ԱՌԱՆՑ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ Մինչ օրս այդպես էլ որեւէ պաշտոնական աղբյուրից, լրատվամիջոցից (ներառյալ՝ ինտերնետը) չկարողացանք ի վերջո իմանալ. Պուտին-Քլինթոն հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է ԼՂՀ խնդիրը։ Երեկ ՀՀ արտգործնախարարից փորձեցինք ճշտել այս հարցի պատասխանը։ – Գիտե՞ք,- պատասխանեց Օսկանյանը,- տետ ա տետ հանդիպման ժամանակ չի քննարկվել, բայց պլենար, ավելի լայն, ընդարձակ նիստի ժամանակ մի փոքր անդրադարձ եղել է։ Մանրամասներին, համենայնդեպս, դեռ տեղյակ չենք։ Թե ե՞րբ եւ ինչպե՞ս է պատրաստվում պրն Օսկանյանը տեղեկանալ քննարկման մանրամասներին, արտգործնախարարը ճշտեց, որ, «երեւի այն ժամանակ, երբ համանախագահողները մեզ հետ կապի մեջ մտնեն կամ գան տարածաշրջան, դրա մասին կխոսենք»։ Բոլոր հիմքերն ունեինք՝ պրն Օսկանյանից ակնկալելու, որ որոշակի ինֆորմացիա կամ ենթադրություն պիտի որ ունենար, թե ինչ կոնտեքստով, ինչ տեսանկյունից էր քննարկվել ԼՂ հարցը։ Սակայն արտգործնախարարը դարձյալ ապագան կապեց համանախագահողների ակնկալվող այցի հետ. «Դժվարանում եմ հիմա ասել, պետք է հանդիպել, խոսել, հետո միայն կարելի է իմանալ, թե կոնկրետ ինչ ուղղությամբ է զարգանալու գործընթացը։ Մենք հիմա հարցի այն փուլում ենք, որ դժվար է միանշանակ ասել՝ ինչ զարգացումներ կլինեն։ Էնպես որ, պետք է անպայման սպասել համանախագահողների այցելությանը կամ գոնե ինչ-որ հանդիպումների»։ Որպեսզի մեր երկրի արտգործնախարարից լիարժեք կամ գոնե մոտավոր ինֆորմացիա փորձենք ստանալ, ճիշտ կլինի, որ նրան տրվելիք հարցերից բացակայեն «Ղարաբաղ», «Հայաստան» բառերը եւ հնարավորինս շատ լինեն «գլոբալիզացիան» եւ «ինտեգրումը»։ ԵԶԻ ՏԱԿ ԴԱՐՁՅԱԼ ՀՈՐԹ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ «Առավոտը» փորձեց պարզել, թե արդյոք HTB-ի «Օրվա հերոսն առանց փողկապի» հաղորդմանը Ռոբերտ Քոչարյանը նույնպես հյուրընկալվելու է նույն սկզբունքներով, ինչ Ադրբեջանի նախագահը, այսինքն՝ որոշակի վարձատրության դիմաց։ «Լրատվամիջոցների հետ ՀՀ նախագահի աշխատակազմի համագործակցության վերաբերյալ «Առավոտի» պատկերացումները խիստ միակողմանի են,- պատասխանեցին մեզ նախագահի աշխատակազմից։- Իսկ այդ հաղորդաշարի հյուրերը ոչ միայն Լուկաշենկոն, Ռուցկոյը եւ Ալիեւն են եղել, ինչպես ընտրովի ներկայացրել էր «Առավոտը», այլ ԱՊՀ երկրների այլ ղեկավարներ ու բազմաթիվ հայտնի գործիչներ»։ Ընթերցողների ներողամտությունն ենք հայցում այս տարիներին Իրինա Զայցեւայի բոլոր հյուրերին անուն առ անուն մի կարճ լուրում չհիշատակելու համար։ «ՊՆ-Ն ՀԱՎԻ ԲՈ՞ՒՆ ԷՐ» Էջմիածնի դատարանում ժամը 11։00-ին նշանակված դատական նիստը սկսվեց ժամը 15.00-ին։ Պատճառը պաշտպան Կրոմվել Գրիգորյանի հերթական բացակայությունն էր, որից երեկ հրաժարվեց նրա պաշտպանյալը՝ Համլետ Ասրյանը։ Մեծ եղավ զարմանքներս, երբ այդ աղմկալի քրգործի դատաքննությանը (Ասողիկ Սրբազանի եւ ՊՆ նախկին աշխատակիցների) չտեսանք գոնե մեկ պաշտպանի։ «Չկա տուժող, կա շինծու ստեղծագործություն»,- իր գրավոր 45 էջից բաղկացած ցուցմունքի «նախաբանն» ընթերցելով ասաց Հ. Ասրյանը։ Վերջինս հերքեց, որ խոշոր չափերի հափշտակություն եւ պաշտոնական կեղծիքներ են կատարվել իր կողմից. «ՊՆ-ն հավի բո՞ւն էր, մտան, տարան»,- հարցնում եւ դիմում էր մեղադրող Ժ. Կոտիկյանին եւ նաեւ՝ «ո՞ր արարքով է որեւէ մեկն իր գույքը վստահել ինձ, ցույց տվեք մի օրինական փաստաթուղթ, ցույց տվեք պետական կազմակերպություն կամ ֆիզիկական անձնավորություն»։ Պետք է նկատել, որ ամբաստանյալը երբեմն դուրս էր գալիս ցուցմունքների «սահմաններից»՝ համեմված վիրավորանքներ ուղղելով զինդատախազությանը։ Սեփ. լր.