ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿՅԱՆՔ Ի վերջո, կուսակցությունները ինչի՞ շուրջ են համախմբվում եւ կուսակցության այս կամ այն անդամը հայտարարություն անելիս ի՞նչ շահեր է հետապնդում։ Ժամանակին գրեթե Հմայակ Հովհաննիսյանին արժանի աղմուկ բարձրացավ, երբ ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, թե նախագահը ճիշտ կանի եթե հրաժարական տա։ Այդ ժամանակ ԱԺՄ մյուս անդամները շտապեցին բացատրել, թե իրենց կուսակցության կանոնադրությունը իրավունք տալիս է կուսակցության յուրաքանչյուր անդամի ինքնուրույն արտահայտել սեփական կարծիքը որպես անձնական կարծիք եւ ոչ թե՝ կուսակցության դիրքորոշում։ Հիմա էլ Հմայակ Հովհաննիսյանն է ինքնուրույն կարծիքներ հայտնում, ընդ որում՝ ՀԺԿ դիրքորոշումից խիստ տարբեր։ Հետաքրքիր է, որ այս դեպքում եւս ե՛ւ Հմայակ Հովհաննիսյանը, ե՛ւ նրա գործընկերները փաստում են, թե այն, ինչ ասում է Հմայակ Հովհաննիսյանը, անձամբ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքն է եւ ոչ մի կապ չունի կուսակցության դիրքորոշման հետ։ Թեպետ այս պարագայում մի փոքր տարբերություն կա։ Եթե մյուս կուսակցությունների դեպքում որեւէ հակոտնյա կարծիք արտահայտողի մասին չեն շտապում լուրեր տարածել, թե վերջինիս հեռացնում են տվյալ կուսակցությունից, ապա Հմայակ Հովհաննիսյանի պարագայում նրան կուսակցությունից հեռացնելու մասին լուրերը ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում։ Ի վերջո, ի՞նչ է կատարվել ՀԺԿ վարչության քաղխորհրդի վերջին նիստում։ Իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերն այն մասին, որ քաղխորհրդի օրակարգում եղել է Հմայակ Հովհաննիսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը։ Մեր հարցերին պատասխանում է Գագիկ Ասլանյանը։ Պրն Ասլանյանն ասաց, որ «Առավոտում» հունիսի 5-ին հրապարակված լուրն իրականությանը համապատասխանում է այնքանով, որ իրոք այդ օրը տեղի է ունեցել ՀԺԿ քաղաքական խորհրդի նիստ։ Մնացած մասով չի համապատասխանում իրականությանը։ Գագիկ Ասլանյանը պատմեց, թե ինչ հարցեր են քննարկվել քաղաքական խորհրդի նիստում. «Քննարկվել են կուսակցության կազմակերպական հարցեր։ Քննարկվել են կուսակցական տոմսերի հանձնման, ինչպես նաեւ՝ կուսակցական կարգապահական հարցեր։ Ինչ վերաբերում է Հմայակ Հովհաննիսյանին կուսակցությունից հեռացնելու հարցին, նախ ասեմ, որ, ըստ կանոնադրության, քաղաքական խորհուրդը չէր էլ նայի այդ հարցը, որովհետեւ, անկախ նրանից, կուսակցության անդամը ինչ դիրք է գրավում կուսակցության մեջ, մնալ-չմնալու հարցը նախ քննարկվում է սկզբնական տարածքային կազմակերպությունում եւ անպայման տվյալ անձի ներկայությամբ»։ Իսկ Հմայակ Հովհաննիսյանը չէր մասնակցում քաղխորհրդի նիստին, եւ իր չմասնակցելու մասին նախօրոք տեղյակ էր պահել, ասելով, թե այդ օրը ինքն իր մոտիկ ընկերոջ երեխայի կնունքին է հրավիրված։ Իսկ ընդհանրապես կուսակցության համար կա՞ այդպիսի հարց՝ Հմայակ Հովհաննիսյանի մնալ-չմնալու հարցը։ Պրն Ասլանյանն, այս կապակցությամբ ասաց, որ սա ներկուսակցական հարց է, եւ ավելորդ աղմուկ բարձրացնելը տեղին չէ. «Սա մեր կուսակցության ներքին հարցն է, ինչ-որ կորոշենք, կիմանաք»։ Այս պահին կուսակցությունն առավել կարեւորում է տարածքային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները, ՀԺԿ պատգամավորների օրենսդիր աշխատանքը եւ կուսակցական այլ հարցեր։ Հմայակ Հովհաննիսյանը, պատասխանելով մեր հարցերին, ասաց. «ՀԺԿ-ն երիտասարդ կուսակցություն է, ձեւավորման ընթացքի մեջ է եւ դեռ ճանապարհ ունի անցնելու»։ Իսկ այն, որ պրն Հովհաննիսյանը մի քիչ քիչ է լինում կուսակցությունում, իր բացատրությունն ունի. «Հիմա ես ստեղծագործական աշխատանքով եմ զբաղված, քաղաքագիտական աշխատանքներով եւ խնդրել եմ կուսակցության ղեկավարից մի փոքր ազատ լինել կուսակցական գործերից»։ Պրն Հովհաննիսյանը նույնպես ասաց, թե քաղխորհրդի օրակարգում իր հարցը դրված չի եղել։ «Միասնությունից» ՀԺԿ-ի դուրս գալու մասին իր պնդումը Հմայակ Հովհաննիսյանը կրկնեց, ասելով, որ ինքն, ի տարբերություն կուսակցության, կողմնորոշվել է այդ հարցում։ Գագիկ Ասլանյանն իր հերթին ասաց. «Եթե Հմայակ Հովհաննիսյանը ներկա լիներ քաղաքական խորհրդի նիստին, կիմանար, որ կուսակցությունը ոչ միայն այդ հարցում, այլեւ բոլոր հարցերում վաղուց է կողմնորոշված»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ