Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 07,2000 00:00

ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ «Առավոտի» տրամադրության տակ է մի փաստաթուղթ՝ ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ Երվանդ Ազատյանի 1992-ի հուլիսի 15-ին պատրաստած տեղեկագիրը «ՀՌԱԿ-ի գործունէութեան եւ Հայաստանի քաղաքական տագնապին մասին», որն ուղղված է ՌԱԿ կենտրոնական վարչությանը։ Տեղեկագիրը հետաքրքրական շատ դրվագներ է պարունակում, որոնց կանդրադառնանք առանձին։ Բայց առավել ուշագրավ են փաստաթղթում պարունակվող գնահատականները Հայաստանի իշխանությունների հասցեին, մանավանդ այսօրվա պայմաններում, երբ ՀՌԱԿ-ի առաջնորդը եւ նախկինում զուսպ «Ազգը» ստանձնել են նախկին իշխանավորների դեմ պայքարողի գրեթե առաջամարտիկների դերը։ Նախկինների պաշտոնավարման օրոք գնահատականները 180 աստիճանով տարբեր էին այնքան, որ ռամկավարները հաճախ մեղադրվում էին միշտ իշխանությունների հետ լինելու իրենց ավանդական սկզբունքի համար։ Թերեւս այդ սկզբունքն այժմ էլ է պահպանվում, ուստի ռամկավարներն իրենց չեն դավաճանել։ Այսուհանդերձ, ներկա եւ նախկին գնահատականները համադրելը հետաքրքրական է միշտ։ Եվ այսպես, Երվանդ Ազատյանն այդ տեղեկագրում քննում է ՀՌԱԿ-ի եւ ՌԱԿ-ի քաղաքական զուգահեռ վարքագիծը Հայաստանի 1992-ի կացության մեջ եւ անդրադառնում իշխանությունների հասցեին Դաշինքի քննադատությանը, ջարդուփշուր անելով նրանց դրույթները եւ պաշտպանելով նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունն այնպես, ինչպես ոչ մի ՀՀՇ նրան երբեք չէր պաշտպանել։ Այսպես, արցախյան քաղաքականության առնչությամբ Երվանդ Ազատյանը գրում է. «Հակառակ որ ռազմական գործողութեանց 90 %-ը կը մատակարարուի պետութենէն (հասկնալի պատճառներով առանց ծանուցանելու), այլ խմբաւորումներ, եւ մասնաւորաբար Հ.Յ.Դ.-ն կուսակցականացուցած են պատերազմը՝ շփոթութիւն ստեղծելով կռուող շարքերուն մէջ եւ քաջալերելով թշնամին աւելի համարձակ յարձակումներ գործելու։ (…) Կառավարութիւնը մանաւանդ կը մեղադրուի Հելսինքիի մէջ (Քրիստիան Տէր Ստեփանեանի ձեռամբ) իր ստորագրած փաստաթուղթին համար, ուր կ8217ըսուի թէ Արցախը մաս կը կազմէ Ատրպէյճանի հողային ամբողջականութեան, իսկ նախագահ Տէր Պետրոսեան մեզի դիտել տուաւ թէ իր կառավարութիւնը լրացուցիչ կերպով յաջողած է մտցնել այդ փաստաթուղթին մէջ եւ ընդունիլ տալ Եւրոպական Խորհուրդին հետեւեալ յաւելումը- «որուն բնակչութիւնը կը պահանջէ ազգային ինքնորոշում»։ Բացայայտ է թէ այդ աքթը տրամաբանական շարունակութիւնն է այն հետեւողական քաղաքականութեան որուն յարած է Տէր Պետրոսեանի կառավարութիւնը՝ պնդելով որ Հայաստան հողային պահանջ չունի Ատրպէյճանէն եւ թէ ան թիկունք կը կանգնի Արցախի հայութեան ինքնորոշման իրաւունքին, այն ձեւով ու տարազով որ ընդունելի ըլլայ արցախահայութեան։ (…) Ինչպէս կը տեսնուի՝ մեծ պետութեանց սահմանափակ հետաքրքրութեան պատճառաւ Արցախը կը գտնուի փակուղիի մը առջեւ եւ ընդդիմութիւնը, փոխանակ կարենալ տեսնելու քաղաքական այս անելանելի կացութիւնը՝ պատասխանատուներ կը փնտռէ (եւ կը գտնէ) այս անկարելի կացութեան»։ Երվանդ Ազատյանն անդրադառնում է նաեւ Դաշինքի այն քննադատությանը, թե զորավոր բանակ ձեւավորված չէ. «Ընդդիմութիւնը կը մեղադրէ կառավարութիւնը որ արագ չէ շարժած ազգային բանակ կերտելու։ Սակայն տակաւին ան հանդէս չէ եկած առաջարկով մը թէ ո՞ւրկէ պիտի գոյացուի պիւտճէն այդ հսկայ բանակին, Հայաստանի քայքայուած տնտեսութեան մէջ»։ Հետաքրքրական է նաեւ գնահատականը Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ. «Նախագահը իմաստուն անձնաւորութիւն մըն է եւ այս շփոթեցուցիչ կացութեան մէջ կը շարժի ու կը գործէ բաւական խոհեմութեամբ եւ աչալրջութեամբ։ Ինք գիտակից կը թուի ըլլալ այն իրողութեան որ կարելի չէ մէկ օրէն միւսը յեղաշրջել կացութիւնը»։ Հիշեցնենք, որ 1991-ի նախագահական ընտրություններում ՀՌԱԿ-ը պաշտպանել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։ Այդ ժամանակ ՌԱԿ-ի կառույցներից մեկն անգամ մի օրացույց էր հրատարակել, որտեղ Մասիսների ետեւից արեւի փոխարեն դուրս էր գալիս… Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Տեսնես այժմ ռամկավարները «արեւ, դուրս մի արի՝ ես եմ դուրս գալիս»-ի սկզբունքով Ռոբերտ Քոչարյանին պատկերե՞լ են։ Տեղեկագրում բավական մանրամասն անդրադարձ կա Դաշինքի գործունեությանը։ Նախ մեջբերենք մի ընդհանրական դիտարկում. «Դաշինքը պէտք չէ այնքան զօրանայ որ յաջողի Դաշնակցութեան նպատակներուն ծառայել, երկիրը անկայունութեան առաջնորդել կամ իշխանութիւնը տապալել։ Այդ սկզբունքէն մեկնելով Դաշինքին տկարացման հաշւոյն պետութենէն օգտուիլը քաղաքական առողջ վարքագիծ մը պէտք է ըլլայ։ Պետութիւնը այսօր բարեացակամ է ՀՌԱԿ-ի նկատմամբ եւ տրամադիր է կարգ մը իրաւունքներ եւ առաւելութիւններ շնորհելու։ Այս տրամադրութիւնը կրնայ երկար չտեւել»։ Երվանդ Ազատյանի վկայութեամբ, ՀՌԱԿ-ն Ազգային Դաշինքին մաս էր կազմել մասնավորապես ներսում ծայրահեղական շարժումները զսպելու համար։ Սակայն այդ մասնակցության համար հետեւյալ բացասական հետեւանքներն էր տեսնում. «1) Փրկած է Դաշնակցութիւնը մեկուսացումէ, երբ ՀՌԱԿ-ի եւ Հայաստանի շահերը կը պահանջեն այսօր որ մեկուսանայ այդ կուսակցութիւնը։ 2) Սատարած է իշխանութիւնը ապակայունացնելու գործին, այն աստիճան որ շշուկներ հասած են արտասահման որ Ազգ, Դաշինքը տապալած է իշխանութիւնը։ 3) Դժուար կացութեան մատնած է ՌԱԿ-ը արտասահմանի մէջ, որ հիմնականօրէն կը մնայ Նախագահ Տէր Պետրոսեանի եւ անոր կառավարութեան կողքին»։ Մի մասնավոր խնդիր. այժմ Վիգեն Խաչատրյանի անվան կողքին նախագահամետ պարբերականները միշտ դնում են «ՀՀՇ-ածին» որակումը։ Իսկ Երվանդ Ազատյանն այս տեղեկագրում վկայում է, թե նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վիգեն Խաչատրյանի միջեւ «շատ դառն ու հրապարակային վէճ մը տեղի ունեցած էր»։ Սա էլ ամբողջը չէ. «Վիգէն Խաչատրեան անկասկած ամէնէն փայլուն եւ պատրաստուած միտքերէն մէկն է խորհրդարանին մէջ եւ ան ամէնէն պերճախօս կերպով կը պաշտպանէ Ազգային Դաշինքին տեսակէտներն ու քաղաքականութիւնը խորհրդարանէն ներս թէ մամուլի մէջ։ Իր փայլուն պերճախօսութեան պատճառաւ սարսափը դարձած է Նախագահին եւ ՀՀՇ-ին, հրաւիրելով անոնց զայրոյթը իր վրայ։ Նախագահը անձամբ յարձակում գործեց Վիգէնին վրայ։ Այս վերջինը յաճախ կը գինովնայ իր արձանագրած յաջողութենէն եւ ծայրայեղութեան կը տանի վէճերը. ՀՌԱԿ-ի երեսփոխանները այդ կերպով առիթը կ8217ունենան սիրտ պաղշտկեցնելու, սակայն, միեւնոյն ատեն ՀՌԱԿ-ը սուր կերպով կը հակադրուի Նախագահին եւ կառավարութեան։ Յաւակնոտութեան մեղադրանքը աչք առնելով՝ յորդորեցի Վիգէն Խաչատրեանը- առանձին թէ ժողովներու ընթացքին- թէ պէտք է չափաւորէ իր ելոյթները։ Արդիւնքին վստահ չեմ տակաւին»։ Ամփոփենք՝ այս առիթով, բայց ընդհանրապես նկատելով. հետաքրքիր է, որ ինչպես եւ նախորդ իշխանավորները, այնպես էլ ներկաները չեն հանդուրժում իրենց սկզբունքորեն քննադատողներին, մինչդեռ գունափոխվողներն ու ծռմռվողները նրանց կողքին տեղ ունեն միշտ։ Թերեւս հռետորական է այն հարցի պատասխանը, թե ո՞վ է Ռոբերտ Քոչարյանի համար առավել անընդունելի՝ արդյոք ա՞ջ ուժերը, որոնց վերաբերմունքը նախագահի նկատմամբ միանշանակ է եղել ի սկզբանե, թե՞, ասենք, ՀՀԿ-ն։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել