Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 07,2000 00:00

Գավառական ցլամարտ Արդեն հաղորդվել է Էջմիածնում Հայկոմկուսի եւ ԱԺՄ-ի, ԱԻՄ-ի տեղական ներկայացուցիչների միջեւ եղած ձեռնամարտի մասին։ Մեր ուշադրությունը գրավեց այս առնչությամբ մի հիշատակում՝ նախապես հանրահավաքում ՀԿԿ Էջմիածնի քաղկոմի առաջին քարտուղար Սիրեն Եղիազարյանը հայտարարել էր. «Վազգեն Մանուկյանը պատերազմի հանցագործ է, որին պետք է դատել Հաագայի միջազգային դատարանում»։ Փորձեցինք պարզել, թե այս հայտարարությանն ու իրենց կուսակցական ընկերների կազմակերպած խմբակային ծեծկռտուքի փաստին ինչպես են վերաբերվում Հայկոմկուսի խորհրդարանական խմբակցության անդամները։ ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Ես չգիտեմ, Սիրեն Եղիազարյանը նման բան հայտարարե՞լ է, թե՞ ոչ։ Համենայնդեպս, ամեն հայտարարության հիմնավորվածության պատասխանատուն դրա հեղինակն է։ Սակայն ես հաստատ համոզված եմ, որ Սիրենը վերին աստիճանի բարձր մակարդակի, դրական անձնավորություն է առհասարակ։ Եվ չեմ հավատում, որ այս միջադեպի նախաձեռնողը Սիրենը եղած լինի»։ Խորեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ ծեծկռտուքի դրդապատճառին եւ նշեց, թե տեղեկատվության իր աղբյուրը կոմունիստ չէ, այլ անկուսակցական մի անձնավորություն. «Եղել է անձնական վիրավորանք՝ մեղադրել են, որ նա այլազգի կնոջ հետ է ամուսնացած եղել եւ դրանից է առաջացել այդ վեճը»։ Մանրամասնենք. Էջմիածնի քաղաքային հեռուստաալիքով Ռուսաստան-Բելառուսին Հայաստանի միանալու շուրջ բանավեճի ընթացքում (որին էլ հաջորդել է ձեռնամարտը) մասնակիցներից մեկը մյուսին, իբր ասել է. «Դու ի՞նչ հայ ես, որ քուրդ կին ես առել»։ Խորեն Սարգսյանն այս առիթով անհրաժեշտ համարեց նշել. «Եթե դա ասում է ԱԻՄ-ի ներկայացուցիչը, որի ղեկավարը նախկինում դարձյալ այլազգի կնոջ հետ է ամուսնացած եղել… թող նախ նրան մեղադրի, հետո մեկ ուրիշին»։ Մեր համոզմամբ, այս առիթով ինչ-որ մեկին մեղադրելը թերեւս անհեթեթ է եւ պրն Սարգսյանն էլ համաձայնեց. «Սա մարդկային քայլ չեմ համարում. բանավեճի կուլտուրա է պետք ունենալ։ Եթե մեկը ցանկանում է միության մեջ մտնել, մյուսը չի ցանկանում՝ պիտի ուղղակի հայտնեն իրենց դիրքորոշումը, ժողովուրդն էլ որն ընդունի՝ ընդունի»։ Խորեն Սարգսյանը հայտնեց, որ Հայկոմկուսի ղեկավար մարմինները չեն անդրադարձել այս տհաճ միջադեպին. «Բայց ես կցանկանայի, որ քննարկվեր եւ տեղյակ լինեինք բոլոր հանգամանքներին»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել