ԽՓԵՄ ՀՐԱՉ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հրաչյա Հարությունյանից լրագրող Վահագն Ղուկասյանին բերման ենթարկելու դրդապատճառների մասին «Առավոտի» հետաքրքրվելուց 2 ժամ անց նրան ազատ էին արձակել։ Այժմ մեր հարցին, թե արդյոք այդ միջադեպն առնչվում էր նրա «Դիտորդի վարկածը» գրքույկին, Վահագն Ղուկասյանը պատասխանեց. «Ձեր տեղեկատվությունը ճիշտ է»։ Այլ մեկնաբանություններից հրաժարվեց։ Վահագն Ղուկասյանի ճակատի եւ ձեռքի վրայի հետքերը բավական խոսուն վկայություն էին, թե ինչով է պայմանավորված նրա լռությունը։ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՓՈՒԼ Արտադրական ենթակառուցվածքների նախարար Դավիթ Զադոյանն այս պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո ձեռնամուխ է եղել իր աշխատասենյակի վերանորոգմանը։ Սա բոլոր նախարարների համար ինքնահաստատման ճանապարհի պարտադիր փուլերից մեկն է։ Նշենք միայն, որ մեր մյուս բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սմբատ Այվազյանի եւ Աղվան Հովսեփյանի համար իրենց աշխատասենյակների վերանորոգումը չարագուշակ եղավ եւ վերջիններս հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։ ՄԵԿ ՈՒՐԻՇ ՓԱՅԼԱԿ Մեր թերթի երեկվա համարում տպագրված «Այ, այ, այ, ծեծել են նախարարի» լուրում տեղի է ունեցել փոքրիկ թյուրիմացություն։ Խմբագրություն զանգահարած Փայլակ Հայրապետյանը հավաստիացրեց, որ ինքը որեւէ կապ չունի մեդալների ֆինանսավորման հետ, ուստի եւ կրթության նախարարի հետ կատարված միջադեպի հեղինակն էլ ինքը չէ։ Հնարավոր աղբյուրներից ճշտեցինք, որ իսկապես նման միջադեպ տեղի ունեցել է եւ իսկապես կրթության նախարարի հետ բախվողի անունն էլ Փայլակ է, սակայն այդ Փայլակի ծագման եւ ազգանվան առումով՝ մեր աղբյուրները լռում են։