առաքելությունը տեսնում էր քաղաքապետարանում տաքուկ տեղեր գտած հին եւ նոր նոմենկլատուրայի հավակնությունները զսպելու եւ օրինականություն հաստատելու եւ կոռուպցիան այս օղակում արմատախիլ անելու մեջ։ Սակայն տպավորություն է ստեղծվել, թե շուրջ 10 ամիսների ընթացքում քաղաքապետարանի գործունեության ոճն ու մեթոդներն ամենեւին էլ չեն փոխվել, եւ Ա.Բազեյանի գործունեության արդյունքներն այնքան էլ նկատելի չեն։ «Նկատելի չեն մի քանի պատճառներով, որոնք ե՛ւ օբյեկտիվ են, ե՛ւ սուբյեկտիվ»,- ի պատասխան մեր հարցադրմանն՝ ասաց Ա.Բազեյանի խորհրդական Սուրեն Սուրենյանցը։ Իբրեւ օբյեկտիվ պատճառ նա նշեց երկրի ընդհանուր ֆինանսա-տնտեսական ճգնաժամը։ Սուբյեկտիվ պատճառներից մեկը համարեց կառավարման համակարգի անկատարությունը։ «ՀՀ օրենսդրությամբ Երեւան քաղաքը որպես միասնական համակարգ չի դիտարկվում, չունի սեփական բյուջե։ Քաղաքապետը լինելով տարածքային քաղաքականության կրողը, օժտված չէ լիազորությունների այն ծավալով, որ կարողանա վերահսկել թաղապետերի գործունեությունը։ Որեւէ թաղապետից դժգոհելու դեպքում առավելագույնն՝ ինչ կարող է անել քաղաքապետը, թաղապետի վստահության հարցը կառավարությունում բարձրացնելն է»,- նշեց Ս. Սուրենյանցը։ Օրենսդրական այս բացը կարող է լրացվել միայն օրենսդրական փոփոխությունների ու սահմանադրական բարեփոխումների միջոցով։ Իբրեւ սուբյեկտիվ պատճառ, խորհրդականը նշեց նաեւ Ա.Բազեյանի՝ որպես ժառանգություն, ստացած հին եւ նոր նոմենկլատուրային բազան։ «Ցավոք, ամբողջ Հայաստանում պետական համակարգում գործում է բարոյապես մաշված նոմենկլատուրային համակարգ, որը բնականաբար արգելակում է բարեփոխման որեւէ փորձ»,- ասաց Ս. Սուրենյանցը՝ խոստովանելով, որ քաղաքապետարանում էլ այսօրինակ չինովնիկները քիչ չեն։ Ինչո՞ւ այդ դեպքում քաղաքապետը չի շտապում ազատվել այդ չինովնիկներից։ Ս. Սուրենյանցն ասաց. «Ա.Բազեյանը հակված է այսօրինակ փոփոխությունները հնարավորինս անցնցում իրականացնել։ Այսուհանդերձ, անցած ամիսների ընթացքում, քաղաքապետը զբաղեցրած պաշտոններից ազատել է այն մարդկանց, որոնց նկատմամբ ոչ միայն հանրային կարծիքն էր անբարենպաստ եղել, այլեւ նրանց վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր էին ստացվել»։ Ս. Սուրենյանցը նշեց մասնավորապես ճարտարապետական, կոմունալ, կադաստրի վարչությունների պետերի պաշտոնանկությունը։ Խորհրդականի պնդմամբ, Ա. Բազեյանին հաջողվել է վերահսկել քաղաքապետարանում տեղի ունեցող շարժը եւ փորձել է փակել «ձախ» եկամուտների բոլոր հնարավոր աղբյուրները։ Անշուշտ, դժգոհողներ կան։ Նրանց դժգոհությունը յուրատեսակ արտահայտություն ունի։ Վերջիններս արգելակում են քաղաքապետարանի բնականոն գործունեությունը։ «Որեւէ հարց, որ, թվում է, տեղում կարելի է լուծել, «քնում» է տարբեր վարչություններում ու հարուցում համաքաղաքացիների վրդովմունքն ու զայրույթը, որն, ի վերջո, վերածվում է քաղաքապետից դժգոհության»։ Ս. Սուրենյանցը չափազանց կարեւորում է թիմ ունենալու անհրաժեշտությունը։ «Թիմ, որը համախմբվելու է որոշակի արժեքային համակարգի շուրջ, բայց որը, ցավոք, դեռեւս ձեւավորված չէ»,- նշեց Ս. Սուրենյանցը։ Կան, անշուշտ, այս գաղափարի ընդդիմախոսներ, որոնք ներսում խուլ ընդդիմություն են ձեւավորել ու քաղաքապետարանը բաժանել են «մերոնց» ու «ձերոնց» ճամբարների։ Անշուշտ, խորհրդականի ասածի մեջ ճշմարտություն կա։ Եթե չկա թիմ, ապա չկա կոլեկտիվ պատասխանատվություն, եւ որեւէ բարեփոխում այս դեպքում կյանքի կոչելն անհնար է։ Սա արդյունավետ գործունեության փորձված մեխանիզմ է։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ