Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 08,2000 00:00

ՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ ՎՆԱՍԻ ԵՎ «ՍՏԻՆԳԵՐՆԵՐԻ» ՄԱՍԻՆ Հունիսի 3-ի «Հայոց աշխարհում» «ըՏՐՌր, Ցօ վպ տՐՈՉ» հրապարակման մեջ մատնանշված էին որոշ ուշագրավ տվյալներ, որոնց հիմնավորվածությունը պարզելու համար դիմեցինք գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանին։ Հրապարակման մեջ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին խորհուրդ էր տրված հետաքրքրվել հայրենի ավիացիայով ու մասնավորապես Ռ. Արեւշատյանին եւ Ա. Ղազարյանին ազատ արձակելու հանգամանքներով։ Մեր հարցին ի պատասխան Գուրգեն Ամբարյանը նշեց, որ «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ-ի վերգետնյա սպասարկումների տնօրեն Ռ. Արեւշատյանը ձերբակալվել էր 1999-ի մայիսի 4-ին, մայիսի 7-ին նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Ռ. Արեւշատյանին մեղադրանք էր առաջադրվել Քր. օր.-ի 182 հոդվածի 1-ին մասով (իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելը, եթե դա կատարվել է շահադիտական կամ այլ անձնական շահագրգռվածությունից ելնելով եւ էական վնաս է պատճառել պետական կամ հանրային շահերին)։ Ռ. Արեւշատյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում։ Նաեւ ամբողջությամբ վերականգնել է պատճառված 3,5 մլն դրամի վնասը։ Այդ իսկ պատճառով 1999-ի օգոստոսի 4-ին նրա խափանման միջոցը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Իսկ սեպտեմբերի 30-ին նրա վերաբերյալ քրեական գործի մասը կարճվել է համաներման ակտի հիման վրա։ Ակնհայտ է, որ այս երկու իրադարձություններն էլ տեղի են ունեցել մինչեւ Բորիս Նազարյանին գլխավոր դատախազ նշանակելը։ Մատնանշված երկրորդ անձի՝ նախկինում «Զվարթնոց» ՄՕ ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, իսկ այնուհետեւ՝ տնօրենի պաշտոնակատար Ա. Ղազարյանի վերաբերյալ Գուրգեն Ամբարյանը ներկայացրեց հետեւյալ տեղեկատվությունը. «1995-97 թվականների ընթացքում Ա. Ղազարյանը, չարաշահելով պաշտոնական դիրքը, յուրացնելու միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումար՝ 8 մլն 274,7 հազար դրամի ընդհանուր արժողությամբ գույք։ Կատարել է պաշտոնական կեղծիք։ Ինչպես նաեւ, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնական դիրքն ի չարն է գործադրել, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ շուրջ 40 մլն 566 հազար դրամի վնաս»։ Ա. Ղազարյանը ձերբակալվել է 1999-ի հուլիսի 9-ին, հուլիսի 13-ին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանքը եւ մեղադրանք առաջադրվել Քր. օր.-ի 90 հոդվածի 4-րդ մասով, 182 հոդվածի 2-րդ մասով եւ 187 հոդվածով։ Հետագայում Ա. Ղազարյանն ընդունել է իր կատարած հանցանքը եւ ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասը։ Հաշվի է առնվել նաեւ, որ նա տարիքն առած անձ է եւ գտնվում է վատառողջ վիճակում։ Ուստի 1999-ի սեպտեմբերի 3-ին նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ»։ 2000 թ. փետրվարի 4-ին այս գործն ուղարկվել է դատարան, եւ Ա. Ղազարյանը դատապարտվել է։ Ի դեպ, Գուրգեն Ամբարյանը հարկ համարեց նշել, որ «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների, ինչպես նաեւ «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ-ի առանձին պաշտոնատար անձանց կողմից հափշտակություններ եւ այլ չարաշահումներ կատարելու փաստի առթիվ հարուցված գործով 4 անձանց վերաբերյալ մասերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։ Որպես վնասի փոխհատուցում ընդամենը վերականգնվել է շուրջ 117 մլն 344 հազար դրամ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին առաջարկվել էր նաեւ պարզել, թե ինչպես պատահեց, որ Հրազդանի ՊՇԷԿ-ում ավելի քան 40 մլն դրամի հափշտակության համար ձերբակալվածները երկու ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ են արձակվել։ Պարզվեց, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ընթացքում չարաշահումներ կատարելու փաստի առթիվ հարուցված գործը վերաբերում է Գագիկ Կնյազյանի կողմից 69,1 մլն դրամի ընդհանուր արժողությամբ ապրանքանյութական արժեքների վատնելու միջոցով հափշտակմանը (այս գործը մայիսի 5-ին ուղարկվել է դատարան)։ Սակայն այս գործի նախաքննության ընթացքում պարզվել է մի փաստ, որն էլ թերեւս ակնարկված է հրապարակման մեջ. «Էդիկ Ղարիբյանը, հանդիսանալով «Արսենալ» ԼԸ-ի տնօրեն, իր պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումար՝ մոտ 39 մլն դրամ»։ Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել Էդիկ Ղարիբյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու եւ հետախուզում հայտարարելու մասին։ Նրան հայտնաբերել են 1999-ի օգոստոսի 25-ին, տեղափոխել Հայաստան։ Նախաքննության ընթացքում Էդ. Ղարիբյանը, որպես վնասի վերականգնում, պետբյուջե է մուծել մոտ 18 մլն դրամ եւ պարտավորվել է ազատության մեջ գտնվելու դեպքում ամբողջությամբ վերականգնել այն։ 2000 թ. մարտի 14-ին նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, որից հետո Էդիկ Ղարիբյանը մուծել է ավելի քան 21 մլն դրամի արժողությամբ ապրանքանյութական արժեքներ, այսինքն՝ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Գործի նախաքննությունը շարունակվում է։ Հայաստանից «Ստինգեր» տեսակի հրթիռներ արտահանելու առնչությամբ էլ, որի մասին էլ հիշատակում կար հրապարակման մեջ, գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հայտնեց, որ այդ գործով զբաղվում է զինվորական դատախազությունը։ Այստեղ մեր հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են «Հայոց աշխարհի» պնդումները, որ հերթով ազատ են արձակվում «Ստինգերի» գործով ձերբակալվածները, եւ բաց են թողել նույնիսկ այն անձնավորությանը, որի տան բակում գտել էին այդ հրթիռներն ու այլ զենք ու զինամթերք, պատասխանեցին, թե կալանավորված շուրջ 17 հոգուց (ի դեպ, նրանցից մեկը բրիգադի հրամանատարի տեղակալ է) ազատ է արձակվել միայն Զ. Կոստանյանը, որը մեղադրվում էր իր տանն ապօրինի զենք պահելու մեջ։ Ընդ որում, պարզաբանեցին, թե «ապօրինի զենք» ասելով «Ստինգեր» հրթիռներ նկատի չունեն։ Մեզ ծանոթացրին նաեւ տվյալ անձի խափանման միջոցը երկու անձի երաշխավորությամբ (ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյան եւ Ստեփան Բարսեղյան) փոխելու համար հիմք ծառայած դատաբժշկական փորձաքննության հետեւություններին. «Զ. Կոստանյանը, որը ներկայումս գտնվում է Երեւանի թիվ 1 քննչական մեկուսարանում, տառապում է ուղեղի ցողունի ինֆարկտ՝ կոթունային համախտանիշով եւ կոորդինատոր համակարգերի խանգարումով, հիպերտոնիկ հիվանդությամբ՝ հաճախակի հիպերտոնիկ կրիզներով, անկայուն էքստրասիստոլիկ առիթմիա ունի, քրոնիկական հիպերտոնիկ էնցեֆալոպիա։ Վերոհիշյալ հիվանդությունները պարտադիր կերպով բուժման կարիք ունեն՝ մասնագիտացված անոթանյարդաբանական բաժանմունքում, որի կատարումը հնարավոր չէ կազմակերպել ՆԳՆ համակարգի բուժհիմնարկություններում, հետեւաբար՝ Զ. Կոստանյանի հետագա մնալը մեկուսարանում կարող է վտանգ սպառնալ նրա կյանքին»։ Այժմ նա հիվանդանոցում է։ Եվ հետաքրքիր է, թե ի՞նչ արձագանք կհետեւեր, եթե նման հիվանդություններով տառապող մարդուն շարունակեին պահել մեկուսարանում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել