«Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՊԵՏՔ Է ՏԱ» Ակնարկում է Ալբերտ Բազեյանը Երեկ «Քաղաքական էլիտան լռում է» հոդվածով մենք արդեն անդրադարձել ենք հոկտեմբերի 27-ի գործով տարվող նախաքննության արձանագրած կտրուկ շրջադարձին։ Ու քանի որ քաղաքական լայն շրջանակները չեն շտապում հստակ դիրքորոշում հայտնել սույնի առնչությամբ, ուստի փորձեցինք մեկ-երկու հարցադրումով դիմել Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանին։ Ի վերջո, նա ոչ միայն ԵԿՄ վարչության փոխնախագահն է, այլեւ ՀՀԿ եւ «Միասնություն» դաշինքի էլիտայի շարքին է դասվում։ Պարոն Բազեյանը հակիրճ ու ամփոփ պատասխանեց մեր առաջադրած երեք հարցերին՝ ինչպե՞ս եք գնահատում նախաքննության սենսացիոն շրջադարձն ու Ալեքսան Հարությունյանի մասով գործի կարճումը, կարելի՞ է ենթադրել, որ մինչեւ հիմա տարված նախաքննությունը նպատակաուղղված է եղել, եւ արդյոք այսուհետ այս գործի բացահայտումը կարելի՞ է վստահել զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Ա. Բազեյանն, այս հարցում, ըստ էության, կիսել էր երեկվա մեր հրապարակման մեջ բարձրացված հարցադրումները։ Իհարկե, նա, ինչպես միշտ, ավելի զուսպ էր եւ կտրուկ հայտարարություններ այս առնչությամբ չարեց։ «Բավարար տեղեկատվություն չունեմ, թե հատկապես ինչո՞վ է պայմանավորված կտրուկ շրջադարձը հոկտեմբերի 27-ի ոճրագործության նախաքննության գործընթացում։ Հավանաբար, քաղաքական գնահատականները պետք է հաջորդեն Գ. Ջհանգիրյանի հրապարակային պարզաբանումներին։ Համենայնդեպս, կտրուկ շրջադարձը մտահոգիչ է, որովհետեւ փաստում է՝ կամ նախաքննությունն իրականացնող մարմնի մասնագիտական անկարողությունը, կամ երեկ ու այսօր նախաքննության նկատմամբ տեղ գտած քաղաքական ճնշումների փաստը։ Այս հարցերին է, որ պետք է պատասխանի պարոն Ջհանգիրյանը՝ հանրությանն ու քաղաքական ուժերին իրավիճակը հասկանալի դարձնելու նպատակով։ Համապարփակ տեղեկատվության տիրապետելու դեպքում՝ կներկայացնեմ առավել ամբողջական քաղաքական գնահատական»։ Ասել է թե, քաղաքական ուժերի ու հասարակության հաշիվները՝ 27-ի գործը վարող քննչական խմբի եւ այն գլխավորած զինդատախազ Գ. Ջհանգիրյանի հետ փակված չեն։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ